Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան
ՄշակութայինԿա՞ ավելի մեծ պատասխանատվություն դերասանուհու համար, քան մարմնավորել մի կնոջ, որի հետ դեմ առ դեմ հանդիպումն անխուսափելի է, իսկ կյանքի պատմությունը կապված է Հայաստանի եւ Արցախի հերոս, արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի անվան հետ։ Ինչպե՞ս պետք է խաղալ Մոնթեի կյանքի ընկերուհուն՝ Սեդա Մելքոնյանին, երբ նա հորինված կերպար չէ, երբ նրա ապրած յուրաքանչյուր օրը, նրա լռությունն ու հույզերն իրական պատմության մի մասն են։ Այս հարցերի պատասխանները փորձել ենք գտնել Genetic Production-ի «Մոնթե» ֆիլմում Սեդայի կերպարը մարմնավորած դերասանուհու հետ զրույցում։ Սեդա Մելքոնյանի դերը վստահվել է Հայաստանի թատերական գործիչների միության 2026 թվականի «Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացած ՀՌԻՓՍԻՄԵ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ։

— Ինչպե՞ս ստացվեց, որ քասթինգի ընթացքում կարողացաք գրավել ֆիլմի հեղինակների վստահությունը։ Եվ որքանո՞վ էր բարդ մարմնավորել Սեդայի կերպարը՝ մի կնոջ, որն այսօր էլ կա, ապրում է, եւ որի հետ հնարավոր է անձամբ առերեսվել։
— Իրականում սա առաքելություն է, որը ես ստանձնել եմ։ Հիշում եմ իմ քասթինգը․ դեկտեմբերի 25-ն էր, հաջորդ օրը ծննդյանս օրն էր, առջեւում էլ Ամանորն էր։ Նախորդ գիշեր փորձում էի հոլովակներ գտնել, ուսումնասիրել Սեդային։ Արեւմտահայերեն երբեք չէի խոսել, նույնիսկ ինստիտուտում սովորելու տարիներին չէինք անցել, ուստի՝ ցավոք, այն ինձ համար միանգամայն օտար լեզու էր։
Հոլովակներ նայեցի, բայց Սեդայի երիտասարդ տարիների տեսագրությունները շատ քիչ էին։ Հիմնականում լուսանկարներ կային։ Դիտում էի նաեւ նրա հարցազրույցները։ Այդպես գնացի քասթինգի։ Հետո հասկացա, որ քասթինգից հետո արդեն այնպես էի խոսում, կարծես ինձ ընտրել էին, մինչդեռ չէին ընտրել դեռ։ Ռեժիսոր Սուրեն Սաֆարյանն էլ ասում էր՝ մենք չենք կարող միանգամից պատասխանել, դեռ քասթինգ է ընթանում։ Իսկ ես արդեն մտածում էի, թե երբ սկսենք փորձերը, պետք է արեւմտահայերեն պարապենք, հոլովակներն էլ արդեն գտել եմ։
Իրականում այդ պահին ես ինքս ինձ համար արդեն որոշել էի, որ շատ եմ ուզում մարմնավորել այդ կերպարը։ Եվ հետո հրաշքը տեղի ունեցավ․ ինձ ընտրեցին, ինչի համար անչափ ուրախ եմ։
Գրքեր կարդալով՝ փորձում էի հասկանալ տիկին Սեդայի կերպարը։ Մենք հեռակա կարգով բարեւել էինք միմյանց, բայց երբեւէ չէինք շփվել։ Դա ռեժիսորի որոշումն էր, որը սկզբում այնքան էլ չէի հասկանում․ մտածում էի՝ եթե տիկին Սեդան կա, եւ կարող եմ անձամբ հանդիպել նրան, հարցեր տալ, ինչո՞ւ չանել։
Բայց հետո եղավ մի շատ հուզիչ տեսարան։ Նախորդ օրվանից պատրաստվում էի, որ այդ կադրում պետք է լացեմ։ Սուրենը մոտեցավ ու ասաց. «Գիտե՞ս, տիկին Սեդան չի լացել»։ Եվ ես ստիպված էի զսպել հույզերս։ Կարծում եմ՝ դա շատ ճիշտ որոշում էր, որովհետեւ էկրանին երբեմն շատ ավելի ազդեցիկ է այն, ինչ չես արտահայտում, քան այն, ինչ փորձում ես ցույց տալ։ Երբեմն զսպված հույզն ավելի խոսուն է, քան արցունքը։
Այդ պահին հասկացա, որ ռեժիսորը ճիշտ էր։ Ուրախ եմ, որ վստահեցինք միմյանց։ Ինձ համար նաեւ կարեւոր բացահայտում էր, որ երբեմն պետք է պարզապես վստահել ռեժիսորին եւ ավելորդ հարցեր չտալ՝ ինչու, ինչպես։

— Մոնթեի եւ Սեդայի աշխարհն ուսումնասիրելիս, նրանց կյանքին ու պատմությանը մոտենալիս ի՞նչ փոխվեց Ձեր ներսում։
— Երբ մինչեւ խորությամբ ուսումնասիրելը ծանոթանում ես Մոնթեի կերպարին, առաջին հերթին տեսնում ես հերոսին՝ ռազմական դաշտում, հիմնականում լուսանկարներից։ Բայց որքան ավելի ես ուսումնասիրում, այնքան ավելի շատ բան ես բացահայտում։ Հասկանում ես, որ նա նախեւառաջ հայ է, մարդ, որն իսկապես սիրում է իր հայրենիքը եւ արդար հայ է։ Կարծում եմ՝ մեզ այսօր շատ են պակասում այդպիսի հայերը։ Դրա համար ինքդ էլ ես սկսում քո մեջ փնտրել այդ հատկանիշները, փորձում ես գտնել ու այդպես ապրել։
Իսկ տիկին Սեդան հերոսի կին էր։ Եվ մինչ օրս ինքս ինձ մի հարց եմ տալիս՝ իսկ ես կկարողանա՞յի այդքան արժանապատիվ հերոսի կին լինել։

— Իսկ անձամբ Սեդայի հետ հանդիպումից վախենո՞ւմ եք։ Կա՞ն հարցեր, որոնց պատասխանները կուզենայիք ստանալ հենց իրենից։
— Ոչ թե վախենում եմ, այլ, երեւի, ամենից շատ հենց նրա արձագանքին եմ սպասում։ Հարցերը գուցե հենց այդ արձագանքից հետո ծնվեն կամ ընդհանրապես չծագեն։ Գուցե հանդիպենք, զրուցենք ու հասկանանք՝ խոսելու բան կա՞, թե՞ ոչ։ Բայց նրա հետ շփվելու մեծ ցանկություն, իհարկե, ունեմ, որովհետեւ տիկին Սեդան իսկապես շատ հետաքրքիր կին է։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
