Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին Իմ կյանքը երկու մասի է բաժանվել՝ «Մոնթե» ֆիլմից առաջ ու հետո․ Վլադիմիր Մսրյան Երևանում նոյեմբերի 21-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Ռուսաստանը կոչնչացնի Ուկրաինայի ողջ էներգետիկ ոլորտը՝ դա փաստ է. Ուկրաինական աղբյուր Բրիտանիան բացահայտորեն է բոյկոտում ուկրաինական խախաղության հաստատումը Ֆլորիդայում մահապատժների նոր ռեկորդ սահմանվեց Եվրոպայի ներկայացուցիչները կարող են ընդունել Պուտինի Մոսկվա մեկնելու հրավերը Թրամփը ցանկանում է համաձայնության հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մինչև հունվարի սկիզբը. Financial Times

Իմ կյանքը երկու մասի է բաժանվել՝ «Մոնթե» ֆիլմից առաջ ու հետո․ Վլադիմիր Մսրյան

Մշակութային

«ՇՈԿԻ ՄԵՋ ԷԻ, ՉԷԻ ՀԱՎԱՏՈՒՄ․․․»

Կան պատմության մեջ իրենց պատվավոր տեղը գտած անուններ, որոնց մարմնավորելու համար բավական չէ դերասանական տաղանդը։ Պետք է ունենալ ներուժ, բացառիկ արժանապատվություն եւ այն գիտակցումը, որ կերտում ես ոչ թե պարզապես կինոհերոսի, այլ մի մարդու, որի անունը սերունդների հիշողության մեջ դարձել է ազգային ինքնության, անսասան կամքի ու նվիրումի խորհրդանիշ։

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԸ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի թոռը, այսօր կանգնած է իր ստեղծագործական կյանքի ամենանշանակալի փորձություններից մեկի առջեւ։ Նրան վստահվել է մարմնավորել հայ ժողովրդի ամենասիրված ու պաշտելի հերոսներից մեկին՝ Մոնթեին։ Մի անուն, որի հանդեպ հարգանքը չի սահմանափակվում ժամանակով, իսկ պատասխանատվությունը չի ավարտվում նկարահանման հրապարակում։

Նոյեմբերի 25-ին մեծ էկրան բարձրացող Genetic Production-ի «Մոնթե» գեղարվեստական ֆիլմը հերթական կինոպատմությունը չէ։ Այն փորձ է՝ նորից ու նորովի խոսելու մեր ազգային հիշողության, հերոսների իրական կերպարի եւ այն արժեքների մասին, որոնք երբեք չպետք է մոռացության մատնվեն։ Ֆիլմի հիմքում իրական փաստերն են, իսկ պատմության կարեւորագույն վկան Հայաստանի եւ Արցախի հերոս, արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքի ընկերուհին՝ Սեդա Մելքոնյանը, որի անմիջական պատմություններն ու հիշողությունները դարձել են կինոնկարի հիմքը։ Այս մասին զրուցել ենք հենց Վլադիմիր Մսրյան կրտսերի հետ։

— Անշուշտ, մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուր հայ դերասանի համար մարմնավորել Մոնթեի կերպարը։ Ինչպե՞ս կարողացաք քաստինգին գրավել ֆիլմի հեղինակների սրտերը եւ ի՞նչ զգացիք, երբ հասկացաք, որ հենց Ձեզ է վստահվելու այդ բացառիկ կերպարը։

— Նախ՝ մինչեւ հարցին պատասխանելն ուզում եմ եւս մեկ անգամ իմ կողմից շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար Genetic Production-ին՝ Նոնո Սարգսյանի գլխավորությամբ։ Ես իմ կարծիքն ունեմ այս ամեն ինչի մասին՝ սա ինձ համար ազգային արժանապատվության եւ արժեքների վերականգնման նախաձեռնություն է մշակույթի միջոցով, ինչը շատ կարեւոր է եւ ինչի համար շատ շնորհակալ եմ։ Միշտ ամեն-ամեն ինչով իրենց կողքին եմ, իրենց հետ եմ։ Եվ շնորհակալ եմ, որ իրենք էլ՝ իմ։

Առաջարկը ստացա ու գնացի քաստինգին մասնակցելու։ Հիշում եմ՝ ներկայացումից հետո էր՝ զինվորական համազգեստ գտա թատրոնում, վերցրեցի հետս, գնացի ու մասնակցեցի քաստինգին։ Ասացի՝ ես, ճիշտն ասած, իմ հետ իմ շորը բերել եմ․․․Մեր պրոդյուսերներից Նարեկն է լավ պատմում, ասում է՝ եկել էր, չէինք կարողանում դուրս հանեինք՝ այնքան լավ էր անցնում։

Շոկի մեջ էի առաջարկությունը ստանալուց հետո, չէի հավատում, ուրախությանս չափ չկար, որովհետեւ հայ մարդու, հայ դերասանի համար, պատկերացրեք, ի՞նչ է նման նախ պատասխանատվությունը, հետո՝ բախտը, որը կյանքում, երեւի, մի անգամ է լինում կամ չի լինում ընդհանրապես։

— Մոնթեի կերպարը միայն արտաքին նմանությամբ կամ զինվորական կեցվածքով չէ, որ պետք է համոզիչ դառնա։ Շատ կարևոր են նրա ձայնը, խոսքը, առոգանությունը, արեւմտահայերենը։ Ինչպե՞ս հաջողվեց վերարտադրել նրա խոսելաոճն ու ձայնային առանձնահատկությունները։

— Ռեժիսոր Սուրեն Սաֆարյանի օգնությամբ եւ ուղղորդումներով, նաեւ հոլովակները դիտելով, ինչ վերաբերում է ձայնին։ Ընդ որում՝ ուսումնասիրել եմ ոչ միայն այն, ինչը կա ընդհանրապես համացանցում։ Դերի վրա աշխատանքն, ընդհանրապես, դերասանն ինքը կատարում է, բայց ռեժիսորի հետ միասին, ինչի համար հատկապես շնորհակալ եմ Սուրեն Սաֆարյանին։

Շատ կարեւոր եմ համարում նաեւ նշել այն մարդու անունը, ով իմ եւ շատ այլ դերակատարների արեւմտահայերեն խոսքի վրա աշխատեց՝ Զառա Ներսիսյանը, որը նաեւ իմ դասախոսն է եղել։ Շնորհակալությունս եմ ուզում հայտնել նրան։

— Ի դեպ, շնորհակալություն նաեւ Ձեզ, որ Մոնթեի կերպարը վերադարձեցիք համացանց, այլեւս չեն արգելափակում գոնե Ձեր կերպարով։ Իսկ հետաքրքիր է՝ որպես հերո՞ս, որպես զինվորական-հրամանատա՞ր, թե՞ որպես Սեդայի ամուսին էր ավելի դժվար կերտել Մոնթեի կերպարը։

— Չգիտեմ, ես մի քիչ դժվար եմ առանձնացնում Մոնթե Մելքոնյան հերոսին եւ Մոնթե Մելքոնյան մարդուն։ Ինքը հերոս էր իր մարդ տեսակով, այլ բան է նրա դրսեւորումները՝ Սեդայի կողքին, թե մարտի դաշտում։ Չեմ կարող պատասխանել հարցին, որն էր ավելի դժվար։ Բոլորն էլ, բնականաբար, դժվար էր, բայց որն ավելի, իսկապես, չեմ կարող պատասխանել։

— Իսկ ինչպե՞ս եք հաղթահարել Մոնթեի կերպարից հետո՝ մեր իրականություն վերադառնալու՝ այսպես ասած, «ռեաբիլիտացիոն» փուլը։ Ի՞նչ է փոխել կամ ի՞նչ ազդեցություն է թողել այս ֆիլմը Ձեր կյանքում։

— Այս ֆիլմը ոչ միայն ինձ վրա է ազդեցություն թողել, այլ համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ, երբ դիտի այս ֆիլմը, իր մոտ կյանքը կբաժանվի ֆիլմը դիտելուց առաջ եւ հետո։ Էլ չեմ ասում՝ ապրելը դրա մեջ։ Բնականաբար, ազդեցությունը շատ մեծ է։ Ես կարծում եմ, որ իմ կյանքը երկու մասի է բաժանվել՝ նույնիսկ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներից սկսած եւ մինչեւ այդ։   

Բնականաբար, ուսումնասիրել եմ Մոնթե Մելքոնյանի ամբողջ մտածելակերպը, աշխարհայացքը, հոգեբանությունը։ Ու այդպիսի բացարձակ արժեքների տեր մարդուն այդքան խորապես ուսումնասիրելուց հետո՝ չի կարող գոնե մի քիչ կամ շատ ավելի չազդի այն մարդու հոգեբանության, մտածելակերպի, աշխարհայացքի, հայրենասիրության չափի եւ տեսակի վրա։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ