Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները
ՍպորտՀունական լրատվամիջոցները անդրադարձել են Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի վերջին ելույթներին` բարձր գնահատելով ֆուտբոլիստի խաղն Ազգերի լիգայում, միաժամանակ արձանագրելով, որ «Օլիմպիակոսում» նա դեռ չի կարողանում լիարժեք դրսևորել իր ներուժը։
Նոյեմբերի 19-ին RedInfo-ն հրապարակել է «Տիկնիզյանը Հայաստանի հավաքականում այլ դեմք է ցույց տալիս» վերնագրով հոդված՝ անդրադառնալով Կիպրոսի (1:1) և Լատվիայի (0:0) դեմ հանդիպումներին։ Պարբերականի դիտարկմամբ՝ ազգային թիմում Տիկնիզյանն ավելի ազատ է գործում, մինչդեռ «Օլիմպիակոսում» առկա ճնշումն ազդում է նրա խաղի որակի վրա և հանգեցնում սխալների։ Միևնույն ժամանակ նշվել է եզրային փոխանցումների ոչ բարձր արդյունավետությունը՝ 9-ից 2 ճշգրիտ փոխանցում Կիպրոսի դեմ և 6-ից 0՝ Լատվիայի։
Gazzetta-ի լրագրող Ալեքսիս Վիրվիլիսը «Տիկնիզյանը Պիրեայում պետք է անի այն, ինչ արեց Հայաստանում» վերնագրով վերլուծության մեջ առանձնացրել է ավագի թևկապով անցկացրած երկու ամբողջական խաղերի վիճակագրությունը․
«Կիպրոսի դեմ՝ 93 հպում գնդակին, 46 ճշգրիտ փոխանցում 50-ից, 4 առանցքային փոխանցում։
Լատվիայի դեմ՝ 47 ճշգրիտ փոխանցում 59-ից, 4 հաղթած մենապայքար 5-ից»:
Ըստ պարբերականի՝ Տիկնիզյանն ունի «Օլիմպիակոսին» օգտակար լինելու բոլոր որակները, և այժմ գլխավոր խնդիրն այդ վստահությունն ակումբային խաղեր տեղափոխելն է։
Հունական լրատվամիջոցների գնահատմամբ՝ առաջնայինը ֆուտբոլիստի հարմարվողականության և կայունության հարցն է, իսկ ակումբի հետագա ծրագրերում հստակություն կարող է մտցնել հունվարյան տրանսֆերային պատուհանը։
