Պուշկինի խոսքը ժամանակից դուրս է․ այն այսօր էլ կարող է հուզել, անհանգստացնել եւ ստիպել մտածել․ Անտոնյան
ՄշակութայինԵրեւանի «Շեքսպիր եւ ռուս դասականներ» խորագրով 18-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ներկայացրեց իր նոր՝ «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը՝ Պուշկինի համանուն ստեղծագործությունների հիման վրա։
Այն դասականին նորովի մոտենալու համարձակ փորձ է, որտեղ Մոցարտը, Սալիերին, Դոն Գուանն ու մյուս հերոսները ներկայանում են ոչ այնքան որպես գրական կերպարներ, որքան մարդկային կրքերի, նախանձի, սիրո, մեղքի ու ներքին հակասությունների մարմնավորումներ։ Ներկայացման մեջ խոսքը, դերասանի մարմնի պլաստիկան, շարժումն ու երաժշտությունը միահյուսվում են՝ ստեղծելով յուրօրինակ բեմական լեզու։
Հանդիսատեսին իսկական «վաո՜ւ» ապրում պարգեւած ներկայացման գեղարվեստական մտահղացման, Պուշկինին մերօրյա հայացքով բացահայտելու եւ դերասանի ստեղծագործական հնարավորությունների մասին զրուցել ենք բեմադրիչ ԶԱՌԱ ԱՆՏՈՆՅԱՆԻ հետ։
«ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՆՑ ԿՐԿԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԱՅՍ ՆՅՈՒԹԻՆ»

— Նկատեցինք ներկայացման ավարտին փառատոնի շրջանակում Երեւան ժամանած միջազգային հյուրերի հոտնկայս «բրավոները»։ Որքանո՞վ են Ձեզ համար կարեւոր միջազգային փառատոններին մասնակցությունն ու գնահատականը ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա հանդիսատեսի կողմից։
— Միջազգային փառատոները հրաշալի են. դրանք բացառիկ հնարավորություն են ե՛ւ սեփական ներկայացումներով կիսվելու, ե՛ւ տեսնելու, թե ինչ է կատարվում համաշխարհային թատերական դաշտում։ Ինձ համար թատերական փառատոնն այն ոգեշնչող, եզակի հարթակն է, որը հնարավորություն է տալիս կապի մեջ լինել աշխարհի հետ։

— Ինչո՞ւ ընտրեցիք հենց Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները»։ Ի՞նչը Ձեզ դրդեց այսօր վերադառնալ այս ստեղծագործություններին, եւ ի՞նչ ասելիք ունեն դրանք 21-րդ դարի մարդու համար։
— Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» մեզ համար շատ սիրելի եւ կարեւոր ստեղծագործություն է։ Մոտ տասը տարի առաջ, երբ դասավանդում էի Թատերական ինստիտուտում, ուսանողներիս հետ սկսեցինք աշխատել այս պիեսների վրա՝ դրանք դարձնելով նրանց դիպլոմային աշխատանքների հիմքը։
Այսօր նրանք արդեն կայացած պրոֆեսիոնալ դերասաններ են, եւ նրանց հետ կրկին աշխատելն ինձ համար մեծ ուրախություն ու հաճույք է։ Դեռ այն ժամանակ ուսանողական այդ աշխատանքներում զգացվում էր ստեղծագործական այն ներուժը, որը հետագայում կարող էր վերածվել ամբողջական ներկայացման։
Կարծում եմ՝ հրաշալի է, որ տասը տարի անց մենք կրկին հնարավորություն եւ, ամենակարեւորը, ցանկություն ունենք վերադառնալու այս նյութին։ Մեզ համար այն առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս տարիների ընթացքում մենք բոլորս փոխվել ենք, ձեռք բերել նոր փորձ, եւ այսօր այս ստեղծագործությանը մոտենում ենք արդեն այլ հայացքով։ Կարծում եմ՝ հենց այս նորովի հանդիպումն է, որ ներկայացումը դարձնում է առանձնահատուկ։

— Պուշկինի տեքստերը խիտ են ու բազմաշերտ։ Որքա՞ն ազատություն եք թույլ տվել Ձեզ հեղինակային նյութի մեկնաբանության մեջ։ Կարելի՞ է ասել, որ փորձել եք Պուշկինին ներկայացնել այնպես, կարծես նա խոսում է մեր ժամանակների լեզվով։
— Պուշկինի տեքստերի հետ աշխատելիս ինձ համար շատ կարեւոր էր պահպանել դրանց խորությունն ու բազմաշերտությունը՝ միաժամանակ գտնելով այն կենդանի հնչողությունը, որը կարող է հասանելի եւ զգայական լինել այսօրվա հանդիսատեսին։
Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունեցավ Նունե Վարդանյանի աշխատանքը։ Նա ոչ միայն այս հրաշալի թարգմանության հեղինակն է, այլեւ ինձ համար շատ սիրելի մարդ եւ հրաշալի ուսուցիչ։ Տիկին Նունեն խոսքի բացառիկ մասնագետ է, եւ մենք միասին աշխատել ենք դերասանների հետ՝ փորձելով գտնել տեքստի կենդանի հնչողությունը, դրա ներքին իմաստն ու ենթատեքստերը։
Աշխատել ենք տեքստի ռիթմիկ, երաժշտական եւ իմաստային պարտիտուրայի վրա՝ փնտրելով բառի, մտքի եւ գործողության միասնությունը։
Մենք փորձել եմ գտնել Պուշկինի պոետիկ խոսքի այն կենդանի շերտը, որը ժամանակից դուրս է եւ այսօր էլ նույն ուժով կարող է հուզել, անհանգստացնել եւ ստիպել մտածել։
«ԱՇԽԱՐՀԸ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ՄԵՐԿԱՑԵԼ Է, ԵՎ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՒՍ ՑՆՑՈՂ ՉԷ»

— Ներկայացման նկարագրության մեջ կա մի ուշագրավ միտք՝ «Մարդը հեռանում է, բայց նրա պատմությունը չի ավարտվում»։ Սա փիլիսոփայական փոխաբերությո՞ւն է, հոգեւոր վերածննդի գաղափա՞ր, թե՞ ներկայացման հիմնական դրամատուրգիական բանալին։
— Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունների» ընտրությունը պատահական չէր։ Ինձ միշտ հետաքրքրել է այս ստեղծագործությունների խորությունը եւ մարդկային բնության բացահայտման այն բացառիկ ճշգրտությունը, որով հեղինակը ներկայացնում է մարդուն՝ իր կրքերով, հակասություններով, ցանկություններով ու ներքին պայքարով։ Այս ամենի կենտրոնում մարդն է՝ իր ընտրության եւ դրա հետեւանքների առջեւ։
Մեր ներկայացման մեջ բոլոր «փոքրիկ ողբերգությունները» միավորվում են մարդու վերածննդի գաղափարի շուրջ. մի կերպար, որն անցնում է տարբեր դարաշրջանների ու ժամանակների միջով։ Սա մարդկային կրքերի, մեղքի, ողբերգական ճակատագրի եւ հավերժական ընտրության փիլիսոփայական ուսումնասիրություն է։
Սա պատմություն է մարդկային գոյության անվերջ շրջապտույտի եւ կյանքի առեղծվածում սեփական էության որոնման մասին։

— Ներկայացման մեջ միահյուսվում են դրամատիկական գործողությունը, վիդեոարտ-ինստալյացիան եւ երգչախմբային երաժշտությունը։ Ինչպե՞ս ծնվեց այս բեմական լեզուն։ Ո՞րն է դրա հիմնական արտահայտչամիջոցը՝ դերասանի մարմինը, խոսքը, պատկերը, երաժշտությո՞ւնը, թե՞ դրանց փոխազդեցությունը։
— Կարծում եմ՝ ժամանակակից թատրոնն այսօր իր մեջ ներառել է արվեստի գրեթե բոլոր տեսակներն ու ժանրերը, եւ դա հրաշալի հնարավորություն է։ Արվեստի տարբեր լեզուների սինթեզը կարող է ստեղծել միանգամայն նոր թատերական աշխարհ՝ նոր արտահայտչականությամբ եւ ընկալման հնարավորություններով։
Ինձ համար այս բոլոր արտահայտչամիջոցներից որեւէ մեկը ինքնանպատակ չէ։ Դրանք բոլորը ծառայում են մեկ ընդհանուր գեղարվեստական գաղափարի եւ փոխլրացնում են միմյանց։ Երբեմն դերասանի մարմինն է դառնում հիմնական արտահայտչամիջոցը, երբեմն՝ խոսքը, պատկերը կամ երաժշտությունը։ Բայց ամենակարեւորը դրանց փոխազդեցությունն է։ Այդ սինթեզի մեջ է ծնվում ներկայացման յուրահատուկ ռիթմը, մթնոլորտը եւ պոետիկան։

— Ներկայացման մեջ բավականին համարձակ են օգտագործված դերասանների մերկացված մարմիններն ու ֆիզիկական շփումները։ Այն կոչված է ընդգծելու հերոսների անզուսպ կրքերն ու ներքին հակասությունները, թե՞ նաեւ հանդիսատեսին որոշակիորեն ցնցելու նպատակ ունի։ Որքանո՞վ էր բարդ դերասանների հետ այս տեսարանների վրա աշխատելը։
— Կարծում եմ՝ աշխարհը վաղուց արդեն մերկացել է, եւ մերկությունն այլեւս ցնցող չէ։ Իմ ներկայացումներում մերկությունը երբեք ինքնանպատակ չի եղել. այն արտահայտչամիջոց է՝ լույսի, ձայնի, վիդեոարտի, շարժման կամ խոսքի նման։ Դերասանի հիմնական գործիքը նրա մարմինն է՝ որպես միասնական եւ ազատ ամբողջություն։
Ինչ վերաբերում է դերասանների հետ աշխատանքին, ինչպես արդեն նշեցի, այս ներկայացման դերասաններն իմ նախկին ուսանողներն են։ Մենք միասին բավական երկար ճանապարհ ենք անցել՝ ե՛ւ մասնագիտական, ե՛ւ ստեղծագործական։ Մեր աշխատանքը միշտ հիմնված է եղել սիրո ու հոգատարության վրա, եւ փոխադարձ վստահության վրա: Եվ ես դա շատ եմ կարեւորում եւ գնահատում:
Դերասաններն ինձ համար ներկայացման համահեղինակներն են, արարողները։ Նրանք ոչ թե պարզապես կատարում են առաջադրված խնդիրները, այլ մտածում, որոնում, առաջարկում եւ ստեղծում են։ Մենք միասին էինք փնտրում ներկայացման գեղարվեստական եւ մարդկային ճշմարտությունը:

— Ներկայացումը նվիրված է պատերազմում զոհված դերասան Ադամ Խալաթյանի հիշատակին։ Ինչպե՞ս ծնվեց այս նվիրումը։ Արդյո՞ք այն ի սկզբանե էր նախատեսված, թե՞ ներկայացման ստեղծման ընթացքում ձեռք բերեց առանձնահատուկ նշանակություն։
— Ադամի մասին անցյալով խոսելն ինձ համար շատ դժվար է…
Ադամը մեր կուրսին միացավ երկրորդ կուրսից՝ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո։ Նա ցանկանում էր շարունակել ուսումը, վերադառնալ իր սիրած մասնագիտությանը։
Ադամը շատ շնորհալի դերասան էր։ «The Best of Shakespeare» դիպլոմային ներկայացման մեջ նա ստեղծել էր շատ հետաքրքիր, խորքային, զգայուն եւ նուրբ կերպարներ՝ Գլոստերին եւ Մակբեթին...
Ես նրան հիշում եմ ոչ միայն որպես տաղանդավոր դերասանի, այլեւ որպես մարդու, ում ներկայությունը միշտ առանձնահատուկ էր։ Նրա հումորը, աշխատասիրությունը, ընկերասիրությունը եւ մարդկանց հանդեպ հոգատարությունը նրան դարձնում էին բոլորիս համար շատ հարազատ եւ սիրելի։
2020 թվականին Ադամը կամավոր մեկնեց պատերազմ։ Նա չէր կարող անտարբեր մնալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում էր մեր երկրում: 31 օր նա կռվեց՝ մինչեւ ծանր վիրավորվելը...
«Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը մենք նվիրել ենք Ադամի հիշատակին։ Չեմ կարող ասել, որ այս նվիրումը պարզապես ներկայացման ստեղծման ընթացքում ծնված գաղափար էր։ Ադամը մեր կյանքի եւ մեր ստեղծագործական ճանապարհի մի մասն է։ Նա միշտ մեզ հետ է:
Պուշկինի փոքրիկ ողբերգությունների կողքին, կա նաեւ մի շատ իրական ողբերգություն՝ չապրած կյանքը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
