Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը»
ՄիջազգայինԻհարկե, պատահական չէ, որ այս օրերին ողջ համաշխարհային քաղաքականությունը կենտրոնացած է չինական Շենժենում: Չհաշված ԱԽՏՀ–ի` Ասիա–Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության միջոցառումներից, նաեւ տեղի ունեցան նախ` Պուտին– Ցզինպին երկկողմ հանդիպումը: Ապա` Թրամփ– Ցզինպին, հետո` Պուտին–Թրամփ: Գագաթնակետն էլ, իհարկե, երեք առաջնորդների գագաթաժողովն էր: Ընդ որում, սրանք միայն պաշտոնական հանդիպումներն են, որոնց զուգահեռ նաեւ կուլիսային մի շարք քիչ տեսանելի, բայց միգուցե պաշտոնականից էլ կարեւոր շփումներ կային:
«ՅԱԼԹԱ 45», ԹԵ «ԹԵՀՐԱՆ 43»
Թվարկված հանդիպումներից յուրաքանչյուրը կարող էր տվյալ պահի համաշխարհային քաղաքականության օրակարգ թելադրող լինել: Եվ երբ դրանք միավորվում են նույն գործընթացի համակարգում, ապա, անգամ անկախ վերջնական արդյունքներից, կարելի է ասել, որ Շենժենում այս օրերին պատմություն էր կերտվում:
Բայց ինչ նշանակության եւ հետեւանքներով, սա, իհարկե, հասկանալ է պետք, հաշվի առնելով, որ խոսքը, վերջին հաշվով, գործընթացի մասին է, որը կարող է դրվել (կամ չդրվել, դա եւս արդյունք է) առաջիկա մի քանի տասնամյակներում աշխարհին սպասվող ապագայի հիմքում: Այս իմաստով, Շենժենի գագաթաժողովը 1945թ. փետրվարի` Յալթայի կոնֆերանսի հետ համեմատելը, միգուցե, որոշ տրամաբանություն ուներ: Բայց այդպե՞ս է: Պատմական անալոգիայի տեսանկյունից եւս որոշ նմանություններ կարելի է գտնել: 1945թ. փետրվարին, թեեւ այդ ժամանակների մեծ եռյակը` Ռուսաստանը, ԱՄՆ–ն եւ Բրիտանիան ապագա աշխարհի հիմքերն էին դնում, սակայն դա դեռ վերջնական չէր: Պատերազմը դեռ շարունակվում էր, Վերմախտն ուներ միլիոնավոր զորքեր եւ վերահսկում էր Եվրոպայի հսկայական տարածքները։ Սակայն Լիվադիայի պալատում Ստալինը, Ռուզվելտը եւ Չերչիլն արդեն համաձայնության էին գալիս` հասկանալով, որ պատերազմի ելքն անխուսափելի է, եւ կարելի է մասնակիորեն ուրվագծել ապագա գլոբալ սահմանները եւ աշխարհակարգը: Հիմա էլ ներկա մեծ եռյակը, որտեղ ԽՍՀՄ–ի դերում Ռուսաստանն է, իսկ Բրիտանիային փոխարինելու է եկել Չինաստանը, պայքարում է համաշխարհային գլոբալիզմի դեմ: Սա դեռ մնում է շատ մեծ ուժ, որը, թեեւ նորից պարտվողի դիրքերում է, բայց դատելով մի շարք հակահարվածներից (օրինակ`ԱՄՆ Կոնգրեսի վերջին ընտրությունները), դեռ միանգամայն կենսունակ դիրքերում է, ոչ այն հուսահատ վիճակում, որում Վերմախտն էր 1945թ. փետրվարին: Այս անալոգիան ավելի շուտ Շենժեն 2026–ը համեմատելի է դարձնում Թեհրան 43–ի հետ:
Սրանք ընդամենը պատմական անալոգներ չեն, այլ համեմատություններ, որոնք կարող են ավելի հստակ գնահատել այն իրողությունները, որոնց առաջ հայտնվել է աշխարհը, այդ թվում` մեր երկիրը, որի համար Շենժեն 2026–ի արդյունքները կարող են, առանց չափազանցության, ունենալ իրարից 180 աստիճան տարբերվող հետեւանքներ: Ուրեմն հասկանալ է պետք` ինչ է սպասվում:
ՈՎ Է ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ՂՐԻՄԻ ԿԱՄՈՒՐՋԸ
Այն, որ Շենժեն 2026–ին անմիջապես նախորդեցին Ղրիմի կամրջին ուղղված հարվածները, իհարկե, պատահական չէին, եւ դրան անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Այն ուղղվածությամբ, որ ուկրաինական ուժերը չունեն ինքնուրույն այդ կամրջին եւ հեռահար այլ թիրախների հարվածելու ունակություն: Ամերիկյան, ավելի կոնկրետ` Մասկի կապի համակարգերը, դատելով վերջին իրողություններից, այս անգամ դեր չեն խաղացել. հակառակ դեպքում կստացվի, որ կա՛մ Թրամփն է երկակի խաղերի մեջ Մոսկվայի հետ, կամ Մասկը` Թրամփի: Մնում է վարկածը, որ Բրիտանիան է օգնել: Դա էլ ավելի հավանական դարձավ, երբ Լոնդոնը պաշտոնապես սկսեց խոսել Ղրիմի կամրջի վրա հարձակումներին իր աջակցության մասին: «Մենք աջակցում ենք Ուկրաինային այս գործողություններում»,- հայտարարեց Բրիտանիայի պաշտպանության նախարարը: Ընդ որում, մի փոքր ավելի վաղ Ղրիմի ափերի մոտ նկատվել էր բրիտանական RC-135W Rivet Joint էլեկտրոնային հետախուզական ինքնաթիռ, որին ուղեկցում էին կործանիչները:
Սակայն այս ամենը դեռ բավարար հիմք չէ ասել, որ հենց բրիտանական ռազմական համակարգերն են ուղղորդել Ուկրաինայից արձակված հրթիռները. հիշատակված հետախուզական ինքնաթիռը նման պոտենցիալ չունի, եւ մեծ հարց է, թե Բրիտանիան այլ նման տեխնիկական հնարավորությունների տիրապետո՞ւմ է: Այս տեսանկյունից, շատ ավելի հետաքրքիր է փաստը, որ արհեստական բանականության մշակման ամենաառաջադեմ թիմերից մեկը՝ ամերիկյան OpenAI-ը, ավտոմատ կերպով իր հնարավորությունների օգտագործումը փոխանցեց ՆԱՏՕ-ին։ Ընդ որում, դրանից հետո ուկրաինական հեռահար հարվածների էֆեկտիվության նկատելի աճ է արձանագրվել, եւ Ղրիմի կամրջին հարվածելն էլ որոշակի նոր տրամաբանություն է ստանում:
Բայց եթե ընդունենք, որ ՆԱՏՕ–ի միջոցով եւ ամերիկյան տեխնիկական համակարգերի օգտագործմամբ են հարվածները հասցվել, ապա հարց է առաջանում, թե դրա թույլտվությունը Սպիտակ տնի՞ց է եկել, թե՞ ՆԱՏՕ–ում հրամանատարությունն է «ավելորդ ինքնուրույնություն» ցուցաբերել` Թրամփի «գլխից թռնելով»: Այս հարցի պատասխանը կարող է դառնալ այն, որ Բրյուսելում Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ–ի երկրների պաշտպանության ղեկավարների մակարդակով կազմակերպված հանդիպումն ԱՄՆ–ն սկանդալային տեսքով զրոյացրեց: Այն է` դեռ անգամ հանդիպումը չսկսված, ԱՄՆ ներկայացուցիչը` Պենտագոնի փոխղեկավար Էլբրիջ Քոլբին, իր դաշնակիցների առաջ հայտարարեց, որ Կիեւի կողմից Ռուսաստանի խորքում հարվածները «նման են թնդանոթով ճնճղուկների վրա կրակելուն»` առանց որեւէ ռազմական արժեքի, եւ դրանք միայն պատերազմը արհեստականորեն ձգելու միջոց են: Ապա, անգամ չլսելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի գաղտնի զեկույցը, հայտնեց «անհետաձգելի թռիչքի» մասին եւ դրամատիկ կերպով «շրխկացնելով դուռը»` հեռացավ:
Սա կարող է ակնարկել այն մասին, որ Թրամփն իրոք զայրացած է ՆԱՏՕ–ի միջոցով Ղրիմի կամրջին հարվածելուց: Բայց եթե անգամ այդ տարբերակն է, ապա սա կամ ցույց է տալիս, որ Թրամփը չի կարողանում մինչեւ վերջ վերահսկել իր ռազմական համակարգը, որը կարող է սողանցքներ գտնել` խոցելով սեփական նախագահի քաղաքական ծրագրերը:
ԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱԿԱԳՐՈՀԸ ԷԱՊԵՍ ՉԱԶԴԵՑ
Ամեն դեպքում, դժվար չէ կռահել, որ այդ նոր սրացումները, կրկնենք, նախ` Պուտին–Թրամփ հանդիպումը, ապա նաեւ եռակողմ բանակցությունները ձախողելու փորձերից մեկն են: Այսինքն, գլոբալիստական համակարգը ցույց տվեց, որ ունակ է նման գործողությունների:
Ավելին, եթե առաջնորդվենք, որ Թրամփը լիակատար հսկողություն չունի սեփական բանակի հանդեպ, ապա կա նաեւ այն հարցը, թե ամերիկյան գոնե միջուկային պոտենցիալը լիովին վերահսկո՞ւմ է: Այսինքն, կա՞ հնարավորություն, որ գլոբալիստները շրջանցեն Թրամփին եւ մի «փոքրիկ» միջուկային հարված հասցնեն ասենք Իրանին: Ու սա մերկապարանոց դիտարկում չէ: Այսպես, Շենժենում «պատահաբար» ֆիքսվեցին կադրեր, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն իր հետ «միջուկային ճամպրուկը» տարել Չինաստան: Ավելին, Ռուսաստանի նախագահի համհարզը ցուցադրաբար հաստատեց, որ ինքը կրում է «այն նույն ճամպրուկը»: Միայն թե մեկ հանգամանք չմոռանանք. «միջուկային ճամպրուկն» այն գերբարձր գաղտնիության գործիքն է, որը ոչ մի պարագայում տեսախցիկների առաջ չի հայտնվում: Ավելին, այն կրողը երբեք չի հաստատի, որ դա հենց «այն նույն ճամպրուկն է»: Այսինքն, եթե այս անգամ ճամպրուկը ոչ միայն «պատահաբար» տեսախցիկի առաջ է հայտնվում, այն կրողը դա հաստատում է, ավելին՝ այդ կադրերը նկարվելուց հետո հրապարակվում են, ապա դա մեկ բան կարող է նշանակել` դա միանգամայն կոնկրետ եւ ծայրահեղ անհրաժեշտության մեսիջ է: Թե ում է ուղղված` Թրամփին, ամերիկյան բանակի` նախագահական լիակատար հսկողությունից դուրս մնացած սեգմենտին կամ նրանց իրական տերերին, դեռ հարցի մի կողմ է: Մյուս կողմից, Մոսկվան դրանով ի ցույց դրեց, որ ամեն տարբերակ համարում է հավանական եւ ցանկացած պահի, եթե անգամ նախագահը երկրում չէ, պատրաստ է արձագանքել, ընդ որում` «միջուկային ճամպրուկի» օգտագործմամբ: Մնացածն էլ Թրամփի գործն է. եթե անգամ ունի խոցելի տեղեր, թող խնդիրը լուծի:
Ամեն դեպքում, Ղրիմի կամրջին հարվածել` իր ողջ տրամաբանությամբ հանդերձ, այդպես էլ չդարձավ Պուտինի եւ Թրամփի հանդիպման ձախողման հիմք: Ավելին, ինչպես հաստատեց ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը, այդ հանդիպման ժամանակ կողմերը հիմնականում կենտրոնացան ուկրաինական հակամարտության կարգավորման վրա: Թրամփի համար Պուտինը մնում է «հին ու լավ ընկեր»: Այսինքն, պետք է որ գլոբալիստական հակագրոհը ուկրաինական ներկա գործընթացների վրա էապես չազդի:
