Առողջապահության նախարարության 8003 «սառը գիծը»
ԱռողջապահականՀՀ Առողջապահության նախարարության «թեժ գիծը» վերածվել է «սառը գծի», քանի որ 8003 կարճ համարին կատարված զանգերն այդպես էլ մնում են անպատասխան:
Մարդիկ, ովքեր առողջական հրատապ խնդիրներով, դեղորայքի կամ բժշկական օգնության հասանելիության եւ այլ հարցերով փորձում են կապ հաստատել գերատեսչության հետ, լսում են հնչող երաշժտությունը եւ ստիպված անջատում հեռախոսը՝ այդպես էլ չստանալով իրենց հուզող հարցի պատասխանները:
Ի՞նչ անել, ո՞ր պատին տալ գլուխը, երբ գրեթե ոչ մի կառույց այդպես էլ չի գիտակցում իր գոյության կարեւորությունը: Ե՞րբ է նախարարությունը հասկանալու, որ «Թեժ գիծը» սպասարկման սովորական կենտրոն չէ, այլ կենսական նշանակություն ունեցող կառույց: Թե՞ նախարարության պաշտոնյաներն արդեն հոգնել են քաղաքացիների բողոքներն ու հարցերը լսելուց եւ որոշել են պարզապես չպատասխանել հեռախոսազանգերին:
Եվ վերջապես, այլեւս անիմաստ է ասել՝ զանգերը շատ են, չեն հասցնում պատասխանել, քանի որ օրվա մեջ հնարավոր չէ, որ գոնե 5 րոպե իքս քանակի օպերատորներից մեկը չազատվեր: Գուցե սո՞ւրճն է մեղավոր՝ մարդիկ սուրճ են խմում, հետո ընդմիջում անում եւ այդպես օրն անցկացնում՝ ստանալով նույն զանգահարող քաղաքացու հարկերից աշխատավարձ: Ինչեւէ, դեռ համառորեն զանգահարողներ կան, հուսանք կհաջողեն, իսկ դուք առողջ մնացեք, հակառակ դեպքում անտերության կմատնվեք։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ