Խորհրդարանական ընդդիմությունը պահում է Փաշինյանին. Արթուր Ֆարմանյան
ՆերքաղաքականՀայաստանի Ժողովրդական կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ԱՐԹՈՒՐ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ, «Իրավունք TV»-ի տաղավարում պատասխանելով հարցին, թե ինչպես է վերջինս գնահատում ներկա խորհրդարանական ընդդիմության աշխատանքը, ասաց․
— Դուք շատ ճիշտ նշեցիք։ Ես ի սկզբանե ուզում էի տարանջատել ընդդիմություն եւ խորհրդարանական ընդդիմություն հասկացությունները։ Իմ կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունն այսօր ընդհանրապես որեւէ գործունեություն չի ծավալում։ Ավելին, իմ խորին համոզմամբ, նրանք ինչ-որ տեղ նույնիսկ պահում են Նիկոլ Փաշինյանի աթոռը։
Բացատրեմ՝ ինչու։ Նախ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն առանց թաքցնելու՝ ասում էր, որ ցանկանում է փոխել Սահմանադրությունը։ Հիշո՞ւմ եք նրա հիստերիկ մատ թափ տալը եւ հայտարարությունը, որ եթե չունենան սահմանադրական մեծամասնություն, ապա աղետալի պատերազմ կլինի։ Հիմա, երբ խորհրդարանական ընդդիմությունը բարձրացնում է այդ հարցը, պետք է նշեմ, որ այն պետք էր կանխել դեռեւս ընտրություններից առաջ։
Երկրորդ՝ ընտրությունների օրը Նիկոլ Փաշինյանը, դեռեւս ձայները չհաշված, հայտարարում էր, որ իրենք հաղթել են։ Եվս մեկ հանգամանք. խորհրդարանական ընդդիմության մեջ մտնում է ոչ միայն «Ուժեղ Հայաստան»-ը, այլեւ «Հայաստան» դաշինքը՝ ՀՅԴ-ականների հետ միասին։ Մենք չենք մոռանում, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր՝ եթե լինեն խախտումներ, ապա հեղափոխությունն անխուսափելի է։ Բայց մենք տեսանք խախտումներ։ Ավելին՝ իրենք անգամ ցույց տվեցին այդ ամենը։ Եվ ոչ մի հեղափոխություն չեղավ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ