ACSES․ Պետբյուջեի ծախսերում բացարձակ արժեքով ամենամեծ աճ և անկում ունեցած ծրագրերը | 2027
ACSES-ը վերլուծական կենտրոնը անդրադարձել է 2027-ի պետբյուջեի ծախսերում բացարձակ արժեքով ամենամեծ աճ և անկում ունեցած ծրագրերին․
2026թ-ի բյուջեի ճշտված պլանի համեմատ 2027թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը աճել են 10%-ով կամ 363 մլրդ դրամով։
Ծախսերի աճը պայմանավորված է հիմնականում առողջության համընդհանուր ապահովագրության (+101 մլրդ դրամ), կենսաթոշակային ապահովության (+59 մլրդ դրամ), Կառավարության պահուստային ֆոնդի համալրման (+58 մլրդ դրամ), ՀՀ պաշտպանության ապահովման (+54 մլրդ դրամ), ինչպես նաև ՆԳՆ ոլորտի քաղաքականության մշակման, կառավարման և վերահսկողության (+34 մլրդ դրամ) ծրագրերով։
Բացարձակ արժեքով ծախսերի ամենամեծ անկումը դիտվել է ներդրումների և արտահանման խթանման ծրագրի դեպքում (-12 մլրդ դրամ)։ Դա հիմնականում պայմանավորված է 2026թ-ի երկրորդ կիսամյակում ռուսական սահմանափակումների, ապա ԵՄ արտոնությունների պայմաններում Կառավարության կողմից արտահանման աջակցության միջոցառումներով, որոնք 2027թ-ի պետբյուջեում դեռևս բյուջետավորված չեն։
Երկրորդ խոշոր անկումը վերաբերում է սոցփաթեթի ծրագրին (-10 մլրդ դրամ), ինչը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման պայմաններում սոցփաթեթի ծրագրի դադարեցմամբ։
Ծախսերի բացարձակ արժեքով կրճատված մյուս ծրագրերն են անապահով և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցությունը (-9 մլրդ դրամ), որի անկումը պայմանավորված է անապահովության նոր համակարգի և քաղաքականության ներդրման պայմաններում շահառուների թվի կրճատմամբ։
Շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության (-8 մլրդ դրամ) ծրագրի ծախսերի անկումը պայմանավորված է 2026թ-ին Հայաստանում անկցացված COP-17 համաժողովի ծախսերի մեծությամբ։ Իսկ ոռոգման համակարգի առողջացման ծրագրի ծախսերի անկումը (-8 մլրդ դրամ) մեծապես պայմանավորված է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագրի, այդ թվում՝ Կապսի ջրամբարի շինարարության ձգձգումներով։

