Վրաստանում ավարտել են դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունը
ՄիջազգայինՎրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունն ավարտել է Խադայի կիրճում կամարակապ կամրջի շինարարությունը, որը տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ սահման: Այս մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Կվեշետի-Կոբի ճանապարհի կառուցման շրջանակներում միացվել են Խադայի կիրճում կամարակապ կամրջի երկու հատվածները, ինչպես նաև ավարտվել է 300-մետրանոց կամարի կառուցումը։ Կամրջի ընդհանուր երկարությունը կկազմի 437 մետր, իսկ բարձրությունը կիրճի հատակից՝ 166 մետր։ Վրաստանում այս մասշտաբի կամարակապ կամրջի նմանօրինակ չկա», - նշված է հաղորդագրության մեջ։
Շինարարության հաջորդ փուլում պլանավորվում է հենարանների և սյուների կառուցումը։ Ինչպես նշել են նախարարությունում, կամարակապ կամուրջը Կվեշետի-Կոբի 23-կիլոմետրանոց ճանապարհի բարդ ինժեներական կառույցներից մեկն է։
Բացի նշված կամրջից, Կվեշետի-Կոբի ճանապարհին կկառուցվեն ևս չորս կամուրջ և հինգ թունել: Իշխանությունները պլանավորում են նաև նորոգել գոյություն ունեցող կամուրջներից մեկը։ Ավարտվել են նաև Վրաստանում ամենաերկար 9-կիլոմետրանոց թունելի շինարարական աշխատանքները, որն անցնում է Խաչի լեռնանցքի տակով։
Կվեշետի-Կոբի նոր ճանապարհը Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի և E117 եվրոպական միջազգային երթուղու մի մասն է, հավելել են գերատեսչությունում։ Նախագիծն իրականացվում է Վրաստանի կառավարության, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցությամբ։ Դրա ընդհանուր արժեքը կազմում է 1,2 միլիարդ լարի (463 միլիոն դոլար):

