Ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԱվելի վաղ անդրադարձել էինք, որ Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու ԳԵՐԱՍԻՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, որի կուսակցությունը հաղթահարել էր ընտրական շեմը, սակայն իշխանություն չէր ստացել, հայտարարել է ավագանու մանդատը չվերցնելու մասին։ Նա ընդգծել էր, որ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իր ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի։ Նույն ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը նախկինում էլ հրաժարվել էր պատգամավորական մանդատից եւ նշել, որ այդ փուլում նպատակահարմար չի համարում խորհրդարանական գործունեությունը։ Ինչ խոսք, եթե երիտասարդ քաղաքական գործիչն այս իշխանության հեռացնելու պայքարը գերադասում է մանդատից, իհարկե, միայն ողջունելի է, վատ չէր լինի, որ իր ավագ կուսակիցներն էլ դա գիտակցեին։ Բայց հաշվի առնելով, որ ՀՅԴ-ում կուսակցական որոշումները հարյուրամյակներով վեր է դասվել անձնական տեսակետներից՝ հարց է ծագում, թե ինչու են ամեն անգամ ՀՅԴ-ականները վերցնում մանդատներ, ընդդիմության համար նախատեսված պաշտոններին տեղավորվում, իսկ ընկեր Գերասիմին թողնում պայքարի ֆրոնտը։
Իսկ Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ Վահե Գրիգորյանը գրել է, որ նախորդ տարի դիմել էր Երեւանի քաղաքապետարան` հայտնելով, որ Քըրք Քըրքորյանի (նախկինում՝ Լենինգրադյան) փողոցի նորակառույցները փողոցին կապող միակ ճանապարհը` Մեծարենցը, չունի մայթ՝ այն դեպքում, երբ որեւէ այլ ճանապարհով անհնար է հասնել Քըրք Քըրքորյան։ Քաղաքապետանը պատասխանել էր, որ 2025թ.-ին չի կարող, բայց 2026թ.-ին կկազմակերպի մայթ Մեծարենց փողոցում։ «2026 թվականը մոտենում է ավարտին, բայց ահա որեւէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում, փոխարենը այդ նույն հատվածում նախատեսվում է եւս 5 բարձրահարկ շենք կառուցել», - մանրամասնել է Գրիգորյանը եւ հարց բարձրացրել՝ տեսնես` ո՞վ է մեղավոր, որ մայթ չկա։ Հը՞ն, Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ։ Ի դեպ, ավելի վաղ Վահե Գրիգորյանը սոցցանցում նույն թեմայով նշել էր.«8 քառակուսի մետր ազատ տարածք եմ գտել Երեւանի Կենտրոնում, եւս 7-ը` Քըրք Քըրքորյան փողոցում. հիմա մտածում եմ՝ այդ տարածքները ինչպես թաքցնեմ, քանի դեռ Երեւանի քաղաքապետն ամեն մեկի վրա մի 69 հարկանի շենքի շինթույլտվություն չի տվել»։
Զարմանալի դեպքերի ու դեմքերի պակաս չկա նաեւ աշխարհում։ Մոլդովայի նախագահ ՄԱՅԱ ՍԱՆԴՈՒՆ, երբ ելույթ էր ունենում Եվրամիության ընդլայնման հարցերով համաժողովում ու խոսում էր Մոլդովայի «ԵՄ-ում պայծառ ապագայից», հենց այդ պահին բեմի լույսերը հանկարծակի մարեցին։ «ԵՄ-ում բոլոր երկրները հավասար են, եւ բոլորը հետեւում են կանոններին…», - ասաց Սանդուն ու շուրջբոլորը խավարեց։ Դեպքը, իհարկե, կարելի է համարել պատահականություն, բայց դժվար է չնկատել դրա խորհրդանշականությունը։ Թե՞ սա գերբնական ուժերի յուրօրինակ նախազգուշացումն էր, որ դեպի եվրոպական «պայծառ ապագա» տանող ճանապարհին երբեմն լույսերը կարող են անսպասելիորեն մարել, գազն անջատվել…
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

