Չեն կարող միայն Ավինյանին մեղադրել․ պատասխանատվություն են կրում բոլորը. Աբգարյան
ՆերքաղաքականՕրերս համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանի զուգընկեր Աննա Հակոբյանը խոսում է Երեւան քաղաքի խցանումներից: Անգամ ասում է, որ մարդը կարող է ինֆարկտ ստանալ այս ճանապարհներին։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն անդամ ԻԶԱԲԵԼԼԱ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ:
— Իշխանության ներկայացուցիչների համար միակ ուրախացնողն այն է, որ խցանումը չի հարցնում՝ դու իշխանությո՞ւն ես, թե՞ ընդդիմություն, եւ բոլորը մնում են խցանման մեջ՝ բացառությամբ այն պաշտոնյաների, որոնց համար ոստիկանությունը եւ իրենց պահպանության ծառայությունը ճանապարհ են բացում, ինչպես տիկին Հակոբյանի ամուսնու պարագայում է։ Չգիտեմ՝ իր համար փակում են փողոցները, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, ինչո՞ւ է սա բարձրաձայնվում։ Որովհետեւ թեման հուզում է հասարակությանը, համարվում է մեյնսթրիմ, այսինքն՝ շատ քլիք բերող, շատ դիտվող թեմա։ Վերջին օրերին, այո՛, թոփ թեման Երեւանի խցանումներն են, եւ կարծում եմ՝ նաեւ այդ նպատակով է արտահայտվել։
— Տիկին Աբգարյան, այսինքն՝ կարծում եք, որ Աննա Հակոբյանի անդրադարձը զուտ փիա՞ռ նպատակնե՞ր էր հետապնդում։
—Այո՛, կարծում եմ՝ նախեւառաջ փիառ էր, ինչպես նաեւ դիրքորոշման արտահայտում, որ մենք տեսնում ենք, մենք գիտենք, մենք էլ ենք տառապում։
— Իսկ ի՞նչ եք կարծում՝ սա չի՞ հուշում, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխին «սեւ ամպեր» են սկսում կուտակվել։
— Չեմ կարծում, որովհետեւ իրականում թե՛ շինարարությունը, թե՛ Երեւանի անկանոն կառուցապատումը, թե՛ մարդկանց հոսքի կտրուկ ավելացումը քաղաքում նույնպես խցանման պատճառներից մեկն են։ Մենք դա տեսնում ենք նաեւ հանրային տրանսպորտում. ունենք ուղեւորների զգալի ավելացում։ Մետրոն լինի, թե ավտոբուսը, դա ոչ թե միայն քաղաքապետարանի խնդիրն է, այլ նաեւ պետության, եւ այդտեղ պատասխանատվություն են կրում բոլորը։ Քանի որ Երեւանի շինարարությանը կանաչ լույս է տվել Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ինքը Երեւանում շինարարական բում է ուզում։ Եվ դա դեռ այն ժամանակ, երբ Հայկ Մարությանն էր քաղաքապետը: Այնպես որ, այդ առումով չեն կարող միայն Ավինյանին մեղադրել։ Իրականում շինարարությունն այն ոլորտն է, որը մեծ ազդեցություն է ունենում տնտեսության եւ տնտեսական թվերի վրա։ Կենտրոնական իշխանությունը միշտ ձգտում է դրա հաշվին ցույց տալ տնտեսական աճ, տնտեսական աշխուժություն եւ նման ցուցանիշներ։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

