Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան
ՆերքաղաքականՆոր Սահմանադրության ընդունման կամ սահմանադրական փոփոխությունների հարցը հակադիր դիրքորոշումների առիթ է դարձել իշխանության եւ ընդդիմության միջեւ։ Մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարել են, որ դեմ են իշխանության նախաձեռնած նոր Սահմանադրության ընդունման գործընթացին եւ մերժում են այն։ Նախաձեռնությանը միացել են տասնակից ավելի քաղաքական ուժեր եւ սույն հարցը դրել օրհասական:
Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար եւ համանուն շարժման հիմնադիր անդամ ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ։
—Պարոն Սուքիասյան ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը փոխվել է Սահմանադրության օրակարգո՞վ։ Այսինքն՝ հիմա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը չի՞ դարձել այնքան օրհասական, որքան Սահմանադրության հարցն է։
—Դե, քանի որ գործ ունենք հետընտրական իրավիճակի հետ, մի քանի ամիս առաջ են եղել ընտրությունները, և ընտրությունների արդյունքում սովորաբար քաղաքական որոշակի ստատուս քվո է ֆիքսվում, հետագա գործողությունները շարունակում են բխել այդ իրողություններից։ Բայց քանի որ մեծ թիվ են կազմում քաղաքական բանտարկյալները, և ընդհուպ մինչև բանը հասավ, որ նախօրեին Արսեն Գեորգիյանը մահացավ, այստեղ, իհարկե, օրակարգը որոշակիորեն փոխվում է։ Քաղբանտարկյալների առկայությունը որոշակիորեն թուլացնում է այդ հնարավոր մեխանիզմները։
Բայց դրանից ամենևին էլ ձեր մատնանշած՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հրամայականը չի կորցնում իր արդիականությունը։ Մնում է սպասել, որ այդ համախմբման գործընթացները ձևավորեն այնպիսի օրակարգ և երկրում այնպիսի մթնոլորտ, որ Սահմանադրության այդ աֆյորան մերժելուց և դիմակայելուց զատ՝ առավելագույնս արդիական դառնա նաև Փաշինյանի հեռացումը։
—Դուք խոսեցիք քաղբանտարկյալների մասին։ Հարց է ծագում. երբ ձերբակալեցին Ծառուկյանին, Քոչարյանին, Թեւանյանին, կանաց եւ մի շարք այլ գործիչների, համախմբում չեղավ։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է դա արդար։ Պե՞տք չէ արդյոք դա վաղուց անել, որպեսզի չհասնեինք այսօրվա իրավիճակին։
—Ձեր հարցադրումն արդիական է, մանավանդ որ համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա։ Եվ այո՛, քաղբանտարկյալների թեմայով ընդդիմադիր դաշտի տարբեր խաղացողների օրակարգում շատ ավելի օպերատիվ և պրոակտիվ արձագանք պետք է լիներ։ Արձանագրում ենք, որ ի սկզբանե արձագանքն իներտ է եղել, բայց լավ է ուշ, քան ուշացած։
Հուսանք, որ այս գործընթացները զուգահեռ կընթանան, և թե՛ քաղբանտարկյալների պաշտպանության համատեղ գործողությունները, թե՛ քաղաքական միասնական օրակարգ ձևավորելու գործընթացները կլինեն շատ ավելի համակարգված։
Պիտի ասեմ, որ մենք ինքներս նախաձեռնել ենք «Կոմիտե 26»-ը, որտեղ հավաքվել են նախկին օմբուդսմենը, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, ովքեր առանց խտրականություն դնելու՝ բոլոր քաղբանտարկյալների հարցերով կազմել են զեկույցներ և ուղարկել միջազգային կառույցներին։
Նրանք շարունակում են ինտենսիվ փաստահավաք գործունեություն և մոնիթորինգ։ Այնպես որ, մենք մեզանից հասանելիք համերաշխության և համախմբման քայլերն արել ենք և շարունակելու ենք անել։
—Լավ, ենթադրենք՝ համախմբվում ենք, Սահմանադրությունը մերժվում է։ Ալիեւն արդեն սպառնացել է, որ պատերազմ կանի, կհարձակվի Հայաստանի վրա։ Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում՝ ինչպե՞ս ենք պաշտպանվելու, եթե հարձակվի։
—Ես կարծում եմ, որ այդ կարգի սպառնալիքներն ավելի շատ իշխանության քարոզչության անբաժանելի մասն են։ Եթե մենք առաջնորդվենք այդ մտավախություններով, պիտի անընդհատ Ալիևի բոլոր պահանջները կատարենք, և այդ պարագայում Հայաստանի Հանրապետությունից տակը ոչինչ չի մնա։
Այստեղ խնդիրն է առաջնահերթ կերպով ձևավորել ներքին համերաշխության մթնոլորտ, ունենալ իշխանություններ, որոնք առաջնորդվում են մեր պետական և ազգային շահերով, ոչ թե այլոց սպառնալիքներով։ Միևնույն ժամանակ պետք է վերականգնել այն խաթարված դաշնակցային հարաբերությունները, որոնք միշտ եղել են և շարունակում են մնալ մեր անվտանգային համակարգի բաղկացուցիչ մասը, որոնք, ցավոք, այս իշխանությունների անհեռատես քաղաքականության պատճառով ներկա պահին վտանգված են։
Այնպես որ, դա քայլերի համախումբ պետք է լինի։ Բայց էլի եմ կրկնում՝ նման մարտահրավերներին դիմակայելու առաջնահերթ նախապայմանը ներքին համերաշխության վերականգնումն է և քաղբանտարկյալների ազատ արձակումը։
—Չե՞ք կարծում, որ նման հարցի շուրջ համախմբում պետք է լիներ շատ ավելի վաղ, բայց, այնուհանդերձ, պետք է արդյոք հիմա ժամանակն է հաշվի առնել, թե որ քաղաքական ուժերի հետ ես ուզում համախմբվել, եւ որոնց հետ՝ ոչ։ Չե՞ք կարծում, որ այդ ընտրությունը՝ այս քաղաքական ուժի հետ եմ ուզում համախմբվել, մյուսի հետ՝ ոչ, այս մեկին առաջարկություն անել եւ այլն, այս պահին այնքան էլ իրատեսական եւ արդյունավետ չէ։
—Ես կարծում եմ, որ Ձեր հարցադրման հասցեատերը մենք չենք, և այդ հարցադրումը, եթե արդիականություն ունի, դրա պատասխանը պետք է տան այլոք։ Բայց էլի եմ ասում՝ մեզ համար դա երկրորդական է, տեխնիկական նշանակություն ունի։ Ի վերջո, ինչ-որ մի պահի, երբ կլինի վճռորոշ գործընթաց, կասկած չունեմ, որ բոլոր իրական ընդդիմադիր տրամադրված քաղաքական ուժերը, անկախ նախկին նյուանսներից և նախկինում արված այս կամ այն քայլից, ջանքերը կհամատեղեն և կփորձեն հասնել ցանկալի արդյունքի։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ