Մենք վտանգի տակ ենք, սկսում ենք կորցնել մեր երկիրը. Սերժ Ավետիքյան
ՄշակութայինԵրեւանում նոյեմբերի 7-14-ը անցկացվում է 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը։ «ՌեԱ»-ի այս տարվա գլխավոր հյուրերից է ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ։ Փառատոնի շրջանակում արդեն իսկ ցուցադրվել են նրա երեք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ»-ը, «Մի գեղեցիկ առավոտ»-ը եւ «Շնային պատմություններ»-ը։ Իսկ փառատոնի բացմանը «ՌեԱ»-յի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին նրան հանձնեց հատուկ մրցանակ՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար։ Այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել Ավետիքյանի հետ։
«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ԴԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ»
— Պարոն Ավետիքյան, «ՌեԱ»-ի շրջանակում արժանացաք հատուկ մրցանակի։ Որքանո՞վ էր Ձեզ համար կարեւոր ստանալ մրցանակ հենց որպես անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, այլ ոչ թե որպես դերասան։
— Նախ՝ դա անակնկալ էր, որովհետեւ ինձ չէին ասել։ Իհարկե, իմ անիմացիոն ֆիլմերը, որոնք առայժմ երեքն են, իսկ չորրորդն արդեն ճանապարհին է, կարճամետրաժ են, բայց շատ դաժան ու խորը սյուժեներ ունեն։ Հենց դրա համար էլ դրանք անիմացիոն եմ արել։ Ես անիմատոր չեմ, ռեժիսոր եմ։ Իմ անիմացիոն ֆիլմերը միշտ ստեղծել եմ գեղանկարիչների հետ միասին, այլ ոչ թե ինքս եմ զբաղվել անիմացիայով։
Ինչ վերաբերում է մրցանակին, լավ անակնկալ էր։ Ես շատ մրցանակներ ունեմ, բայց ամեն մի մրցանակ ինչ-որ բան է նշանակում։ Պետք է դրանք ոչ թե մոռանալ, այլ պարզապես դնել մի տեղ, ինչպես թանգարանում, եւ անցնել առաջ։ Ամենակարեւորը՝ գործը շարունակելն է, մի ոճից մյուսին անցնելը։
Բարեբախտաբար, այս անգամ «ՌեԱ»-ին մասնակցում եմ ոչ միայն որպես հյուր, ինչպես ի սկզբանե եղել է, այլեւ իմ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն է կազմակերպվել։ Այն սկսվեց հենց իմ անիմացիոն ֆիլմերով, այնուհետեւ շարունակվեց «Վերադարձ Սոլոզ» ֆիլմով, ապա կցուցադրվի «Նա, ում սպասում էին» եւ «Փարաջանով» ֆիլմերը։ Այնպես որ, կարծում եմ՝ նրանք, ովքեր Երեւանում ցանկություն ունեին բացահայտելու կամ նորից հանդիպելու իմ արած գործերին, այդ հնարավորությունն ունեն, ինչն ինձ համար շատ մեծ պատիվ է։

— Ձեր ֆիլմերում, հատկապես «Շնային պատմություններ»-ը, որը 2010 թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում, կարմիր թելի պես անցնում են պատմական հիշողության վերադարձի կարեւոր թեման։ Այս համատեքստում որքանո՞վ եք համերաշխ հայաստանյան այսօրվա իրողություններին, երբ մենք, կարծես, կաթիլ-կաթիլ հեռանում ենք այդ հիշողությունից։
— Երբ վերստին նայեցի իմ երեք անիմացիոն ֆիլմերը, հասկացա, որ դրանցից յուրաքանչյուրն անուղղակի ձեւով քաղաքական հարցեր է բարձրացնում, թե ինչպես են մեզ հալածում, ինչպես են այնպես անում, որ երկիր չմնա, ինչպես են մեզնից գողանում մեր սուբյեկտիվ էությունը։ Դրանք համամարդկային թեմաներ են։ Կարծես, ես վաղուց եմ զգացել, որ մենք վտանգի տակ ենք։ Ոչ միայն հայերս, բայց հայերս՝ առավել եւս, որովհետեւ սկսում ենք կորցնել մեր երկիրը։ Մեկ առ մեկ մեզ քաղում են մեր հողից ու սպառնում են ջնջել լիովին։
Չգիտեմ, քաղաքական հարցերի մասին ուղղակի խոսելը դժվար է, բայց զգում եմ, որ խնդիր կա։ Դիվանագիտությունը, եթե դեռ գոյություն ունի, հիմա չի աշխատում։ Դրա համար շատ բարդ է հասկանալ, թե որ ճանապարհով պետք է գնալ, որպեսզի դիվանագիտությունը հասնի տեղ։ Առեւտրի հարց է ամեն ինչ դարձել, ինչպես բենզինի գնի դեպքում։ Մեր գլխին փող են աշխատում եւ մեր գլխից հող են գողանում, բայց ժողովուրդը չգիտի՝ ինչպես դիմադրել դրան։
Տեսեք, Ֆրանսիայում հիմա մեծ ցույցեր են տեղի ունենում։ Արդեն երկրորդ ամիսն է։ Երիտասարդները սկսեցին, բանվորները շարունակեցին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այն պարտքը, որն ունի այդ երկիրը, իրենց քաղաքականության պատճառով է, այլ ոչ թե ժողովրդի։ Ժողովուրդն աշխատում է։ Սա է ամբողջ հարցի բարդությունը՝ քաղաքական գործիչները որքանո՞վ են լուրջ վերաբերվում մեզ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ուր ենք գնում։ Դրա համար պետք է շարունակել հարցեր տալ եւ դիմադրել։
«ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»
— Երբ 2020 թվականի պատերազմը սկսվեց, ինչպե՞ս ընկալեցիք ստեղծված իրավիճակը՝ որպես հայ, որպես մտավորական եւ որպես Սփյուռքի ներկայացուցիչ։ Այդ օրերին ի՞նչ զգացողություններ ու պատասխանատվություն ունեիք Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ, եւ ի՞նչն էր Ձեզ մղում գալ Երեւան։
— Երբ 2020 թվականին պատերազմ եղավ, ի՞նչ կարող էի անել։ Եկա Երեւան, բայց զենք վերցնել չէի կարող։ Ես չեմ կարող մարդ սպանել, ինչ հանգամանքներում էլ լինեմ։ Բայց կարող էի խոսել, ինչ-որ բան անել։
Ասացի՝ ուզում եմ, որ այս երկիրը Ֆրանկոֆոնիայի երկիր դառնա։ Ցանկանում եմ երիտասարդներին թատրոնի դասեր տալ, Ֆրանսիայից բեմադրիչներ ու դերասաններ ուղարկել, որպեսզի ֆրանսիացիներն այստեղ աշխատեն, տեսնեն, որ մեր նոր սերունդը խելացի է, տաղանդավոր, եւ իրենց հասակակիցներին հնարավորություն տան նաեւ Ֆրանսիայում փորձ ձեռք բերելու։ Այդ ամենն անում եմ, արդեն վեցերորդ տարին է։ Բայց զգում եմ, որ այս իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում։ Խոսքն անգամ շնորհակալություն հայտնելու մասին չէ. պարզապես ձայն չեն հանում, չեն հարցնում՝ մենք ի՞նչ ենք անում Սփյուռքից, ինչո՞վ ենք զբաղված։
Ես Երեւանում եմ ծնվել, ինձ հետ հարաբերությունները գուցե մի փոքր ավելի բարդ են, բայց ես ոչինչ չեմ խնդրում, չեմ պահանջում։ Պարզապես սպասում եմ մի ժեստի, որ ասեն՝ կարո՞ղ ենք ինչ-որ բանով օգնել, ճի՞շտ եք անում, թե՞ սխալ, ինչո՞վ եք զբաղվում, մինչեւ ո՞ւր եք պատրաստվում շարունակել, ձեր ուժերը հերիքո՞ւմ են։ Սա է ինձ անհանգստացնում։ Մի քիչ չեմ հասկանում այդ վերաբերմունքը։

— Հարցս ձեւակերպեմ Ձեր ֆիլմերի վերնագրերով․ ո՞րն է Ձեր «Հինգերորդ երազանքը» այսօր եւ ո՞րը կհամարեք Ձեր «Առաքելության ավարտը», պարոն Ավետիքյան։
— Գիտեք, իմ տարիքում արդեն երազելը մի քիչ դժվար է։ Ես մոռանում եմ երազներս։ Առավոտյան երբ արթնանում եմ, եթե, իհարկե, ընդհանրապես քնել եմ, երազներս արդեն մոռացած եմ լինում, որովհետեւ հիշողության սկավառակիս մեջ տեղ չի մնացել, պետք է մաքրել (ծիծաղում է, - հեղինակ)։ Բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարող ջնջել ոչինչ։ Կարծում եմ՝ պետք է միշտ հիշել։ Եթե չհիշենք, չենք իմանա՝ որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Ուրեմն՝ պետք է հիշել, բայց դա չպետք է պաթոլոգիկ դառնա։ Պետք է հաղթահարել այդ պաթոլոգիան, անցնել առաջ։ Անցյալը չի կարող հիվանդության վերածվել։ Պետք է այն նորով վերստեղծել ու մատուցել։
Ես կցանկանայի, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի երկիր դառնար, որովհետեւ ֆրանսերենն իմ լեզուն է։ Դա իմ հոր եւ մոր լեզուն է եղել։ Ես ծնվել եմ ներգաղթից հետո։ Կցանկանայի նաեւ, որ Հայաստանը կարողանար պահպանել իր անկախությունը։ Կարծում եմ՝ մենք տաղանդավոր ազգ ենք, բայց ինքներս մեզ չենք հավատում։ Կարծես մեզ թույլ չեն տալիս հավատալ, որ տաղանդավոր ազգ ենք եւ կարող ենք միասին աշխատել, որքան էլ տարաձայնություններ ունենանք։ Ամենադժվարը հենց սա է։
Ցավում եմ, որ հայերն այլեւս Րաֆֆի չեն կարդում, մինչդեռ երկու հարյուր տարի առաջ արդեն ասվել է, որ մենք դավաճանությամբ ենք զբաղված, որովհետեւ առավ-փախավի վրա ենք, մտածում ենք մեր մորթին, մեր ընտանիքը միայն փրկելու մասին։ Բայց դա սխալ է։ Այդ ճանապարհով ոչ մի բանի չենք հասնի։
«ՉԵՄ ԱՍԻ` ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ԵՆՔ, ԲԱՅՑ ԿԱՐԾԵՍ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿԻ ՊԵՍ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»
— Այնուահանդերձ, Դուք 70-ամյա, բայց երիտասարդական ավյունով շարունակում եք աշխատել հայ երիտասարդների հետ, նկատի ունեմ Ձեր դերասանական արվեստանոցները։ Որքանո՞վ է հուսադրող Ձեզ համար այն սերունդը, որը գալիս է։
— Ասեմ, որ ապշած եմ մեր նոր սերնդի տաղանդով, նրանք իսկապես կարողանում են գործին նվիրվել։ Նրանց երբ Ֆրանսիա ենք տանում՝ փորձառություն ձեռք բերելու, իրենց հասակակից ֆրանսիացիներն ապշում են նրանց ֆրանսերենի իմացությունից, բեմի վրա իրենց պահվածքից, շփվելու կարողությունից եւ երեւակայությունից։ Մենք ունենք տաղանդներ, ունենք գրականություն, պոեզիա, կինո։ Չենք կարող ասել, որ չունենք, փաստերը մեր առջեւ են։
Ի դեպ, մի շրջան ես ժամանակ գտա, ինչը շատ հազվադեպ է լինում եւ առաջին ցանկությունս ձաայն դարվայն էր, որ հայերեն պոեզիան ֆրանսերեն թարգմանվեր։ Կարդում էի Սիլվա Կապուտիկյան եւ ասում՝ այս կինը դեռ այն ժամանակ բոլոր կանանց էր պաշտպանում։ Կամ Շիրազ էի կարդում եւ հիանում, թե ինչքան լեցուն է հայրենասիրությամբ։ Ուզում եմ ասել, որ մենք այն ժողովուրդն ենք, որն ունի հնարավորություններ։ Չեմ ասի, թե թափառաշրջիկ ենք, բայց կարծես թափառաշրջիկի պես ենք ապրում։
Փաստն այն է, որ Սփյուռքում ավելի քան ութ միլիոն հայ է ապրում, իսկ Հայաստանում՝ երկուսուկես միլիոն։ Պետք է մտածել՝ դա ի՞նչ է նշանակում։ Ոչ թե պետք է համաժողովներ անել ու միայն խոսքեր ասել, այլ իսկապես գործ անել։ Ինչքան էլ քաղաքական հարցերում համաձայն չլինենք, որովհետեւ ոմանք Ցեղասպանության հարցն են առաջին տեղում դնում, ոմանք՝ ոչ, պետք է բանակցենք միմյանց հետ, փորձենք հասկանալ իրար։ Մի խոսքով, շատ բան կա ասելու։
— Վերադառնանք մշակույթին․ Դուք անձամբ ճանաչել եք Սերգեյ Փարաջանովին, իսկ Արտավազդ Փելեշյանի կինոն ներկայացրել եք Ֆրանսիայում։ Ի՞նչ եք սովորել այդ երկու վարպետներից, եւ նրանցից ո՞րն է ամենից շատ փոխել կինոյի մասին ձեր պատկերացումները։
— Իմ ամենամտերիմ արվեստագետներից են նրանք։ Հենրիկ Մալյանի հետ էլ եմ շատ մտերիմ եղել, Ֆրունզե Դովլաթյանի հետ էլ, բախտ եմ ունեցել նրանց ճանաչել։ Այդ չորս անձնավորություններից շատ բան եմ սովորել։ Նրանք տարբեր են՝ մեկը մի քիչ ավելի դասական է, մյուսը՝ ավելի լուսանցքային, մեկ ուրիշը՝ մի քիչ ավելի փախած՝ դրական իմաստով։ Բայց բոլորից էլ սովորել եմ։
Ես դպրոց չեմ գնացել՝ որպես ռեժիսոր։ Ես դերասան էի։ Ռեժիսուրան սովորել եմ ֆիլմեր նայելով, ռեժիսորների հետ շփվելով եւ հասկանալով, թե ինչ է նշանակում տիրապետել տեսանկյունին, երբ ֆիլմ ես բեմադրում։ Հետո կան նաեւ գաղտնիքներ. ի՞նչ է ֆիլմի ռիթմը, ի՞նչ է ֆիլմի տեւողությունը։ Խոսքը ոչ թե իրական տեւողության, այլ դրա ներքին մագնիսական ուժի մասին է։ Շատ կարեւոր բաներ եմ սովորել նրանցից։ Եվ երբ այդ ամենը երեւում է իմ ֆիլմերում, ես չեմ թաքցնում՝ եթե դրանցում կա փարաջանովյան ազդեցություն, ուրեմն՝ կա։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ