Ես վերջացած եմ․Սերժ Ավետիքյանը՝ Գորբաչովի կերպարի եւ Միտերանի հետ հանդիպման մասին
ՄշակութայինՖրանսիական France 2 հեռուստաալիքով դեռեւս տարեսկզբին ցուցադրվեց «Mitterrand confidentiel» («Միտերան․ գաղտնի պատմություն») չորս մասից բաղկացած պատմաքաղաքական մինի-սերիալը՝ նվիրված Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի կյանքին եւ քաղաքական գործունեությանը։ Ռեժիսոր Անտուան Գարսոյի նկարահանած սերիալում Միտերանի դերը մարմնավորում է ֆրանսիացի հայտնի դերասան Դենի Պոդալիդեսը, իսկ Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի կերպարը՝ ֆրանսահայ անվանի դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ։ Այս մասին «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ։ Նշենք, որ Ավետիքյանն այս օրերին Երեւանում է եւ 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնի գլխավոր հյուրերից է։

— Կերտելով Գորբաչովի կերպարը՝ ի՞նչ բացահայտեցիք ինքներդ Ձեզ համար․ նա քաղաքական ռոմանտի՞կ էր, պատմական սխալների հեղինակ, որին ուղղորդում էին Արեւմո՞ւտքից, թե՞ գործիչ, որը փորձեց փոխել պատմության ընթացքը, բայց չկարողացավ վերահսկել իր իսկ սկսած գործընթացները։
— Ես կարողացա ուսումնասիրել արխիվները, որպեսզի պարզեի, թե ինչպես էր նա իրեն պահում, երբ գալիս էր Միտերանի մոտ։ Նա երկու անգամ էր եղել Ֆրանսիայում, եւ Միտերանը նրան շատ էր հարգում, որովհետեւ գիտեր, որ նա էլ է հետաքրքրվում գրականությամբ։ Միտերանը նրան տանում էր իր սեփական տունը, որը գտնվում էր հարավ-արեւմուտքում, ոչ թե Փարիզում, եւ այնտեղ Գորբաչովն իրեն շատ ազատ էր զգում։
Նա այնտեղ այլեւս այն մարդը չէր, ինչպիսին նրան տեսել են ռուսները, կարծես եվրոպացի լիներ։ Գորբաչովը հետաքրքրված նայել է Միտերանի գրադարանին ու զարմանքով ասել՝ օ՜հ, Դոստոեւսկի, կանգ առեք՝ Պուշկի՜նն է, «պոետ ռեւոլյուցիոները»։ Միտերանն էլ ի պատասխան ասում է՝ հասկացա՝ հեղափոխական բանաստեղծ է։
Ֆիլմում այդ դրվագը կարճ է, բայց կան շատ հուզիչ պահեր․ այդպիսին Գորբաչովին չեն տեսել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում։ Իհարկե, նկատի չունեմ արտաքինը, որովհետեւ մազերս սափրեցին, Գորբաչովի ճակատի հայտնի նշանը ստացան, ինչպիսին կար։

— Պարոն Ավետիքյան, փաստորեն, ֆիլմում Գորբաչովը ներկայացված է բոլորովին ա՞յլ տեսանկյունից։
— Ֆիլմում նա դրական կերպար է։ Նա մի բան է ասում Միտերանին, որը վերջինս չի հասկանում։ Ասում է՝ «Ես վերջացած եմ»։ Եվ դա ճիշտ է ասում, որովհետեւ ներկայացված է 1991 թվականը, ինքն արդեն հետ է գնալու, մեկ ամիս հետո հեռանալու է։ Միտերանը չի հավատում։ Գորբաչովն ասում է՝ «Ես վերջացած եմ, դուք պետք է այնպես անեք, որ Սովետական կարգերը դառնան ուրիշ կերպ, գնան Եվրոպայի կողմը»։ Միտերանը էլի չի հասկանում, ասում է՝ «Դուք ի՜նչ լավն եք», նվիրում է նրան Պուշկինի գիրքը եւ այլն։

— Համերա՞շխ եք Ձեր կերտած կերպարի հետ, թե՞ կռիվ ունեք նրա հետ։
— Չէ՛, ես համերաշխ եմ նրա հետ, որովհետեւ մի քաղաքական գործչի համար, որը գիտի, որ ինքը կործանման գործընթացում է, դա տրագիկ բան է։ Բայց նա այդ տրագիզմը չի ուզում ուղղակի ցույց տալ, թեեւ երեւում է, որ լացելու աստիճան հուզված է, երբ երկրորդ անգամ է կրկնում՝ «Նորից եմ ասում՝ ես վերջացած եմ»։ Շատ հուզիչ էր, որովհետեւ այդ պահը Ռուսաստանում չի եղել, եղել է Ֆրանսիայում։ Ես տեսա լուսանկարները եւ դրանց միջոցով կարողացա վերականգնել այդ պահը։

— Հայ հեռուստադիտողը կտեսնի՞ «Միտերան․ գաղտնի պատմություն»-ը։
— Այն հեռուստատեսային սերիալ է, եւ ես խնդրելու եմ Հանրային հեռուստատեսությանը, որպեսզի գնեն, որովհետեւ շատ հետաքրքիր սերիալ է քաղաքական առումով։ Այնտեղ կա նաեւ Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Հելմուտ Կոլի կերպարը։ Ներկայացված են Միտերանի կյանքի վերջին տարիները, թե ինչպես է Եվրոպան սկսում չիմանալ՝ ուր է գնում։ Որովհետեւ, կարծես թե, ուզում էին սոցիալական, դեմոկրատական երկրներ դառնալ, բայց ամեն մեկը փորձում է իր կաշին փրկել, իր պատմությունն ինչ-որ կերպ առաջ տանել։ Հետաքրքիր սերիալ է։

— Կարծում եք՝ հայ հեռուստադիտողը կընդունի՞ այն՝ հաշվի առնելով, որ շուրջ երեք տասնամյակից ավելի է, ինչ Խորհրդային Միության վերջին ղեկավարի մասին ամենատարածված հիշատակումը հետեւյալն է․ մարդիկ ասում են՝ «Թաղեմ Գորբաչովին, որը կործանեց հսկա երկիրը»։
— Կհասկանա, որովհետեւ նա ինչ ասում է, ասում է Ֆրանսիայում։ Ռուսաստանում նա չի կարող ասել՝ «Ես վերջացած եմ»։ Բայց, ի միջի այլոց, վերջում, երբ հեռանում է պաշտոնից, նորից խոստովանում է։ Սակայն, նա գաղտնի դա նախապես ասել էր Եվրոպայում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ