Էվերեստը Հայաստան է եւ վերջ
Վերլուծություն«Սրանից հետո ես պաշտոնապես հայտարարում եմ, որպես ՀՀ վարչապետ, ՀՀ ամենաբարձր գագաթը Էվերեստն է՝ 8848 մ, ո՞վ է դեմ, ինչի՞ եք դեմ՝ ապազգային դավաճան տարրե՞ր եք, չե՞ք ուզում Հայաստանը լինի օվկիանոսից օվկիանոս», -օրվա իշխանության Արարատ սուրբ լեռան մերժման քաղաքականության վերաբերյալ հնչած հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արեց այս հեգնական հայտարարությունը օրերս Երեւանում՝ Restart հիմնադրամի կազմակերպած «MaskOFF» պանելային քննարկման ժամանակ, որտեղ նա հանդիպել էր երիտասարդների հետ եւ պատասխանել նրանց հարցերին։
Անխոս, սա բավական խոսուն դրվագ է։ Փաշինյանը, փաստորեն, որոշել է նաեւ աշխարհագրության ոլորտում նորարարություն անել՝ Հայաստանի ամենաբարձր գագաթ հռչակելով Հիմալայներում գտնվող Էվերեստը։ Մնում է հասկանալ՝ սա հերթական անհաջող կատա՞կն էր, թե՞ սեփական երկրի պատմական ու ազգային խորհրդանիշների շուրջ ձեւավորված իշխանական պատկերացումների հերթական դրսեւորումը։
Այս տեսարանը հիշեցնում է Իլֆի եւ Պետրովի «12 աթոռները» հանրահայտ ստեղծագործության էկրանավորումը եւ հատկապես Հայր Ֆյոդորի պատմությունը։ Հիշենք՝ Հայր Ֆյոդորը, խաբվելով արխիվավար Կորոբեյնիկովի կեղծ տեղեկություններին, հարստության մոլուցքով ընկնում է այն աթոռների հետեւից, որոնց մեջ, իր համոզմամբ, թաքցված են թանկարժեք գանձերը։ Երկար ճանապարհորդություններից հետո հասնում է Բաթում, գնում ինժեներ Բրունսի կահույքը եւ մեծ հույսերով սկսում կոտրել աթոռները՝ ադամանդները գտնելու ակնկալիքով։ Սակայն այնտեղ ոչ մի գանձ չի հայտնաբերում։ Արդեն հուսահատված ու ուժասպառ՝ Կովկասյան ճանապարհին հանդիպում է Օստապ Բենդերին եւ Վորոբյանինովին։ Նրանցից փախչելու ընթացքում բարձրանում է զառիթափ ժայռի վրա, բայց այլեւս չի կարողանում իջնել։
Եվ սկսվում է ամենազավեշտալին։ Հայր Ֆյոդորը տասը օր մնում է ժայռի գագաթին։ Աստիճանաբար կորցնում է իրականության զգացողությունը, սկսում խոսել թռչունների հետ, երգել ու զառանցել։ Վերջապես նրան իջեցնում են հրշեջները, որից հետո նրան տեղափոխում են հոգեբուժարան, իսկ հոգեբույժներն աչքին հրեշտակներ են թվում։
Ֆիլմի խորքային իմաստն այն է, որ մարդը սեփական մոլուցքի եւ հորինած պատկերացումների հետեւից այնքան է վազում, որ վերջում հայտնվում է ժայռի գագաթին՝ առանց գանձերի, առանց փրկության ճանապարհի եւ իրականությունից կտրված։
Հայաստանի այսօրվա քաղաքական իրականության մեջ էլ, կարծես, ականատես ենք մի իրավիճակի, երբ երկրի ղեկավարի հայտարարությունները գնալով ավելի շատ են հիշեցնում ժայռի գագաթին հայտնված Հայր Ֆյոդորի մենախոսությունը։
Միայն թե այս դեպքում խոսքը մեկ մարդու անձնական մոլորության մասին չէ։ Խոսքը մի ամբողջ պետության պատմական հիշողության, ազգային ինքնության եւ քաղաքական ապագայի մասին է։
Եվ երբ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի ամենաբարձր գագաթը Էվերեստն է, իսկ դրանից առաջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանում է արտաքին քաղաքական օրակարգից, հայրենասիրությունը կապում Ստալինի հավակնությունների հետ եւ պատմական Հայաստանը հակադրում իրական Հայաստանին, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ո՞ր ժայռի գագաթին է հայտնվել Հայաստանի իշխանությունը, եւ ո՞վ է նրան իջեցնելու այնտեղից։
ԱՐԱՐԱՏԸ՝ ԱՆՀԱՐՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Փաշինյանի Էվերեստի մասին հայտարարությունը պարզապես աշխարհագրական հումոր համարելը կնշանակեր անտեսել դրա քաղաքական համատեքստը։ Արարատի նշանակությունը հայ ժողովրդի համար երբեք չի սահմանափակվել աշխարհագրական դիրքով։ Արարատը պատմական հիշողություն է, ազգային ինքնության խորհրդանիշ, մշակութային պատկեր եւ մի ամբողջ ժողովրդի պատմական ճակատագրի արտահայտություն։
Հենց այդ պատճառով էլ Արարատի պատկերը տասնամյակներ շարունակ եղել է հայկական պետական խորհրդանիշների, այդ թվում՝ Խորհրդային Հայաստանի զինանշանի բաղադրիչը։ Եվ երբ այսօր Փաշինյանը նման հեգնանքով է խոսում լեռների մասին, իսկ նրա մյուս հայտարարությունները վերաբերում են պատմական հիշողության վերանայմանը, բնական է, որ հասարակության մեջ հարցեր են առաջանում՝ արդյոք իշխանության համար Արարատը պարզապես անհարմար խորհրդանիշ է, որը խանգարում է իրենց սիրասուն հարեւանների հետ հարաբերությունների նոր հայեցակարգին։ Արդյոք խաղաղության քաղաքականությունը պետք է կառուցվի ոչ միայն տարածքային պահանջներից հրաժարվելու, այլեւ պատմական հիշողության նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխելու հաշվին։
ՀՐԱԺԱՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ
Երիտասարդների հետ հանդիպման ամենաաղմկահարույց հայտարարություններից մեկն էլ վերաբերում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցը ոչ թե պարզապես առաջնահերթություն չէ, այլ ընդհանրապես բացակայում է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից։
Ավելին՝ նա միջազգային ճանաչման գործընթացը ներկայացրեց որպես այլ պետությունների ձեռքին հարաբերություններում օգտագործվող վճարամիջոց՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հրաժարվի դրանից։
Սա արդեն քաղաքական դիրքորոշում է, որը չի կարելի թաքցնել հեգնանքի կամ դիվանագիտական նրբությունների հետեւում։ Իհարկե, Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող կառուցվել միայն պատմական պահանջների եւ ճանաչման գործընթացների շուրջ։ Պետությունը պետք է ունենա անվտանգության, տնտեսական զարգացման, տարածաշրջանային համագործակցության եւ դիվանագիտական հարաբերությունների հստակ ռազմավարություն։ Սակայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միայն արտաքին քաղաքական գործիք չէ։ Այն պատմական ճշմարտության, մարդկության դեմ իրականացված հանցագործության ճանաչման, զոհերի հիշատակի եւ ապագայում նման ոճրագործությունների կանխարգելման խնդիր է։
Եվ այստեղ իշխանությունը պարտավոր է հասարակությանը բացատրել՝ ինչո՞ւ է անհրաժեշտ ամբողջությամբ հանել այդ հարցը պետական արտաքին քաղաքական օրակարգից, ի՞նչ է Հայաստանը շահելու դրանից, եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ պատմական հիշողության նկատմամբ այս զիջողական մոտեցումը չի վերածվի նոր պահանջների։
Նույն քննարկման ընթացքում Փաշինյանը խոսել է նաեւ արցախյան թեմայի շուրջ՝ պատասխանելով այն հարցերին, որոնք վերաբերում էին արցախցիների նկատմամբ հասարակական վերաբերմունքին եւ նրանց տեղահանության գնահատականներին։
«Մի ասեք՝ ծախել ենք, չենք ասի՝ փախել եք»,- այս ձեւակերպումն էլ իր հերթին դարձավ քննարկման վիճահարույց դրվագներից մեկը։ Սակայն արցախյան հիմնախնդիրը հնարավոր չէ փակել բառախաղերով։ Արցախի հայաթափումը, հազարավոր մարդկանց բռնի տեղահանությունը, նրանց կորսված տները, սեփականության եւ անվտանգության խնդիրները պահանջում են պետական քաղաքականություն, հստակ պատասխանատվություն եւ երկարաժամկետ լուծումներ։
Արցախցիների նկատմամբ հանրային վերաբերմունքի խնդիրը նույնպես չի կարող լուծվել՝ նրանց քաղաքական դիրքորոշումները պիտակավորելով կամ նրանց հարցերը երկրորդական դարձնելով։ Պետության ղեկավարի պարտականությունն է ներկայացնել՝ ինչ է արել, ինչ չի կարողացել անել, ինչու է ստեղծվել այս իրավիճակը, եւ ինչ է պատրաստվում անել տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵԳՆԵՑ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՑ ՍՏԱՑԱՎ ՀԵԳՆԱՆՔ
«MaskOFF» քննարկման ուշագրավ կողմերից մեկն այն էր, որ երիտասարդներից ոմանք Փաշինյանին ուղղեցին բավականին սուր եւ անհարմար հարցեր։
«Դիտելով այդ հանդիպումը՝ հաճույքով նկատեցի, որ երիտասարդները հնարավորինս «կայֆավատ» են եղել, «բոցվել» ու «սղղացել են» Փաշինյանի վրա։ Փաշինյանը հետեւություն է արել, որ վայելում է երիտասարդների համակրանքը։ Որպես ամփոփում՝ տարրական կրթությունն անհրաժեշտ է գոնե այն բանի համար, որ հասկանաս, թե երբ են քեզ ձեռք առնում, քո վրա «բոցվում», «կայֆավատ լինում», այլ ոչ թե «վարունգի» պես դա ընդունես, որպես բարյացակամ վերաբերմունք քո նկատմամբ։ Որպես փաստ՝ Փաշինյանը, երիտասարդության մոտ ունի զրո լեգիտիմություն եւ ավելի շատ զավեշտի առարկա է, քան պետության առաջին դեմք», - այսպես է գնահատել իրողությունը հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Ի վերջո, վերադառնանք Հայր Ֆյոդորին։ Նա բարձրացել էր ժայռի գագաթը՝ համոզված լինելով, որ հենց այնտեղ է իր փրկությունը, իր հարստությունը, իր բաղձալի նպատակը։ Բայց իրականությունն այլ էր։ Նա մնացել էր մենակ՝ առանց գանձերի, առանց ելքի եւ գնալով ավելի հեռու իրականությունից։
Հայաստանի քաղաքական իրականության մեջ էլ վտանգավոր է, երբ իշխանությունը սեփական հռետորաբանությունը սկսում է շփոթել իրականության հետ, իսկ սեփական քաղաքական նպատակները՝ պետական շահի հետ։ Հայր Ֆյոդորի պատմությունն ավարտվեց հրշեջների սանդուղքով եւ հոգեբուժարանով։ Հայաստանի քաղաքական պատմության ավարտը, սակայն, պետք է որոշի ոչ թե մեկ մարդու հռետորաբանությունը, այլ սեփական ճակատագրի համար պատասխանատվություն կրող հասարակությունը։ Արարատը տեղում է։ Հայոց պատմությունը՝ նույնպես։ Հարցն այն է՝ արդյոք իշխանությունը դեռ ունա՞կ է իջնելու սեփական քաղաքական ժայռից եւ վերադառնալու իրականություն։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
