Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը խիստ վտանգավոր են Հայաստանի համար․ Սուրենյանց

Հանդիպում

Նախորդ շաբաթ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի է ունեցել մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հավաք, որի արդյունքում նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Վերոնշյալի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ հետ, որը եւս ներկա է եղել տեղի ունեցած քաղաքական հավաքին:

— Մենք առանձնացրել ենք 4 կետ, որոնք համարում ենք առաջնային նպատակներ։ Դրանք են՝ ալիեւյան Սահմանադրությանը՝ ոչ, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների, ազգային ինքնության պահպանում, Հայ առաքելական եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական իրավունքների եւ ազատությունների վերականգնում։ Սահմանադրության հարցում մեր դիրքորոշման հիմքում երկու շատ սկզբունքային բաղադրիչ կա։ Առաջինը՝ չի կարելի օտարի թելադրանքով Սահմանադրություն փոխել։ Ակնհայտորեն տեսնում ենք, որ Ալիեւի պահանջն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ տարբեր փաթեթավորումներով։ Երկրորդ՝ մենք սկզբունքորեն դեմ ենք Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրության նախաբանից հանելուն, որովհետեւ դա ապալեգիտիմացնում է Երրորդ hանրապետությունը։ Մենք անթույլատրելի ենք համարում ընդհանրապես օտարի թելադրանքով սահմանադրական հանրաքվե անցկացնելը։

— Իսկ ինչպե՞ս եք պայքարելու դրա դեմ, ի՞նչ ծրագիրով եւ օրակարգով։

 — Օրակարգը պարզ է։ Այդ չորս կետերի շուրջ առաջիկա օրերին եւ շաբաթներին կմշակվի ծրագիրը, ճանապարհային քարտեզը եւ ինստիտուցիոնալ գործիքները, որոնց միջոցով մենք պայքարելու ենք։ Օգտվելու ենք սահմանադրական պայքարի բոլոր միջոցներից՝ հանրահավաքներից, հավաքներից, ասուլիսներից եւ մյուս հնարավոր միջոցներից։ Բայց ավելի հստակ ճանապարհային քարտեզը կներկայացվի մի քանի օրվա ընթացքում։

— Բայց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ փողոցային պայքար գեներացնելու տարբերակ չի քննարկվել։

— Այո՛, ճիշտ է ասել։ Այս պահին պայքարի որեւէ մեթոդ չենք բացառում, բայց առաջին հավաքի ժամանակ փողոցի հարցը չի քննարկվել։ Տրամաբանական էլ չէր լինի, որ առաջին հավաքին քննարկվեր այդ հարցը, քանի որ այն նվիրված էր չորս սկզբունքների եւ չորս նպատակների համաձայնեցմանը, ինչպես նաեւ հայտարարության տեքստի ամբողջացմանը։ Մյուս հարցերը կքննարկենք մեր հաջորդ հավաքների ընթացքում։

— Նոր Սահմանադրությունը չընդունվելու դեպքում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնում է պատերազմով: Ի՞նչ կասեք այս անվերջանալի շատնաժի մասին:

— Իրականում Ալիեւի պահանջներն անընդհատ բավարարելը մեզ տանելու է կա՛մ մեր պետականության լուծարմանը, կա՛մ նոր պատերազմի սանձազերծմանը։ Ալիեւի պահանջով սահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը խիստ վտանգավոր են Հայաստանի համար։ «Այո»-ն նշանակում է խաղաղության հաստատում՝ մեր պետության քաղաքական եւ քաղաքակրթական հիմքերի ոչնչացման հաշվին, իսկ «ոչ»-ը Ալիեւին փաստարկ է տալու պատերազմ սկսելու համար։ Հետեւաբար, հնարավոր հանրաքվեի հիմքում դրված է պետությունը կորցնելու կամ նոր պատերազմ սանձազերծելու վտանգը, ոչ թե մեր կեցվածքը։ Մենք, ընդհակառակը, արժանապատիվ եւ հավասարակշռված խաղաղության կողմնակից ենք։

— Եթե միասնական հայտարարություն ընդունած քաղաքական ուժերին հաջողվի կասեցնել նոր սահմանադրության ընդունումը եւ, Աստված մի արասցե, Ալիեւը որոշի պատերազմել, պատրա՞ստ եք այդ սցենարին։

 — Բնականաբար, Դուք էլ գիտեք, որ այս ութ տարվա կառավարման հետեւանքով մենք, ըստ էության, փոշիացրել ենք մեր պաշտպանական, անվտանգային եւ նույնիսկ տնտեսական ներուժը։ Դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետեւանքն է։ Այսինքն՝ պետության դիմակայունությունը, ցավոք սրտի, գտնվում է շատ ցածր մակարդակի վրա։ Բայց դա չի նշանակում, որ պետք է կատարենք Բաքվի բոլոր պահանջները։ Այն, որ մենք նկարագրում ենք՝ իշխանությունը ոչինչ չի անում մեր պաշտպանական, դիվանագիտական եւ տնտեսական կարողություններն ուժեղացնելու ուղղությամբ, չի նշանակում, որ պետք է գնանք պետության լուծարմանը եւ բավարարենք Ադրբեջանի բոլոր պահանջները։ Եվ ուրեմն, պետք է ձգտենք օր առաջ երկրում փոխել քաղաքական միջավայրը, ձեւավորել նոր որակի իշխանություն, որպեսզի հնարավոր լինի կառուցել արժանապատիվ երկիր։

— Ալիեւը Շուշիում, վերաբացելով հայկական հիվանդանոցը, կրկին ծաղրում էր հայերին: Ի վերջո, դեռ որքա՞ն են լռելու հայաստանյան իշխանություններն ու համարժեք պատասխան չտան։

— Համարժեք չեն արձագանքում, որովհետեւ Փաշինյանը Ալիեւի վասալի կարգավիճակում է, իսկ վասալները իրենց տերերին չեն պատասխանում, այլ հնազանդորեն կատարում են նրանց պահանջները: Այս պարագայում ակնկալել, որ Հայաստանի իշնաությունը համարժեք պատասխան կտա, անիմաստ է:

Ի դեպ, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ տարելիցը լրացավ, ցանկանում եմ ասել, որ իհարկե այդ փաստաթուղթը Հայաստանի պարտության մասին էր, բայց նույնիսկ այդ փաստաթուղթը բավականին բալանսավորված էր պարտված Հայաստանի համար: Համենայնդեպս, դրանով կասկածի տակ չէր դրվում Արցախի հայկականությունը:Այդ փաստաթուղթը հնարավորութուն էր տալիս Լաչինի միջանցքի միջոցով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովել: Եվ նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը չէր կանխորոշում Լեռնային Ղարաբաղի հանրապետության կարգավիճակը: Դա հետո էր, որ Փաշինյանը գնաց իր ամենամեծ արկածախնդրությանը՝ 2022 թվականի սկզբից նա իբրեւ թե հաշվեց, որ Ռուսաստանը պարտություն է կրելու ուկրաինական պատերազմում, բոլոր խաղադրույքները դրեց Արեւմտյան զամբյուղում, Արեւմտյան հարթակներում զոհաբերեց Արցախը եւ այսպիսով չեղարկեց այն մինիմալ երաշխիքները, որոնք առկա էին նոյեմբերի 9-ի փաստաթղթում:

Ես համաձայն եմ ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանի հետ, որ 2020 թվականի պատերազմից հետո անգամ Ալիեւը չէր կարող նույնիսկ երազել Արցախի ամբողջական կլանման մասին: Չլիներ Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր, օտար օրակարգեր սպասարկող քաղաքականությունը, մենք կարող էինք Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածում հայկականությունը պահպանել:
Ցավոք, 2021-2026 թվականների խաղադրույքը եղավ, Արցախը զոհաբերելով, կատարել երկրի ստրատեգիական կուրսի փոփոխություն:

Հիմա մենք պետք է արձանագրենք, որ այս պահին կոնին է դրված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Մեր նախաձեռնությունը՝ կանխելու ալիեւյան սահմանադրությունը, հենց դրա մասին է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ