18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը
ՄշակութայինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 4-10-ը Երևանում անցկացվեց Երևանի «Shakespeare & Co.» 18-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնը միավորեց Հայաստանի և արտերկրի թատերական գործիչներին՝ ներկայացնելով համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններն ու դրանց ժամանակակից բեմական մեկնաբանությունները։ Փառատոնն ամփոփվեց նոյեմբերի 10-ին՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում՝ մեծ ճանաչում ձեռք բերած «Բուտուսովցիների» մասնակցությամբ։ Նրանք ներկայացրին Սանկտ Պետերբուրգի «Կոմնատա Սվետա» և «Ստորոժ» թատերական ընկերությունների նոր համատեղ բեմադրությունը՝ «Տարելկինի մահը» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Ցերենյա)։

Մեկ շաբաթվա ընթացքում Երևանի տարբեր թատերական հարթակներում ներկայացվեցին Մոլդովայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Ռումինիայի և Հայաստանի թատերախմբերի բեմադրությունները։
Մոլդովայի Ի. Լ. Կարաջալեի անվան ազգային թատրոնը ներկայացրեց Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթը», Ուլյանովսկի Ի. Ա. Գոնչարովի անվան դրամատիկական թատրոնը՝ «Հերտրուդը և ուրիշները», հունգարական Թոթ Յոժեֆ թատրոնը՝ «Ճայը», իսկ ռումինական «Թոնի Բուլանդրա» թատրոնը՝ «Օթելլոն»։

Հայկական թատերախմբերը ևս հանդես եկան բազմազան ծրագրով։ Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացրեց Ուիլյամ Շեքսպիրի «Համլետը», իսկ Երևանի կամերային թատրոնը՝ «Ռոմեո և Ջուլիետ» և «Մակբեթ» ներկայացումները։ Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնին մասնակցեց «Համլետ. Collapse» ներկայացմամբ։ Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը հանդես եկավ Ալեքսանդր Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» և Միխայիլ Զոշչենկոյի «Ես, սիրելի Կապոչկան, նյարդային մարդիկ և այլ տեսակետներ» ներկայացումներով։
Փառատոնի կարևոր նպատակներից էր հրավիրված արտասահմանյան փառատոների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկել հայկական ներկայացումները միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները, հաստատել նոր կապեր և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության համար։

Փառատոնի շրջանակում, Հայ շեքսպիրյան միության հետ համատեղ, կայացավ շեքսպիրյան ներկայացումներին նվիրված միջազգային կլոր սեղան-քննարկում՝ «Ինչո՞ւ Շեքսպիր բեմադրել արդի ժամանակներում» խորագրով։ Քննարկմանը մասնակցեցին միջազգային ճանաչում ունեցող շեքսպիրագետներ, թատերական ռեժիսորներ և մշակութային գործիչներ։
Մասնակիցների թվում էին Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ռումինիայից և Մոլդովայից ժամանած հյուրեր, այդ թվում՝ Շեքսպիրյան ասոցիացիաների նախագահներ և Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի նախագահը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Շեքսպիրի ստեղծագործությունների արդիականությունը, դասական երկերի ժամանակակից բեմադրությունների առանձնահատկություններն ու մեկնաբանման տարբեր մոտեցումները, ինչպես նաև միջազգային թատերական համագործակցության հեռանկարները։ Քննարկումը դարձավ մասնագիտական փորձի փոխանակման, միջազգային կապերի ամրապնդման և նոր համագործակցությունների ձևավորման կարևոր հարթակ։
Երևանի «Shakespeare & Co.» միջազգային թատերական փառատոնը միջազգային մշակութային համագործակցության հարթակ է, որը խթանում է մասնագիտական փորձի փոխանակումն ու միջմշակութային երկխոսությունը՝ հայ հանդիսատեսին հաղորդակից դարձնելով համաշխարհային թատերական արվեստի բազմազանությանը, իսկ արտերկրի թատերախմբերին հնարավորություն ընձեռելով իրենց ստեղծագործական աշխատանքները ներկայացնելու Հայաստանում։
Փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Երևանի «Shakespeare & Co.» միջազգային թատերական փառատոնը Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է։
Փառատոնի իրականացման գործում կարևոր էր նաև անհատների աջակցությունը։ Այս տարի փառատոնի կողքին էր հայտնի և սիրված երգչուհի Տաթև Ասատրյանը, որի հովանավորության շնորհիվ հնարավոր դարձավ «Բուտուսովցիների» մասնակցությունը փառատոնին։
Փառատոնի աջակիցներն էին նաև «Պողոսյան» հարկային պլանավորման ընկերությունը, «Անդրեաս» Ֆայն Արտ հիմնադրամը և SCHNEIDER ELECTRIC-ի՝ Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչը։
