Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը
ՄիջազգայինԻհարկե, երբ խոսում ենք ԹՐԻՓՓ կամ, իրականում, նույն «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա այստեղ երբեք չի կարելի հաշվարկներից դուրս թողնել Իրանին: Ամեն դեպքում, Թեհրանը շարունակում է ամենակոշտ տոնայնությամբ հիշեցնել, որ իրեն խաղից դուրս թողնելու փորձերը կարող են շատ լուրջ հետեւանքների հասցնել:
Այսպես, հայաստանյան իշխանությունները (օրինակ նախօրեին` Ալեն Սիմոնյանը) շարունակում են առաջ տանել այն անհամ թեզը, թե «Թրամփի ուղին» ընդամենը « տնտեսական ծրագիր է, եւ դա չի նախատեսում, որ այնտեղ զինված գոնե մեկ զինվոր է լինելու»: Նաեւ, որ` Հայաստանի կառավարությունը երբեք չի մտնի մի պրոցեսի մեջ, որը դեմ է Իրանին կամ մյուս հարեւան երկրներին. «Մեր գործընկերները դրա մասին տեղեկացված են, մենք երբեք չենք մտնի որեւիցե պրոցեսի մեջ Իրանի դեմ կամ մեր հարեւաններից որեւիցե մեկի դեմ: Դա մեր քաղաքական դիրքորոշումն է»:
Բայց ահա Իրանից եկող ազդակները շարունակում են մնալ այն ուղղվածության մեջ, որ Թեհրանն ամենակոշտ մոտեցումները կցուցաբերի, եթե ԹՐԻՓՓ–ը կյանքի կոչելու փորձեր արվեն: Օրերս այդ մասին խոսեց Իրանի արտաքին գործերի նախկին նախարար, երկրի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Ընդ որում, թեեւ Վելայեթին նախկին պաշտոնյա է համարվում, բայց իրականում նա մնում է Իրանի Գերագույն առաջնորդի թիմի կարկառուն ներկայացուցիչ: Եվ նրա հայտարարությունները թեեւ ձեւականորեն` պաշտոնական չեն, սակայն փաստացի դա կարելի է համարել Թեհրանից եկած ուղիղ մեսիջ»:
Եվ ահա, օրերս Վելայեթին հանդես եկավ հոդվածով` միանգամայն կոշտ քննադատության ենթարկելով ինչպես Փաշինյանին, այնպես էլ` ԹՐԻՓՓ–ի բուն գաղափարը: Հիմնական թեզերը սրանք են: Նախ, Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները հանգեցնում են Արեւմուտքից՝ մասնավորապես ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Բրիտանիայից երկրի կախվածության մեծացմանը: Ընդ որում, խոսքը լիբերալ-դեմոկրատական համակարգից կախվածության մասին է:
Հաջորդը, որ Փաշինյանը թշնամանքի եւ լարվածության նոր էջ է բացել Հարավային Կովկասում, իսկ այդքան գովերգված խաղաղության գաղափարախոսությունից հետո անգամ` «Այսօր նրա հարաբերություններն Ադրբեջանի Հանրապետության, Իրանի, Թուրքիայի եւ, հնարավոր է, ապագայում նաեւ Վրաստանի հետ անկայուն են ու անկանխատեսելի»:
Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ–ին, ապա, Վելայեթիի խոսքով. «Երկու առանձին հանդիպումների՝ Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի եւ Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպումների ժամանակ ես ... նրանց ասել եմ հետեւյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղյակ է Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրների մասին։ Ուստի Հայաստանը կարող է սխալվել հաշվարկներում եւ որոշել, որ ուկրաինական պատերազմում ներգրավված լինելու պատճառով Ռուսաստանն ավելի քիչ ուշադրություն կդարձնի Հարավային Կովկասի անվտանգությանը»: Բայց նաեւ, որ անգամ առանց Ռուսաստանի, Իրանն «իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության ապահովման համար: Ըստ այդմ էլ` Վելայեթին ընդգծում է. «Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այս կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը»:
Վերջին` «ոտքերը կոտրելու» միտքը, թերեւս, ամենեւին էլ միայն «Թրամփին ու նրա դաշնակիցներին» չի վերաբերում: Դա ուղղված է բոլորին. Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա Հայաստանում այլ ուժերի կենտրոնացում, լինի դա ԹՐԻՓՓ–ի, թե այլ տեսքով: Եվ դրա իմաստը շատ պարզ է:
Իրավիճակը հետեւյալն է: Այս օրերին ԱՄՆ–ն շարունակում է սեղմել Իրանի շուրջ բլոկադայի օղակը: Ծովը փակել է, հիմա էլ ակտիվորեն փորձում է սահմանափակել Իրանի հնարավոր շարժը դեպի Պակիստան, ապա` Իրաք: Թուրքիայի ուղղությունն էլ լիովին անորոշ է. խոսքը, վերջին հաշվով, ՆԱՏՏՕ–ի անդամ երկրի մասին է: Իրանի համար դեռ բաց է հյուսիսը: Նախ, Կասպից ծովը, որը, իհարկե, Ռուսաստանի հետ կապերի լայն հնարավորություն տալիս է, սակայն ոչ բավարար: Ադրբեջանը եւս դեռ բաց է, բայց եթե հանկարծ Մեղրիում ամերիկացիները կարողանան ազատ գործել, ապա չկա որեւէ երաշխիք, որ անմիջապես Ադրբեջանի ուղղությունն էլ չի փակվելու: Իսկ այդ դեպքում խոցելի է դառնում նաեւ Կասպից ծովի ուղղությունը:
Կարճ ասած, հայաստանյան ուղղությունը Իրանի համար ստացել է ռազմավարական, ավելի կոնկրետ` անվտանգային իմաստ: Ըստ այդմ էլ, Վելայեթիի միջոցով Թեհրանի հնչեցրած հերթական ահազանգը նմանվում է ուղիղ սպառնալիքի: Առավել եւս, երբ ուղիղ թիրախավորված է արդեն Փաշինյանը: Այսինքն, երբ Թեհրանն այս օրերին պաշտոնապես Հայաստան է ուղարկում փոխնախագահ, ՀՀ- ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ապա այդ այցի շեմին նախկին արտգործնախարարի եւ Գերագույն առաջնորդի կարկառուն թիմակցի շուրթերով արված «ոտքերը կջարդենք» կարգի մեսիջները հենց այնպես չէ, որ հնչեցվում են:
Ու մյուս կողմից էլ, իհարկե, պատահական չէ նաեւ, որ Էրդողանը, «մոռանալով», որ բառացիորեն վերջերս «շան լափ էր թափում» իր «փոքր եղբոր» գլխին, նորից վազեց Բաքու: Թերեւս` «մեկ ազգ, երկու պետություն» թեզի վերահաստատումն այս պահին Էրդողանին շատ էր պետք, քանի որ նա Բաքու գնաց շատ լավ գիտակցելով, թե դա ինչ նյարդային ռեակցիա եւ քննադատության ալիք է առաջ բերելու Ալիեւի հակաիսլամական հայտնի արարքներից կատաղած թուրք իսլամիստական շրջանակների մոտ: Էրդողանի արարքներում տրամաբանություն կարելի է տեսնել: Եթե Ալիեւը սկսել է ակնհայտորեն Թել Ավիվից եկած հրահանգներով գնալ անգամ բացահայտ հակաիսլամական քայլերի, ապա դա նշանակում է, որ իրականում Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի ազդեցությունը սկսել է կտրուկ գերազանցել Թուրքիայի ազդեցությանը: Առավել եւս, որ Ադրբեջանում վերջին ժամանակներս բանտում հայտնվեցին որոշ գործիչներ, որոնք, այսպես ասենք, թուրքական ազդեցության տարածման կարկառուն լծակներ էին: Եվ երբ իսրայելյան գործոնը սկսում է կտրուկ առաջ անցնել թուրքականից, ապա կա նաեւ այն հարցը, թե Իրանի դեմ նոր պատերազմում Ալիեւը չի՞ որոշի ուղիղ ներքաշվել դրանում: Եվ այդ դեպքում, ի՞նչ է անելու Էրդողանը, եթե նախորդ պատերազմում Նախիջեւանին հասցված մեկ–երկու հարվածի փոխարեն նոր պատերազմի ժամանակ Իրանն անցնի զանգվածային հարվածների, այդ թվում` խոցի Թուրքիա տանող գազամուղն ու նավթամուղը: Եթե նման իրավիճակում իր հերթին չներքաշվի պատերազմի մեջ, ապա վտանգի է ենթարկում «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը: Եթե միջամտի, ապա ոչ միայն Իրանի,այլ նաեւ Ռուսաստանի հետ բախվելու հեռանկարներ են ավելանում:
Իսկ եթե տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը սկսի այդպես խառնվել, ապա Սյունիքը կարող է դառնալ նաեւ Իրանի համար այն կարեւորագույն շերտը, որը խանգարում է թուրք–ազերիական տանդեմին` հակաիրանական միասնական ճակատային գիծ սարքելը:
Մի խոսքով, շատ ծանր ժամանակներ են, եւ եթե ԱՄՆ–ն իրականում էլ որոշի Իրանի դեմ նոր պատերազմ սկսել, ապա այս անգամ ամեն բան նաեւ մեզ համար կարող է շատ լուրջ լինել: