Տաքսի, տաքսի, իմ յարին էլ մի հասի
ՀասարակությունՎայ «Yandex»-ը կերավ քաղաքացիների կյանքն ու գրպանի պարունակությունը՝ կամային մոտեցում ցուցաբերելով՝ անձրեւ է տարիֆը թանկ է, շոգ է ՝ թանկ է, պիկ ժամ է՝ թանկ է ու այդպես շարունակ:
Էլ չենք խոսում վարորդների որակից, մոտեցումից ու մուննաթից: Կարծես մի բան էլ իրենք են «одолжение» անում, որ A կետից տանում են B կետ: Բողոքում ես, ասում են` դուրդ չի գալիս, գնա ավտոբուս նստի: Ասենք ինչ-որ մեկը պիտի որոշի՞, թե մյուսը ինչպես երթեւեկի կամ ուր գնա:
Հարցը բաց է ու չլուծվող, բողոքները բազում, քանի որ չկա մի իրական պատասխանատու: «Yandex»-ի հրապարակված օգտագործման պայմաններում հստակ նշվում է, որ հարթակը հիմնականում տեխնոլոգիական միջնորդ է, իսկ ուղեւորափոխադրումն իրականացնում են գործընկեր ծառայությունները։ Ընկերությունը նաեւ իրեն վերապահում է վարորդների վերաբերյալ կրկնվող բողոքների դեպքում համագործակցությունը դադարեցնելու հայեցողական իրավունքը։ Այսինքն՝ քաղաքացին բախվում է խնդրի, բողոք է ներկայացնում, իսկ իրական հետեւանքների հարցում շարունակում է անորոշություն մնալ։ Եվ այդպես էլ անհասկանալի է մնում՝ հարցը, վերջիվերջո, լուծում ստացել է, թե՝ ոչ:
Անցնենք հաջորդին․ լռելով ու ստիպված օգտվելով սույն տաքսի ծառայությունից, սակայն անվերջ բողոքելով՝ հարցը լուծում չի ստանում: Հստակ հարկավոր է պատկան մարմինների միջամտությունն ու վերահսկողությունը, եթե իհարկե նրանք եւս «փայ» չեն այս խայտառակության հետ: Տարիֆային անբացատրելի փոփոխությունից տուժած քաղաքացին այլեւս չի հասկանում ուր բողոքել՝ հստակեցում մտցնելու հարցում:
Էլ չենք խոսում բազում դեպքերից, երբ վարորդը իրեն բնորոշ «беспредел» պահվածքով, պարզապես չի մոտենում պատվիրատուին, տեսնելով որ գումարն անկանխիկ է: Չի մոտենում, նայելով ժամին ու սպասելով, որ մի քանի րոպեից տարիֆը կեռապատկվի, չի մոտենում, բայց պատվերն ընդունում է, որ իր բալերից չկորցնի: Այսպես շարունակ ու անվերջանալի:
Իսկ առջեւում ձմեռ է: Դե հիմա պատկերացրեք, գների ինչ մեծ աճ տեղի կունենա մի քանի կիլոմետր տեղաշարժվելու համար: Ի դեպ, շատ մեքենաներ չեն ջեռուցվում եւ օդորոկիչները չեն աշխատում:
Կրկին հարց «Yandex» -ին, ի՞նչ սկզբունքներով եք ընդունում աշխատանքի, երբ մեքենան անսարք է, երբ կեսից ուղեւորը մնում է փողոցում կանգնած, երբ ցրտին չի ջեռուցվում մեքենան, բայց ուղեւորը վճարում է անհասկանալի մեծ գումար ու սառած հասնում վերջնակետին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
