ԱԲ-ն գուշակ չէ. Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է
ՀասարակությունՏեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լեվոնյանը զգուշացնում է.
Հայկական միջավայրում արհեստական բանականությունը (ԱԲ) շատերի պատկերացմամբ սահմանափակվում է միայն ChatGPT-ով, Gemini-ով և նմանատիպ այլ չաթային համակարգերով։
Սակայն պետք է հասկանալ մի կարևոր հանգամանք ChatGPT-ն կամ Gemini-ն արհեստական բանականության ամբողջությունը չեն։ Դրանք ընդամենը ԱԲ տեխնոլոգիաների կիրառման ձևերից են։
Արհեստական բանականությունը շատ ավելի լայն տեխնոլոգիական ոլորտ է, որն օգտագործվում է բժշկության, գիտության, արդյունաբերության, կիբեռանվտանգության, կրթության, ռոբոտաշինության, տրանսպորտի և բազմաթիվ այլ բնագավառներում։
Այսօր, ցավոք, հայկական միջավայրում հաճախ կարելի է հանդիպել մի երևույթի մարդիկ սուրճ են խմում, լուսանկարում բաժակի հատակը և ուղարկում արհեստական բանականությամբ աշխատող չաթին, որպեսզի այն «գուշակի» իրենց ապագան կամ «բացի բախտը»։
Հարգելի՛ ընկերներ, արհեստական բանականությունը ստեղծվել է ոչ թե սուրճի բաժակի մեջ ձեր ճակատագիրը որոնելու, այլ գիտելիքի, գիտության և տեխնոլոգիական առաջընթացի նոր հնարավորություններ բացելու համար։
Մենք պետք է սովորենք ոչ միայն օգտվել ԱԲ գործիքներից, այլև հասկանալ դրանց աշխատանքի սկզբունքները, հնարավորությունները, սահմանափակումներն ու ռիսկերը։
Արհեստական բանականությունը կարող է օգնել հայտնաբերել հիվանդություններ, կանխատեսել տեխնիկական խափանումներ, բացահայտել կիբեռհարձակումներ, ավտոմատացնել արտադրական գործընթացները և լուծել այնպիսի խնդիրներ, որոնց համար նախկինում պահանջվում էին հսկայական մարդկային ու ժամանակային ռեսուրսներ։
ԱԲ-ն կախարդանք չէ, գուշակ չէ և մարդկային մտածողությանը փոխարինող անսխալական համակարգ չէ։ Այն տեխնոլոգիական գործիք է, որի իրական արժեքը կախված է նրանից, թե մարդն ինչ նպատակով և ինչպես է այն օգտագործում։
Եթե ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա տեխնոլոգիապես զարգացած երկիր, պետք է փոխենք նաև մեր վերաբերմունքը նոր տեխնոլոգիաների նկատմամբ։
Ժամանակն է արհեստական բանականությունը դիտարկել ոչ թե որպես զվարճանքի միջոց, այլ որպես գիտական, տնտեսական և տեխնոլոգիական զարգացման հնարավորություն։