Ընդդիմադիրները Երևանում իրազեկման ակցիա են սկսել
Ընդդիմադիրները Երևանում իրազեկման ակցիա են սկսել՝ «Հայաստանի անկախության պաշտպանության» և նոր Սահմանադրության ընդունումը կանխելու նպատակով։
Ակցիային մասնակցում են խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների անդամները, նրանց միացել է նաև Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նոր Սահմանադրությունն «ալիևյան» անվանող ընդդիմադիրները պնդում են, թե իշխանությունները մայր օրենքը փոխելու որոշում են կայացրել Բաքվի պահանջով՝ դրանից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու համար։ Օրերս 12 ընդդիմադիր ուժեր հայտարարել էին համախմբվելու և հանրային ճնշմամբ նոր Սահմանադրության ընդունումը կանխելու մտադրության մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, հերքում է, թե Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով։ Երեկ MaskOFF պանելային քննարկմանը նա կրկին շեշտել է՝ Սահմանադրությունը Հայաստանի ներքին հարցն է, որը չի պատրաստվում քննարկել որևէ արտաքին դերակատարի հետ։ Ըստ Փաշինյանի՝ իշխանությունը ցանկանում է ժողովրդին հնարավորություն տալ առաջին անգամ սեփական ազատ քվեով լեգիտիմ Սահմանադրություն ընդունելու։
Միաժամանակ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրենց զրույցներում ընդունել է՝ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է, սակայն գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում Բաքուն չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
Սահմանադրության փոփոխության շուրջ իշխանության և ընդդիմության պայքարը վերջին օրերին սրվել է։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեն նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշմանը, իշխանությունը կարող է հանրային ճնշում գործադրել նրանց նկատմամբ՝ անգամ խորհրդարանի առջև ցույց կազմակերպելով։