Ինչո՞ւ պետք է ժողովուրդը կրկին վստահի ձեզ, ինչի՞ համար եք պատասխանատվություն ստանձնել
ՆերքաղաքականԽորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է համախմբման մասին՝ ոչ ալիիևյան սահմանադրության շուրջ: ԴՕԿ կուսակցությունը պատրաստվո՞ւմ է միանալ, և առհասարակ ինչպես է տեսնում այս գործընթացի ավարտը հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան, հայտնի իրավապաշտպան ԼևՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ.
- ԴՕԿ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը կհայտնի կուսակցությունը։ Ես նրա փոխարեն խոսելու լիազորություն չունեմ։ Որքան տեղյակ եմ՝ Վարդան Ղուկասյանն իր բացասական դիրքորոշումն արդեն հրապարակավ արտահայտել է։
Իմ անձնական դիրքորոշումը նույնպես բացասական է։ Եվ պատճառը շատ պարզ է՝ համախմբվելու կոչը դեռ վստահության հիմք չէ։
Հայաստանի Սահմանադրության բովանդակությունը պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը։ Ալիևը մեր երկրի սահմանադիր իշխանությունը չէ։ Բայց այս անվիճելի ճշմարտությունը բարձրաձայնելը որևէ քաղաքական ուժի չի ազատում սեփական անցյալի ու ներկայի համար պատասխան տալու պարտականությունից։
Սահմանադրությունը միայն տեքստ չէ։ Այն քաղաքացու ազատ ընտրությունն է, մարդու արժանապատվությունը, անկախ դատարանը, իշխանության սահմանափակումը։ Չի կարելի տարիներով ոտնահարել Սահմանադրության ոգին, իսկ հետո նրա անունով ժողովրդին նորից առաջնորդելու իրավունք պահանջել։
Ուստի նախ պատասխանեք՝ ինչո՞ւ պետք է ժողովուրդը կրկին վստահի ձեզ։ Ի՞նչ եք ընդունել ձեր սխալներից։ Ինչի՞ համար եք պատասխանատվություն ստանձնել։ Ի՞նչ եք անելու վաղը, որ չեք արել՝ ունենալով պաշտոն, մանդատ ու խոսելու ամբիոն։
Եվ մի հարց էլ․ երբ քաղաքական հակառակորդի իրավունքներն են խախտվում, որտե՞ղ է ձեր համախմբումը։ Վարդան Ղուկասյանի ազատության հարցում ի՞նչ հրապարակային ու հետևողական քայլ եք արել։ Իրավական պետությունը չի կառուցվում «մերոնց» իրավունքները պաշտպանելով ու մյուսների ճակատագրի կողքով լուռ անցնելով։
Ես չեմ ընդունում մի համախմբում, որտեղ պատասխանատվությունը մոռացվում է, իսկ պաշտոնների ակնկալիքը՝ պահպանվում։ Ժողովրդի ցավը քաղաքական վերադարձի անցաթուղթ չէ։ Սահմանադրությունն էլ սեփական քաղաքական կենսագրությունը մաքրելու միջոց չէ։
Ինչպե՞ս եմ տեսնում ավարտը։ Եթե չլինեն հստակ ծրագիր, ազնիվ հաշվետվություն ու իրական գործողություն, այս ամենը կավարտվի այնպես, ինչպես սկսվել է՝ հայտարարությամբ։ Կհամախմբվեն ղեկավարները, կբաժանվեն ակնկալիքները, իսկ ժողովուրդը կմնա հերթական հիասթափության առաջ։
Հայաստանին պետք է համախմբում, բայց ոչ այս ֆորմատով։