12.92 միլիարդ դրամ՝ սպորտին․ 2027-ին ինչպե՞ս է ծախսվելու պետական փողը
Սպորտ2027 թվականին մասսայական սպորտային ծրագրերին նախատեսվում է հատկացնել 12.92 մլրդ դրամ, ինչը 134.8 տոկոսով գերազանցում է 2026 թվականի ցուցանիշը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ՝ ներկայացնելով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի ֆինանսավորման առաջնահերթությունները, նոր ծրագրերն ու Հայաստանում անցկացվելիք միջազգային խոշոր մարզական միջոցառումները։
2021-2025 թթ․-երին ոլորտի փաստացի ծախսերը կրկնապատկվել են՝ հասնելով 8.4 մլրդ դրամի։ 2027 թվականին մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար նախատեսվում է 4.9 մլրդ դրամ։ Աշխատանքներ կիրականացվեն 8 մարզական հաստատությունում, եւս 10-ի համար կմշակվեն նախագծային փաստաթղթեր։
Անդրադառնալով միջազգային մրցաշարերին՝ նախարարը շեշտեց, որ 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարեւոր իրադարձություններով։
Հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնց նախատեսվում է շուրջ 50 երկրի մասնակցություն։ Մինչ խաղերի մեկնարկը՝ Երեւանում տեղի կունենա ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը, իսկ Ֆրանկոֆոնիայի խաղերից անմիջապես հետո կմեկնարկեն Համահայկական խաղերը։
Բացի այդ՝ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ մինչեւ 21 տարեկանների առաջնությունը՝ ձմռանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ գարնանը եւ ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը։
Քննարկվում են նաեւ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության, սպորտային պարերի աշխարհի առաջնության, մինչեւ 21 տարեկանների, երիտասարդների եւ պատանիների վարկանիշային մրցումների, ինչպես նաեւ լողափնյա վոլեյբոլի մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորությունները։
«Այս առաջնությունները մեր երկիրը միջազգային մարզական քարտեզում դիրքավորելու շատ կարեւոր նախաձեռնություններ են։ Մենք արդեն տեսնում ենք, որ մեր երկրի վարկանիշը սպորտի ոլորտում գնալով ամրապնդվում է, եւ յուրաքանչյուր հաջորդ համագործակցություն շատ ավելի մեծ վստահությամբ է վերապահվում մեր երկրին»,- ընդգծել է Անդրեասյանը։
Ի դեպ, 2027-ին բարձր նվաճումներ ունեցող եւ հեռանկարային համարվող մարզիկների խրախուսումը կշարունակվի՝ այդ նպատակին ուղղելով շուրջ 2.47 մլրդ դրամ։ Օլիմպիական խաղերի նախապատրաստման ծրագրի շրջանակում մարզիկները կշարունակեն ստանալ ամենամսյա ֆինանսական աջակցություն՝ մարզումներին եւ մրցումներին նախապատրաստվելու համար։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

