Մեծ աղետներ են բերել այս իշխանությունները ու դեռ ինչքան էլ կբերեն, եթե մնան. Տիգրան Ավետիսյան
Մշակութային«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱԲՍՈՒՐԴ Է»
«Իրավունք»-ը զրուցել է երգահան-կատարող ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
«ԵՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՄ ՆԱԵՎ ԽՈՍՈՒՄ ԱՅՍՕՐՎԱ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
— Վերջերս թողարկեցիք նոր կատարում, որն իր մեջ պարունակում է հայրենասիրական կոչ: Ինչպե՞ս ծնվեց այդ երգը:
— Գարնանն եմ երգը գրել: Ինչպես միշտ կիթառ էի նվագում ու այդ պահին հետաքրքիր հարմոնյաներ եկան մտքիս: Սկսեցի փորձել, հետո ակորդների հերթականությունը պարզ դարձավ: Բառերի հետ կապված երկար ժամանակ չէի կարողանում տեքստի ընտրության վրա կանգ առնել, քանի որ արդեն իսկ ունեի մի քանի բանաստեղծություններ գրած, բայց մի տեսակ չէին սազում այս երգի հետ: Հետո փորձեցի այլ գրողների բանաստեղծությունները դիտարկել, կրկին չհամընկավ:
Ու մի օր, բոլորովին պատահական, ինչ-որ մեկի մեկնաբանություններում տեսնում եմ Սուսաննա Ղազարյանի՝ մեր օրերի բանաստեղծուհիներից մեկի մեկնաբանությունը, որը մի քանի տուն իր հեղինակային բանաստեղծությունն էր դրել, որտեղ շատ հետաքրքիր համեմատականներ էր տարվում 90-ականների եւ այսօրվա ժամանակների միջեւ: Ամբողջ միտքն այն մասն էր, թե ինչ դժվար ժամանակահատված էր 90-ականները, երբ չկար գազ, ջուր, հոսանք եւ այլն, ու մարդիկ չգիտեին՝ ինչպես էին օրվա ապրուստը հայթայթելու եւ նաեւ պատերազմ էր, բայց ջերմություն կար մարդկանց միջեւ։ Ես աղոտ հիշում եմ այդ տարիները․ փոքր էի, վառարանի կողքին նստած․․․
Եվ այսօր, երբ այդքան հեշտ է գումար վաստակելը, բոլորը կոմֆորտի մեջ են եւ այլն, բայց մի կարեւոր բան չկա՝ մարդկանց մեջ ջերմություն: Փոխարենը կա համատարած ատելություն, որն, ի դեպ, 2018 թվականից հետո ավելի ուժեղացավ: Մի տեսակ մարդկանց մեջ անդունդ է ձեւավորվել: Ցավոք, այս կոմֆորտի մեջ մարդիկ չեն կարողանում իրար հետ ջերմ լինել, իրար օգնել, ինչպես դա եղել է 90-ականներին: Այդպես միտք ծագեց այս գործը երգ դարձնելու: Սկզբում մտածում էի չի համընկնի կիթառի ակորդների հետ, բայց իդիալական ստացվեց:
Ձայնագրվեցի ամռանը, իսկ օգոստոսին վերջնական պատրաստ էր երգը եւ բոլորովին վերջերս այն թողարկեցի: Ի դեպ, արձագանքները շատ գոհացնող են: Շատերը նույնիսկ ինձ գրում են, որ այս երգով հետ գնացին 90-ականներ:
— Առհասարակ տեսնելով հայաստանյան ներկայիս քաղաքական իրավիճակը, առկա արտաքին մարտահրավերները, ի՞նչ երգեր են ծնվում Ձեր մեջ:
— Անկեղծ ասած, չեմ թաքցնում իմ քաղաքական նախասիրություններն ու դժգոհությունը գործող իշխանություններից, ու իմ առաջին երկու ալբոմում շատ հստակ տեքստերով ու նաեւ իմ հարցազրույցների ժամանակ միշտ ցույց եմ տալիս, թե ինչքան մեծ աղետներ են բերել այս իշխանությունները ու դեռ ինչքան էլ կբերեն, եթե իրենք մնան: Ու քանի որ հանրային գործունեությամբ եմ զբաղվում, նաեւ ակտիվ ստեղծագործող արվեստագետ եմ, ես երգերի միջոցով եմ նաեւ խոսում այսօրվա իրականության մասին:
Իհարկե, շատերը քննադատում են՝ հարգված, տաղանդավոր, արվեստագետ մարդիկ, մտերիմներ, ընկերներ եւ այլն, ասում են՝ քաղաքականությունը դիր մի կողմ։ Բայց, միեւնույնն է, չեմ կարծում, որ դա ճիշտ է, որովհետեւ յուրաքանչյուր մարդ երգում կամ նկարում է այն մասին, ինչ իրեն ներսից հանգիստ չի տալիս: Դա պոռթկում է, արտահայտումը երաժշտության միջոցով։ Իհարկե, շատերին ոչ մի բան չի խանգարում, ու իրենք իրենց արվեստն այլ ձեւով են ներկայացնում, չեն փորձում խառնվել ներկա քաղաքական իրավիճակին, բայց ես այդպես չեմ։ Ու իմ դեպքում սա ոչ թե ինքնանպատակ է, այլ ներսից դուրս հանելու միջոց: Եթե երաժշտության միջոցով դուրս չհանեմ, ուրիշ ձեւ է լինելու, որն ավելի վտանգավոր է։ Ու հիմա աշխատում եմ երրորդ ալբոմիս վրա, որը գաղափարական առումով մեծ հաշվով չի տարբերվում առաջին երկուսից։
«ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԻՄ ԼՍԱՐԱՆԸ ԼԻՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՍԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՔԻՉ Է»
— Ամեն մեկը պայքարում է յուրովի, Դուք ընտրել եք երգի ճանապարհը: Կգա՞ մի օր, որ արդյունքը կտեսնեք:
— Ես լավատես չեմ, ինչպես շատերը, ու չեմ կարծում, որ միայն իմ երաժշտության միջոցով ինչ-որ բան կփոխվի, մանավանդ, այն դեպքում, որ իմ լսարանը մեծ չէ: Չնայած, այս երգերը շատ ափսոս են, ու այն տանջանքը, որակը, որ տալիս ենք մենք, ու նաեւ ինձնից բացի այն պրոֆեսիոնալ երաժիշտները, ովքեր մասնակցում են, ստանում ենք շատ որակապես ուժեղ գործեր, նաեւ տարբերվող, այսինքն՝ այս երգերի մեջ տեսակ կա, ինչն ամենակարեւորն է իմ համար, բայց եթե համեմատենք արված աշխատանքը, որակը ու տեսնենք թե ինչ արձագանք է ստանում, կարծում եմ՝ շատ քիչ մարդ է լսում ու հավանում, ինչը լավ չէ: Նաեւ շատ հավանական է, որ դա իմ սխալ աշխատելու արդյունքն է: Նկատի ունեմ հանդիսատեսի հետ, որպես պրոդյուսեր, չգիտեմ․․․ Բայց, ամեն դեպքում, եթե նույնիսկ լսարանը լիներ Հայաստանի կեսը, միեւնույն է իշխանափոխություն անելու համար, այն շատ քիչ է։
Կարծում եմ, որ այս դեպքում պետք է մեկս մյուսով լինենք ու գոնե երկրի 60-70 տոկոսն իմ նման մտածի: Բոլոր արվեստագետները, եթե նման գործունեություն ծավալեն, այս դեպքում խոսքը չի գնում միայն երգերի միջոցով, կարող է իրենք գրեն ուրիշ բաներ՝ սիրո մասին երգեն կամ ուրիշ բաներ հորինեն իրենց արվեստի մեջ, բայց եթե շատերը կպնեն նմանատիպ պայքարի, ինչպես ես, բնականաբար, իշխանափոխություն կունենանք, որովհետեւ ազգը, երբ միահամուռ է դառնում ու կոնկրետ նպատակի հետեւից գնում, այդ դեպքում՝ ստացվում է։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ երգերը կարող են հասցնել իշխանափոխության: Դա կիրականանա միայն այն դեպքում, երբ մեծ, լայն մասսաներ բողոքներ անցկացնեն, փողոց դուրս գան, որը հուսանք շուտ կլինի, որովհետեւ Հայաստանում շարունակել նման պայմաններում ապրել աբսուրդ է: Վերջին օրերին, անընդհատ, բանակում խաղաղ պայմաններում զոհերի մասին ենք լսում: Համատարած թանկացումներ, հազարավոր ընտանիքներ սոցիալական շատ լուրջ խնդիրներ ունեն եւ այլն, ու ինչ-որ լուծում է պետք այս ամենը կարգի բերելու համար: Էլ չեմ ասում քաղաքական ու դիվանագիտական ճամբարում ձախողումները, որն անընդհատ Հայաստանը թուլացնում է։
— Առաջիկայում ինչպիսի՞ ստեղծագործական ծրագրեր ունեք:
— Վերջին ամիսներին շատ բուռն ստեղծագործական կյանքով եմ ապրում, այսինքն՝ գրեթե ամեն օր նոր երգերի վրա աշխատանք, ձայնագրություն, միքսեր: Այս պահին մնացել է ընդամենը մեկ երգ, որն արդեն ստուդիայում է: Ձայնագրությունները ավարտել ենք եւ միքսի վրա ենք աշխատում, այսինքն՝ հղկելով, ոսկերչական աշխատանքներ անելու վրա ենք աշխատում։ Ընկերոջս հետ՝ Արման Մսրյանի, ստուդիայում ձայնագրվում է, ու ինքն էլ, ի դեպ, ալբոմի երգերի կեսի կատարողն է, որպես երգիչ ու բասկիթառահար: Ալբոմը կոչվում է «Սերմեր», այսինքն՝ մեր սերը, ինչը խորհրդանշում է երկրի, հայրենիքի հանդեպ սերը։
Ալբոմի գաղափարը մի բանի մասին է, որ նաեւ երբ միասին ենք կարդում «սերմեր» բառը, լինում է ուղղակի սերմեր՝ ծաղիկի, ծառի, բույսերի սերմեր եւ այլն, իսկ ալբոմի շապիկի վրա պատկերված են սերմեր, որոնք քայլելով Արեւմտյան Հայաստանից, Մասիս սարի կողմից գալիս են դեպի Արեւելյան Հայաստան, բայց հետաքրքիր է. պատկերացրեք ինքը, որ նաեւ սերմերը հետ են գնում, այսինքն՝ դու, երբ նայում ես նկարին, չես հասկանում իրենք գալիս են, թե հետ են գնում, ու ամբողջ գաղափարը դրա մասին է, որ մեր հարեւանները կամ ավելի, անկեղծ ասած, թշնամի պետություններն իմանան, որ մեծ ու պինդ ժողովրդին իրենք երբեք չեն կարող հանել իրենց բնօրրանից: Կարող է այդ տարածքում, օրինակ, հայկական լեռնաշխարհում կախված խնդիրներից կամ պատմության անիվից տարբեր դարերում հայերը շարժվել են դեպի արեւելք կամ արեւմուտք, կամ հյուսիս-հարավ, բայց մեծ հաշվով մենք այսօր պետություն ունենք այս տարածքում, ու էլի ունենալու ենք:
Նաեւ ալբոմի գաղափարն այն է, որ դու անընդհատ նոր սերմեր գցես հողի մեջ։ Այսինքն՝ արդեն երեխաներ ունենալ, նույն տեղում մնալ, չարտագաղթել ու այդպես շարունակ: Նաեւ մտքում գոնե հույս ունենաս, գալիքի հանդեպ լավ տրամադրված լինես, որ դու թեկուզ 100, 200 տարի հետո, կամ ինչու ոչ, 1000 տարի հետո վերադառնալու ես քո բնօրրանը, որ այսօր Հայաստանին չի պատկանում:
Նոր ալբոմի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 22-ին: Առաջիկայում ես կտեղեկացնեմ իմ սոցիալական բոլոր հարթակներում մանրամասների մասին։ Ալբոմում կա 11 երգ, հետաքրքիր ու նույնիսկ ավելի տարօրինակ գործիքավորումներով: Տեքստերը գրել են հինգ հոգի, մասնակցել են 17 տարբեր երաժիշտներ, շապիկը սարքել է դիզայներ իմ լավ ընկերներից մեկը: Մի խոսքով՝ ամեն ինչ գրեթե պատրաստ է։ Սպասում եմ շնորհանդեսի օրվան։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ