Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ
ՀանդիպումՀայաստանի կաթնամթերքի շուկայում իրականացված լաբորատոր հետազոտության արդյունքները մտահոգիչ հարցեր են առաջացրել։Հայտնի արտադրողների մի շարք ապրանքատեսակների նմուշներում արձանագրվել են մանրէաբանական շեղումներ։ Խոսքը ոչ միայն առանձին արտադրողների պատասխանատվության, այլ նաև սննդամթերքի անվտանգության վերահսկողության արդյունավետության մասին է։
Կաթը, թթվասերն ու կաթնաշոռը շատերի ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն են, իսկ երեխաների համար՝ հաճախ սննդի կարևոր բաղադրիչ։ Հետևաբար, երբ լաբորատոր հետազոտությունը խնդիրներ է բացահայտում այս շուկայում, հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է սպառողը վստահ լինել իր գնած ապրանքի անվտանգության հարցում։ Ինչո՞վ են պայմանավորված արձանագրված խախտումները, և ի՞նչն է թույլ տալիս, որ նման խնդիրներ հայտնաբերվեն շուկայում, արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը այսպես պատասխանում․
-Կարևոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել ապրանքի պահման պայմաններին։ Ունենք դեպքեր, երբ կաթնամթերքը խանութում դրված է սառնարանում, բայց սառնարանում ջերմաչափ չկա, և մենք չգիտենք՝ ջերմային ռեժիմն ապահովվե՞լ է, թե՞ ոչ։ Քաղաքացին միակ բանը, որ կարող է ուշադրությամբ բացահայտել, այն է՝ պահման պայմանները պահպանվա՞ծ են, թե՞ ոչ։ Պետք է վնաս չտալ արտադրողին, թույլ տալ, որ արտադրողը կայանա, բայց արտադրողը չպետք է կայանա սպառողի առողջության հաշվին։
Շատ կարևոր է պրոֆեսիոնալիզմը, թե ինչպես ենք վերաբերվում խնդիրներին։ Օրինակ՝ կաթի շուկայում բավականին լավ է պատկերը, թթվասերի շուկայում էլ է լավ պատկերը։ Այնուամենայնիվ, կաթնաշոռի շուկայում նկատել ենք մեծ խնդիրներ։ Այստեղ պատճառները կարող են տարբեր լինել, և դիմել ենք ՍԱՏՄ-ին, որպեսզի ուսումնասիրության ընթացքում անպայման անդրադառնան այն կետերին, որոնցով կարող են պայմանավորված լինել այդ խնդիրները։ Բիզնեսն էլ է փորձում քայլեր ձեռնարկել, դրսից մասնագետներ են հրավիրում, որպեսզի որակ ապահովեն։ Բայց բիզնեսը պետք է հասկանա, որ ավելի լավ է մեկ անգամ ստուգվի և լավ ստուգվի, որպեսզի այլևս խնդիր չունենա, քան ստուգումները ձևական բնույթ կրեն, և երկու ամիս անց պարզվի, որ կրկին խնդիր կա։
Այս փուլում ուսումնասիրում ենք ներմուծվող կաթնամթերքը, իսկ մսամթերքի շուկայի ուսումնասիրությունը կիրականացնենք հաջորդ փուլում՝ միաժամանակ երկու ուղղությամբ, և տեղական, և ներմուծված։ Նախապես տեղեկացրել էինք, որ մեր հաջորդ ուսումնասիրության առարկան լինելու է մսամթերքի շուկան։ Սակայն հանրային արձագանքի վերլուծությունը ցույց է տալիս, որ կա նաև ներմուծվող կաթնամթերքի ուսումնասիրության անհրաժեշտություն։ Մեր նպատակը որևէ արտադրողի կամ ներմուծողի վնասելը չէ։ Մեր նպատակը սպառողի շահերի պաշտպանությունն է, շուկայում առկա ռիսկերի բացահայտումը և հանրությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելը։ Ձևավորել պրոակտիվ սպառողի ինստիտուտը, երբ սպառողն ինքն է որոշում ու ինքն է պատվերն իջեցնում, թե ինչը ստուգվի:
Մեզ համար տեղական արտադրողի զարգացումն ու պաշտպանությունը կարևոր նշանակություն ունեն, սակայն դա չպետք է իրականացվի ներմուծվող արտադրանքի հաշվին։ Միևնույն ժամանակ, ներմուծվող արտադրանքը չպետք է որևէ արտոնություն ունենա տեղականի նկատմամբ։ Բոլորը պետք է գնահատվեն նույն չափանիշներով և նույն պահանջներով։