Ես Ռեմբրանդտի հետ էլ տարաձայնություններ ունեմ
ՄշակութայինՅուրի Գրիգորյան.
Հարցազրույց Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Յուրի Գրիգորյանի հետ
– Յո՛ւրի Սուրենովիչ, ուզում եմ շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ, մաղթում եմ ամենայն բարիք՝ առաջին հերթին՝ առողջություն և, իհարկե, ստեղծագործական նոր հաջողություններ։
– Շնորհակալություն։
– Դուք ծնվել եք սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը։ Սա նույնպես շատ հետաքրքիր է և շատ խորհրդանշական, քանի որ Դուք այնտեղ եք ծնվել։
– Այո՛, ճիշտ է, ես ծնվել եմ Արցախում։
– Ձեր հոբելյանի տարում ծրագրո՞ւմ եք ցուցահանդեսներ, միջոցառումներ։ Պատմեք, խնդրում եմ, դրանց մասին։
– Վերջերս համատեղ մեծ ցուցահանդես ունեցա որդուս հետ Յարոսլավլ քաղաքում։ Այս ամբողջ տարին կապված է այս հոբելյանի հետ, և նոյեմբերի 3-ին Գեղարվեստի ակադեմիայում բացվում է մեծ հոբելյանական ցուցահանդես՝ մասամբ հաշվետու (այն, ինչ ստեղծվել է այդ ժամանակամիջոցում), քանի որ այնտեղ կներկայացվեն նաև 1972 թվականի նկարներ, այսինքն՝ շատ վաղ շրջանի նկարներ։ Ճիշտ է, սա իմ առաջին ցուցահանդեսը չէ Գեղարվեստի ակադեմիայում, բայց այժմ սա կլինի իմ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված իմ 80-ամյակին։
– Իսկ կա՞ն արդյոք նաև այլ միջոցառումներ՝ նվիրված Ձեր հոբելյանին։
– Բոլորովին վերջերս Գոստինի դվորում (Гостиный двор – «հյուրերի բակ», ծառայում է որպես ցուցահանդեսների և մեծ միջոցառումների սրահ – թարգմ.) մեծ ցուցահանդես եղավ, այնտեղ մասնակցեցի որդուս հետ։ Այդ ցուցահանդեսին ներկա էր նաև Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Վասիլի Զուրաբովիչ Ծերեթելին։ Տեղեկության համաձայն՝ ամեն ինչ բոլորին շատ դուր է եկել։
– Յո՛ւրի Սուրենովիչ, Ձեր հիմնական թեման, ինչպես շատերը գիտեն, Լեռնային Ղարաբաղն ու Արցախն են։ Դուք ապրել և ապրում եք դրանով։ Լեռնային Ղարաբաղի կորստից, հայրենի վայրերից նրա ողջ բնակչության դուրս գալուց հետո ինչպե՞ս է դա ազդել Ձեզ վրա։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա ստեղծագործական աշխատանքը։
– Գիտեք, ավելի ինտենսիվ սկսեցի աշխատել, քանի որ այնուամենայնիվ հայրենիքի կորուստ է։ Կցանկանայի շտկել. չգիտես ինչու, ներքուստ մտածում եմ, որ սա ժամանակավոր է։ Վերջերս ինձ այցելեց համագյուղացիներիցս մեկը, և նա պատմեց, թե ինչպես են իրենք տարիների ընթացքում հավաքած ամեն բան թողել ժամերի ընթացքում։ Նա մեղվանոց է ունեցել, բայց ստիպված է եղել ամեն ինչ թողնել ու լքել հայրենիքը։ Ինձ թվում է՝ սա անհավանական մի բան է։ Ես չգիտեմ՝ արդյոք այնտեղ վատ էին պատրաստվել, բայց ինչ ուղղակիորեն վերաբերում է պատերազմին, ապա այնտեղ այնպիսի վայրեր կան, որոնք պատերազմով չէին կարող վերցնել. օրինակ՝ Քարինտակ գյուղը։ Ինչպե՞ս կարողացան նրանք մտնել։ Ես շարունակում եմ աշխատել այն բանի վրա, որի վրա աշխատել եմ իմ ողջ գիտակցական կյանքում. դա Ղարաբաղի, Արցախի թեման է։ Որովհետև հայրենիքս խլել են ինձնից, ես էլ չեմ խոսում այն մասին, որ այնտեղ տուն ունեմ, այնտեղ իմ հարազատներն են թաղված, այդ թվում՝ հարազատ եղբայրս (նա մահացավ, և վեց ամիս անց այս ամենը տեղի ունեցավ)։
– Դժբախտաբար, այսօր այնպես է ստացվել, որ Արցախի ժողովուրդը, որը Ղարաբաղից կամովին դուրս եկավ, բայց ստիպված, չի կարողանում իր համար ապաստան գտնել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ որևէ այլ երկրում: Ոմանք տնավորվել են, բայց շատ ղարաբաղցիներ չեն կարողանում այս մտքի հետ հաշտվել, ինչպես և Դուք, հույս են տածում, որ երբևէ կգա իրենց հայրենի տները վերադառնալու ժամանակը։ Հույսը վերջինն է մեռնում:
– Հավանաբար, շատ բան կախված է Հայաստանի ղեկավարությունից, ինձ, չգիտես ինչու, այդպես է թվում։ Ես ահա հիշում եմ, թե ինչպես ինքս տեսա և լսեցի վարչապետից, թե՝ «Ղարաբաղը երբեք հայկական չի եղել», և մտածում եմ. «Այնուամենայնիվ, նա լրագրող է եղել, նա պետք է որ կրթված մարդ լիներ։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել»։ Ինչպե՞ս կարող է մեկը, լինելով վարչապետ, ասել. «այսուհետ մենք չենք արտաբերելու «ցեղասպանություն» բառը»։ Ինչպե՞ս է նման բան հնարավոր։ Ես կարծում եմ՝ ցեղասպանության ժամանակ յուրաքանչյուր ընտանիքում եղել են նախնիների կորուստներ, իսկ նա հիմա ասում է, թե «մենք դա չենք հիշելու»։ Ես չգիտեմ, թե ինչով է պայմանավորված այս իրավիճակը։ Չգիտես ինչու, ինձ միշտ թվացել է, թե լրագրողները խելացի մարդիկ են, իսկ այստեղ այնպիսի արտահայտություններ են… Կամ՝ Արարատ լեռը զինանշանից հանելը… Ինձ թվում է՝ ինչ-որ բան այն չէ…
– Լրագրողները, ինչպես և նկարիչներն ու այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ նույնպես տարբեր են լինում։ Նրանք լինում են խելացի, ոչ այնքան խելացի և այլն։ Եվ այստեղ, իհարկե, մասնագիտությունը ամենագլխավորը չէ. ամենագլխավորը մարդն է. թե որտեղ է նա մեծացել, ինչ ընտանիքում, ինչ դաստիարակություն է ստացել, և ինչ արդյունք է դուրս եկել նրանից։
– Ես շատ երկրներում եմ եղել և հասկանում եմ, որ կա հայ (կարևոր չէ՝ արևմտահայ թե արևելահայ, բայց չգիտես ինչու Երևանում, նկատել եմ, բաժանում են «ղարաբաղցիների» և մյուսների։ Չգիտեմ՝ սա վերևի՞ց է թելադրվում։
– Ինձ թվում է՝ այդտեղ շատ գործոններ կան, բայց կարծում եմ՝ բանն այն է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, մոնոազգային հանրապետություն է, և չկա մեկը, որի վրայով կարելի է անցնել։ Եվ հարկավոր է գտնել մեկին, ում կարելի է նվաստացնել, վիրավորել կամ թույլ չտալ օգտվել այն իրավունքներից, որոնք ունի այս երկրի քաղաքացին։ Բայց սրա մասին կարող ենք երկար խոսել։ Իսկ ես կցանկանայի հարցնել Ձեր ալբոմի մասին։ Ես ծանոթացել եմ նրան, դա պարզապես շքեղ ալբոմ է, որը լույս է տեսել անցյալ տարի, այնտեղ ներառված է 179 աշխատանք։ Ես կռահում եմ, որ դրանք Ձեր ամենալավ աշխատանքներն են։ Դրանք մասնավոր հավաքածուների մեջ կան, մի քանիսը ներկայացված են թանգարաններում, Հայաստանի պետական պատկերասրահում։ Ուրիշ էլ որտե՞ղ կան դրանք։ Ձեր նկարները վաճառվո՞ւմ են։
– Ընդհանրապես դրանք շատ թանգարաններում կան։ Վերջերս, ինչպես ասացի, ցուցահանդես էր Յարոսլավլում, ձեռք բերեցին իմ հայտնի նկարներից մեկը։ Բայց ահա մի տարօրինակ բան... Դուք հարց տվեցիք, Գրիգո՛րի Յուրևիչ, և ես Ձեզ կպատմեմ հայկական հայտնի պատկերասրահի մասին։ Ես այնտեղ մի նկար ունեմ։ Մոսկվայում ինձ հաճախ են հարցնում. «Իսկ այնտեղ Դուք նկարներ ունե՞ք»։ Ես երկու տարի գնում եմ այնտեղ, մտնում եմ հրապարակում գտնվող այդ պատկերասրահը։ Երկար ժամանակ չէի կարողանում տնօրենի մոտ ընկնել, ընդ որում, մինչ այդ ես հանգիստ մտել եմ նախորդ տնօրենի մոտ։ Տեղակալին մի գիրք նվիրեցի և ասացի. «Դուք ընտրեք, խնդրում եմ, 5-6 աշխատանք, և ես դրանք կնվիրեմ թանգարանին»։ Եվ ահա բանակցությունները ձգձգվեցին երկու տարի։ Քանի դեռ ես կենդանի եմ, ուզում եմ նվիրել, որպեսզի նրանք հետո չգնեն իմ թոռներից։ Բայց կա՛մ նրանց պետք չէ, կա՛մ նրանք այնտեղ են գնում միայն աշխատավարձի համար. չգիտեմ։ Ոչ մի հետաքրքրություն։ Գիրքը վերցրեց, նայեց, աշխատանքները նրան դուր եկան, և դրանով էլ ամեն բան ավարտվեց։ Մինչև հիմա ինչ-որ ներքին վիրավորանք կա մեջս։
– Այս զանգվածային անգործունակությունը ոչ միայն տվյալ ոլորտում է՝ պատկերասրահում։ Նույն անգործունակությունն է Հայաստանի նույնիսկ հասարակ մի բնակարանային գրասենյակում (ЖЭК)։ Նույն անգործունակությունը կառավարությունում է, նույն անգործունակությունը Ֆուտբոլի ֆեդերացիայում է, որը ղեկավարում են մարդիկ, որոնք փոքր-ինչ պատկերացում անգամ չունեն ֆուտբոլի մասին, և այլն։ Ահա Դուք նրանց նկարներ եք նվիրում՝ ընտրեք, իսկ նրանք կա՛մ չեն ուզում, կա՛մ չեն հասկանում։
– Ես թողեցի այցեքարտս, խնդրեցի տնօրենը կապվի ինձ հետ, բայց նրանք այդպես էլ չզանգեցին ինձ։
– Յո՛ւրի Սուրենովիչ, չեմ կարող չհարցնել Ձեր որդու՝ կրտսեր Յուրի Գրիգորյանի մասին, որը Ձեր հետքերով գնաց, նույնպես նկարիչ, բավականին էլ հայտնի։ Ես վաղուց նրա հետ չեմ հանդիպել, և ինձ համար հետաքրքիր է, թե ինչպես է նրա հայրը գնահատում որդու վերջին տարիներին ունեցած առաջընթացը։
– Իմ մասին վերջերս ֆիլմ դուրս եկավ, և նա այնտեղ ասում է. «Ես միայն լսում եմ, որ հայրս ինձ գովաբանում է կողքից, երեսիս երբեք չի ասում»։ Ես շատ պահանջկոտ եմ թե՛ ինքս իմ, թե՛ որդուս նկատմամբ։ Բանն այն է, որ նա հավանաբար վարակվել է ինձնից. նա էլ ինձ նման շատ ժամանակ է անցկացնում արվեստանոցում, շատ է աշխատում։ Նա շատ հետաքրքիր աշխատանքներ ունի։ Սկզբնական փուլում շատ աշխատանքներ ուներ Արցախին ու Ղարաբաղին նվիրված, հետո նա մի փոքր հեռացավ դրանից, նրա ոճն ավելի շատ եվրոպական է։ Եվ, փառք Աստծո, նա բոլորովին ինձ նման չէ։ Թիկունքին ես կասեմ՝ ես գոհ եմ, որ նա նույնպես բարեխղճորեն է վերաբերվում աշխատանքին։ Եվ հետո, նա այնքան բարձր տրամադրություն ունի. նա սքանչելի որդի ունի՝ Դավիթը, և դա նրան ոգեշնչում է աշխատելու։ Այնպես որ, այս առումով հարցեր չկան, թե նա ինչ է անում։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում նրա մասնագիտական գործունեությունը։
– Երեկ ես հենց նրա արվեստանոցում էի, նա ինձ շատ աշխատանքներ ցույց տվեց։ Մյուս տարի նրա մեծ հոբելյանն է՝ 50-ամյակը, և մեծ ցուցահանդես կլինի Գեղարվեստի ակադեմիայում։ Ինձ դուր է գալիս, կան որոշ անավարտ աշխատանքներ, որոնց վերաբերյալ ես խորհուրդներ եմ տալիս, ինչպես որ նա է գալիս ինձ մոտ և ասում, եթե ինչ-որ բան նրան դուր չի գալիս։ Այնպես որ՝ այս առումով մենք արդեն գործընկերներ ենք, այլ ոչ թե ուսանող ու մասնագետ, քանի որ մեր միջև տարբերությունը մեծ չէ։
– Իսկ ստեղծագործական տարաձայնություններ շա՞տ ունեք։ Ինչ-ինչ մոտեցումներում , օրինակ։
– Հիմնականում, ես պարզապես ուրախ եմ, որ նա շատ ժամանակ է հատկացնում աշխատանքին, ինչպես և ես։ Ես առավոտ կանուխ ժամը 9-ից արվեստանոցում էի լինում։ Նա հիմա երեխային տանում է մանկապարտեզ և նույնպես արվեստանոցում է ժամը 9-ից մինչև երեկո։
Իսկ տարաձայնությունները... Դե, ես Ռեմբրանդտի հետ էլ տարաձայնություններ ունեմ. նրա որոշ աշխատանքներ ինձ չեն գոհացնում։
– Դա կարելի է նույնիսկ որպես վերնագիր դնել. «Ես Ռեմբրանդտի հետ էլ տարաձայնություններ ունեմ »։
– Սրանք դասականներ են՝ Տիցիան, Ռեմբրանդտ, Գոգեն, բայց նրանց գործերում էլ, երբ նայում եմ, ամեն բանի հետ չէ որ համաձայն եմ։ Ոչ թե նրա համար, որ ես ինչ-որ հատուկ իրավունք ունեմ. ցանկացած մարդ ունի դրա իրավունքը։ Որդուս կարող եմ ինչ-որ բան խորհուրդ տալ, երբ կարծում եմ, որ ինչ-որ բան կարելի է մի փոքր շտկել։ Ինձ համար, այնուամենայնիվ, ամենագլխավորն այն է, որ նա շատ է աշխատում։
– Յո՛ւրի Սուրենովիչ, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը, խորհրդատուն։ Ո՞վ է մեծ ազդեցություն գործել Ձեզ վրա։
– Մեծ մասամբ դա, թերևս, Մինաս Ավետիսյանն էր։ Իմ բախտը շատ է բերել, որ ես ծանոթ եմ եղել նրա հետ։ Ես եղել եմ նրա արվեստանոցում, տեսել եմ նրան նկարելիս, մենք նրա հետ գիշերները միասին զբոսնում էինք Երևանով (այնտեղ մի քանի մարդ էր հավաքվում՝ Մելիքյանը, Հենրիկ Իգիթյանը, Մինաս Ավետիսյանը)։ Երբ ես ուսանող էի, գումար էի հավաքում, որպեսզի գայի Երևան և լինեի Մինաս Ավետիսյանի արվեստանոցում, տեսնեի։ Այո՛, հավանաբար, ազդեցությունը ամենից շատ եղել է Մինասից։ Բայց որ նա ինձ սովորեցներ՝ դե, ոչ։ Ամեն անգամ, երբ գալիս եմ Երևան, այցելում եմ թանգարան, նայում եմ նրա հայտնի «Ջաջուռ», «Իմ ընտանիքը» կտավներին։ Իմ կարծիքով՝ նա ամենաականավոր վարպետներից մեկն է։ Հիմա ես սերտորեն շփվում եմ Նարեկ Ավետիսյանի՝ նրա որդու հետ, միշտ ողջույն եմ ուղարկում նրա մորը՝ Գայանեին, որն արդեն բավական մեծ տարիքի է, Աստված առողջություն տա նրան։
– Գիտեք, արվեստով զբաղվող Ձեր մասնագիտության տեր մարդկանց սովորաբար ես այս հարցերը չեմ տալիս, բայց ես գիտեմ, որ Ձեզ, այնուամենայնիվ, հուզում է Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը։ Դուք հետևե՞լ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին։ Եթե հետևել եք, ի՞նչ եզրակացության հանգեցիք։ Այժմ ադրբեջանցի զինվորը Սյունիքում մտնում է Հայաստանի տարածք, կրակում կնոջ վրա, կինը պաշտպանվում է սառը զենքով, և դրա համար քիչ է մնում մեղադրեն կնոջը։ Այսպիսով, ասացեք խնդրեմ, սկսած ընտրություններից և վերջացրած այս միջադեպով, ինչպե՞ս եք գնահատում այս ամենը։
– Եվ մեղավորը կինն է։ Ընտրությունների վերաբերյալ, ցավոք, ես առանձնահատուկ որևէ բան չեմ կարող ասել։ Ինձ ավելի շատ մտահոգում է նա, ով հաղթել է։ Չնայած որ ես արդեն երկար տարիներ ապրում եմ Մոսկվայում, այնքան շատ տեղեկություններ կան. ես տեսա, թե ինչպես էր վարչապետը, չեմ ասի նրա ազգանունը, խոսում ղարաբաղցի կանանց հետ, որոնք նրան հարցեր էին տալիս, թե ինչպես նա բռնեց մի կնոջ թևից։ Ես նայում էի և մտածում. «Աստվա՜ծ իմ, մի՞թե նա է հաղթելու»։ Եվ ի վերջո նա հաղթեց։ Այնտեղ շատ պահեր կան, որոնք կարելի է քննարկել։ Եթե մարդը առաջնորդ է, նա ամեն դեպքում պետք է օրինակ լինի ժողովրդի համար, բայց ես նայում էի նրան ու մտածում. «Լավ, սա ի՞նչ օրինակ է»։ Եվ Արարատ լեռը հանելու ու ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու հետ կապված արտահայտությունները. այս ամենը պարզապես գլխումս չի տեղավորվում։ Ինչպե՞ս կարող է վարչապետը նման բաներ ասել։ Չէ՞ որ նա օրինակ է ամբողջ երկրի համար։ Գուցե նա խելացի մարդ չէ, բայց ամեն դեպքում կան շրջապատող մարդիկ, կարող էին նրան խորհուրդ տալ, թե ինչպես իրեն պահի։ Ես ահա լինում եմ Հայաստանում, շատերի հետ եմ խոսում. նրանք դեմ են նրան, բայց քվեարկել են նրա օգտին։ Ես սա չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այդպես։
– Այսինքն՝ դեմ են արտահայտվում, բայց կողմ են քվեարկե՞լ։ Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ նրանք այդպես են քվեարկել։
– Նրանք իրենք են ասել։
– Բայց բացատրե՞լ են, թե ինչու։
– Ո՛չ։ Ըստ երևույթին, ինչ-որ խոստումներ կամ էլի նման մի բան։ Դա նաև այն պատճառով, որ մարդիկ հոգնել էին նրանից, ինչ եղել էր։ Գուցե նախկինների պատճառով։
– Բայց այդ փուլը վաղուց անցել է։ Եվ հետո արդեն եղավ պարտությունը Արցախում։
– Բայց այլընտրանքներ չկան։ Իսկ ո՞ւմ։ Այնտեղ էին գրեթե բոլոր նրանք, ովքեր հիմա նստած են։ Այդ պատճառով պարզվում է, որ ընտրում են նրան, ով այդպես խոսում է կանանց հետ։ Իսկ նա, ում թևից նա քաշում էր, պարզվեց, որ ինչ-որ հայտնի բժիշկ է։
– Ձեզ մի հարց կտամ՝ որպես ստեղծագործող մարդու. ես նկատել եմ, որ երբ իրավիճակը որևէ երկրում այսպես անհասկանալի է, մեղմ ասած, դա ազդում է նաև մարդկանց ստեղծագործության վրա: Ես այսօր, օրինակ, չեմ կարող անվանել Հայաստանում ապրող որևէ շատ հայտնի հայ նկարչի, ինչպիսիք էին Սարյանը, Ավետիսյանը, օրինակ, և այլն: Չեմ կարող անվանել այն մակարդակի որևէ բանաստեղծի, ինչպիսին Շիրազն էր, ինչպիսին Սիլվա Կապուտիկյանն էր: Չեմ կարող անվանել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք էին Իշտոյանը, Անդրիասյանը և Մարկարովը... Ինչո՞ւ նրանք չկան: Իսկ եթե նրանք կան, գոնե ֆուտբոլիստները, ապա նրանք հիմնականում հրավիրված են Ռուսաստանից: Ինչո՞ւ:
– Մեր երկրի հետ հիմա ինչ-որ բան է կատարվում։ Հուսանք, որ նա կկարողանա դուրս պրծնել այս վիճակից։ Իսկ ինչ վերաբերում է ստեղծագործության վրա ազդելուն, մասնավորապես ինձ վրա, ապա ես այնուամենայնիվ աշխատում եմ։ Եվ բոլոր այդ թեմաները նոյեմբերի 3-ին Դուք կկարողանաք տեսնել։
– Ես մի-երկու կարճ հարց ունեմ. ո՞րն է Ձեր բոլոր աշխատանքներից Ձեր ամենասիրելի անձնական նկարը, և որտե՞ղ է այն գտնվում: Բայց միայն մեկը նշեք, խնդրում եմ:
– Մի անգամ մի լրագրող ինձ հարցրեց. «Եթե հրդեհ լինի, Ձեր ո՞ր մեկ նկարը Դուք կվերցնեք։
– Այո՛, մոտավորապես նույն բանը։
– Հավանաբար, իմ «անձնագիրը» «Ստնտուն» (ծծմայր) նկարն է, հայտնի է։ Դուք գիտեք այն՝ կովը և կինը երեխայի հետ։
– Այո՛, շատ խորհրդանշական է։
– Հավանաբար դա։ Այն կա բազմաթիվ թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։
– Այն ստեղծվել է մի քանի տարբերակով։
– Այո՛, մի քանի տարբերակով, որովհետև բոլորն ուզում են այն ունենալ։ Մի այսպիսի իրավիճակ եղավ։ Այն տպագրվեց 88 թվականին «Օգոնյոկ» ամսագրում, և հանկարծ ինձ գտավ ամերիկյան դեսպանատան մշակույթի գծով կցորդը (ատաշե), ասում է. «Ես ուզում եմ ձեռք բերել այս նկարը»։ Ես պատասխանում եմ, որ այն արդեն թանգարանում է։ Նա ասում է. «Կրկնօրինակե՛ք»։ Բնօրինակը ես նկարեցի մեկուկես օրում, իսկ պատճենը կրկնեցի չորս ամսում։ Սա իմ ամենահայտնի աշխատանքն է։
– Ու՞մ եք համարում ամենահայտնի հայը աշխարհում։
– Ժամանակակիցներից կցանկանայի նշել Ռուբեն Վարդանյանին։ Կարո՞ղ եմ ժամանակակիցներից երկուսին անվանել։
– Անվանեք։
– Ռուբեն Վարդանյանը և Սերգեյ Գալիցկին. ես համարում եմ, որ նա ազնվության առումով ականավոր անձնավորություն է։
– Որը Հարությունյա՞ն է։
– Այո՛, Հարությունյանը։ Այն, ինչ նա անում է... Ինձ դուր են գալիս այդպիսի մարդիկ։ Իսկ առհասարակ, ես, հավանաբար, կանվանեի Շառլ Ազնավուրին։ Հիշում եմ, մի երկրում կնոջս հետ նստեցի տաքսի, և վարորդը հարցրեց, թե ովքեր ենք ազգությամբ։ Մենք պատասխանեցինք, որ հայ ենք, և այդ ժամանակ՝ «Օ՜, Շառլ Ազնավուր»։ Այնքան հաճելի էր, որ հայերի հետ ասոցիացիան Շառլ Ազնավուրն էր։
– Իսկ ո՞ւմ եք համարում ամենահայտնի նկարիչը՝ Ձեզ համար և աշխարհում։ Բոլոր ազգություններից, ոչ միայն հայերից։
– Հավանաբար՝ Ռեմբրանդտին, որի նկատմամբ ես մասամբ քննադատաբար եմ վերաբերվում։
– Ուրիշ էլ ի՞նչ կցանկանայիք ասել մեր հարցազրույցի վերջում։
– Նախևառաջ, շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Ես հինգ տարի չեմ եղել Ձեր խմբագրությունում, Գրիգո՛րի Յուրևիչ, և սա շատ հաճելի է։ Դուք ունեք հրաշալի թերթ։ Մենք ապրում ենք Ռուսաստանում, և ցավալի է, որ Հայաստանի մասին տեղեկատվությունը, վերլուծությունը հասանելի են միայն թերթում։ Կարող էր լինել հեռուստատեսային ալիք, ինչպես նախկինում էր, և մենք այն հաճույքով էինք դիտում։ Ցավոք, այսօր տեղեկատվություն ստանալու համար մենք ստիպված ենք օգտվել սոցցանցերից, իսկ այնտեղ միշտ չէ, որ ամեն ինչ ճիշտ է կամ ճշմարտություն է։
– Ի՞նչ մաղթանքներ կցանկանայիք հղել «Նոև Կովչեգ» թերթի ընթերցողներին։
– Նախ՝ բոլորին քաջառողջություն։ Ինձ դուր է գալիս այս թերթի ձևաչափը. տեղեկատվությունը սպառիչ է, նրա մեջ շատ հետաքրքիր ու ճանաչողական բաներ կան։ Քանի՞ տարեկան է նա արդեն։
– 2027 թվականին կտոնենք 30-ամյակը։
– Կարծում եմ, որ անպայման պետք է բաժանորդագրվել նրան՝ ամենուրեք, որտեղ այն կա, պետք է վերցնել ու կարդալ։
– Ի՞նչ կցանկանայիք ասել մեր հայրենակիցներին։
– Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16.00-ին, կբացվի իմ մեծ հոբելյանական ցուցահանդեսը Պրեչիստենկա փողոցի 21 հասցեում՝ Գեղարվեստի ակադեմիայում։ Սա ամեն դեպքում կարևոր պահ է. Այն պետք է բացի ակադեմիայի նախագահը։ Ուրախ կլինեմ բոլորիդ տեսնել։ Հրավիրում եմ։
– Շատ շնորհակալություն հրավերի համար։
- Շնորհակալություն հարցազրույցի համար։
Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը
Լուսանկարում՝
Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Գրիգորյանը (աջից) և «Նոև Կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը խմբագրությունում հարցազրույցի ժամանակ
«Թթենիներ», 2014, կտավ, յուղաներկ, 80 x 100
«Կարմիր բնապատկեր», 1999, կտավ, յուղաներկ, 120 x 130
«Հիշողություն մանկությունից», 2010, կտավ, յուղաներկ, 100 x 100

