Հասել ենք ծանր ճակատամարտի վերջին տղե՛րք, ժողովուրդը Ձեզ չի ների հերթական խաբեության համար․Հակոբ Ասլանյան Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը նույնպես հուշում է՝ Նիկոլի կամոք Մուսաեւը կարտահանձնվի Ադրբեջանին Վրացիներն իրենց կարթն արագ նետեցին հայկական հորձանուտի մեջ Ի՞նչ է «ակնարկում» Չեխիայի դեսպանն իր կարմիր վարդով Չենք կարող թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վերածվի Ալիեւի անեքսիայի գործիքի․ Լեւոն Զուրաբյան Նիկոլի ռեպրեսիաների խորապատկերում՝ համախմբման նոր փորձ Մեզ մենակ սա էր «պակասում»․ ԶԱՐՄԱՆՔ Ստիպված ա հարստացել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին Նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Չենք կարող թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վերածվի Ալիեւի անեքսիայի գործիքի․ Լեւոն Զուրաբյան

Հանդիպում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մեկ ամսով կալանավորված առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի է ունեցել մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հավաք, որի արդյունքում նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Ներկաների շարքում էր նաեւ ՀԱԿ փոխնախագահ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը։

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻՆ «ՔՇՈՒՄ» Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎՐԱ»

— Պարոն Զուրաբյան, ի՞նչ արդյունքներ տվեց տեղի ունեցած հավաքը, և ինչպե՞ս եք պատկերացնում հրապարակված հայտարարությամբ նախանշված՝ Սահմանադրության փոփոխության դեմ պայքարի հետագա ընթացքը։

— Դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը օրենքի եւ Սահմանադրության խախտումներով, Ալիեւի պահանջով ցանկանում է նոր Սահմանադրություն ընդունել, որից Ալիեւի պահանջով պետք է հեռացվի Անկախության հռչակագրի վրա հղումը: Այսինքն՝ կատարվի մի քայլ, որը խարխլում է մեր պետության իրավաքաղաքական հիմքերը։ Դուք նաեւ գիտեք եւ տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանի այս քաղաքականությունը, մշտապես բավարարելով Ալիեւի ցանկացած պահանջ, ոչ մի արդյունք չի տալիս, եւ մենք չենք ստանում խաղաղություն։ Հիմա, տեսնելով, որ ինքը չի ստացել պառլամենտում սահմանադրական մեծամասնություն, փորձում է արդեն ուժային եւ հալածանքների մեթոդներով ստանալ այդ սահմանադրական մեծամասնությունը։

Մենք սա պիտի թույլ չտանք։ Սա ընդամենը քաղաքական ուժերի համախմբում է մեկ կարեւոր հարցի շուրջ, որ այս ռեժիմի հարձակումները եւ այս ապօրինի ջանքերը՝ Սահմանադրությունը փոխելու, Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու, մեր ազգային ինքնության դեմ արշավները եւ այլն, պետք է կանխել: Ուղղակի, դա մենք անելու ենք համատեղ ջանքերով։

—Ի՞նչ սցենարով, ի՞նչ կերպ, եթե ինչպես հանդիպումից հետո ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, փողոցային պայքար գեներացնելու տարբերակ չի քննարկվել։

— Մենք ընդամենը հայտարարել ենք օրակարգային ընդհանուր հարցերի շուրջ համախմբման մասին։ Ամեն կուսակցություն, քաղաքական ուժ ի զորու է անել բոլոր այն քայլերը, որը համարում է ճշգրիտ այդ գործի համար։ Իհարկե, եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, իր կողմնակիցներին «քշում» է Ազգային ժողովի վրա, որպեսզի հակասահմանադրական պուչով (փոքրաթիվ դավադիրների խռովություն` պետական հեղաշրջում առաջացնելու համար, - հեղինակ) ապահովի իր բացակայող ձայները, այդ դեպքում շատ հնարավոր եմ համարում նաեւ համատեղ ակցիաները եւ ժողովրդի համատեղ մոբիլիզացիան, որպեսզի այդ հակասահմանադրական պուչի դեմը առնենք։

«ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ»

— Ձեր քաղաքական ուժը դեռ մինչեւ խորհրդարանական ընտրությունն էր բարձրաձայնում համախմբման անհրաժեշտության մասին։ Չե՞ք կարծում, որ հիմա առնվազն մի քիչ ուշացած է այս ամենը։

— Կարծում եմ: Եվ այս օրակարգը, որը մենք ընդունեցինք, ամիսներ առաջ ես հրապարակել եմ, եւ նաեւ բոլոր հանդիպումների ժամանակ խոսել եմ սրա մասին: Ընդհանրապես մեր ուժը խոսել է այդ օրակարգի շուրջ համախմբման անհրաժեշտության մասին։ Դե հիմա, քաղաքականությունը հեշտ գործ չէ։ Մենք աշխատել ենք այս ուղղությամբ: Լավ է ուշ, քան երբեք։

— Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը փողոց կգեներացնի, եթե խորհրդարանական ընդդիմությանը չկարողանա համոզել, որ պետք է իրականացվի Սահմանադրության փոփոխություն։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Դե, դա պուչիստի հոգեբանություն է։ Որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ դու փողոց կգեներացնես։ Դա նշանակում է՝ դու արդեն, ըստ էության, Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունները զանգվածաբար կեղծելով եւ դառնալով Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն, այնուամենայնիվ, չես կարողացել ստանալ անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։ Այսինքն՝ դու ինքդ քո հայտարարություններով դարձրիր 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունները հանրաքվե՝ Սահմանադրությունը փոխելու հարցով, որովհետեւ դու ասացիր, որ եթե ես չունենամ այդ կարողությունը, չկարողանամ ստանալ սահմանադրական մեծամասնություն, ուրեմն՝ տեղի կունենա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ։

Այսինքն՝ շանտաժով, ժողովրդին վախեցնելով, ըստ էության, վերածեցիր Ազգային ժողովի ընտրությունները ռեֆերենդումի այդ հարցով։ Բայց, չնայած բոլոր ջանքերի, այդ թվում նաեւ ընտրության զանգվածային կեղծման, դու չկարողացար ստանալ այդ մեծամասնությունը։ Դու արդեն այդ հանրաքվեն պարտվել ես։ Եթե դու դրանից հետո հավաքում ես մի քանի հարյուր մարդ՝ բերես Ազգային ժողովի վրա, նշանակում է՝ դու զբաղված ես հակասահմանադրական պուչով։ Բնականաբար, այդ պուչի դեմը պետք է առնել։ Չենք կարող թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վերածվի Ալիեւի անեքսիայի գործիքի։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ