Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ Լրագրողնե՛ր, պատրաստվե՛ք, Ձեր գրած հոդվածները շուտով կարող են դառնալ եկամտի աղբյուր Կիևի «Հյուսիսային կամուրջը» ռուսների գիշերային հարձակումից լուրջ վնասներ է կրել Վենսը բանակցություններ է վարում Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ. Axios Սպшնություն Լոռու մարզում. կասկածյալը հարեւանի տղան է «Հայաստանը պետք է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմում լինի» գաղափարի թշնամին եմ 12.92 միլիարդ դրամ՝ սպորտին․ 2027-ին ինչպե՞ս է ծախսվելու պետական փողը Արդյո՞ք քաղաքացին կարող է խանութում ինքնուրույն գնահատել գնվող կաթնամթերքի անվտանգությունը․ Մասնագետը փաստում է՝ ոչ Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում TRIPP-ը անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ. Սիմոնյան

Ընդդիմությունը նրա համար չէ, որ Ազգային ժողովում պարբերաբար ծեծ ուտի․ Սամվել Նիկոյան

Հանդիպում

Ազգային ժողովը, որը կոչված է լինելու քաղաքական բանավեճի, օրենսդրական քննարկումների եւ պետական պատասխանատվության բարձրագույն հարթակ, այս իշխանությունների օրոք գնալով վերածվում է բռունցքների, թռչող աթոռների ու ջրի շշերի բախման թատերաբեմի։ Խորհրդարանական ծեծկռտուքներն այլեւս արտառոց միջադեպեր չեն, այլ՝ քաղաքական անհանդուրժողականության եւ երկրում արմատավորված ամենաթողության հերթական դրսեւորում։ Որտե՞ղ են այս ամենի արմատները, ո՞վ է պատասխանատու խորհրդարանական մշակույթի այսպիսի անկման համար, եւ արդյոք ընդդիմությունը պետք է հաշտվի այն դերի հետ, որին փորձում են նրան պարտադրել իշխանությունները։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ։

«ՆԻԿՈԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԳԻՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԻՐԸ ՂԵԿԱՎԱՐԵԼ, ՆԱ ԸՆԴՈՒՆԱԿ ՉԷ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ»

— Ազգային ժողովում ծեծկռտուքները, կարծես, դարձել են սովորական երեւույթ, բայց որ աթոռով են արդեն իրար ծեծում, դա արդեն արտառոց էր։ Դուք եղել եք Ազգային ժողովի նախագահ, նախագահի տեղակալ, իշխող խմբակցության քարտուղար, պատգամավոր։ Երբեւէ խորհրդարանում այսպիսի մակարդակի վեճեր եղե՞լ են։

— Գիտեք, արդեն դուք սկսեցիք վիրավորել, որովհետեւ մեր ժամանակ նման բան չէր կարող լինել, նման բան ոչ մեկն իրեն թույլ չէր տա, քանի որ ընդունված էր, որ իշխանություն կրողը պարտավոր է ավելի զիջող լինել ընդդիմության հանդեպ։

Երբ տեսանք, որ առաջին անգամ ինչ-որ մեկը՝ չգիտեմ ինչ են ասում դրան, աթոռը վերցրել եւ վերեւից, ինչ-որ բան է փորձում անել, ապշեցինք: Գիտեք, ես իրենց չեմ մեղադրում, նրանք այն իշխանական պատգամավորներն են, որոնց հավաքել են այնտեղ։ Ես մեղադրում եմ հասարակության մեջ այն մարդկանց, ովքեր ընտրել են նրանց, եւ ինչքան էլ Նիկոլը կեղծել է ընտրությունները, միեւնույնն է, իմ կարծիքով, 40 տոկոսը, այնուհանդերձ, իրենց ձայն տվել է: Այդ 40 տոկոսին եմ ես մեղադրում, որովհետեւ այստեղ խոսքն արդեն պետության եւ ազգային արժանապատվության, բարեկրթության, միջազգային հեղինակության մասին է։ Այդ 40 տոկոս ընտրողները գիտեին, թե ում են ընտրում, բայց այդ քայլի հետեւանքները չէին գիտակցում։ Նրանք այդպիսին են՝ իրենց ղեկավարի հետ միասին: Չէ որ նրանց ղեկավարը խրախուսում է բռնությունը: Դե հիմա այդ մարդիկ թող չասեն՝ վա՜յ, էս ինչ ամոթ է: Ամոթը ձերն էր, որ բերեցիք նրանց այդտեղ։

Հետո, այդ պահվածքի հետեւանքները արտացոլվում են հասարակության տարբեր շերտերի մոտ՝ դա լինի փողոցում, բանակում եւ այլուր: Դրանք իրենց զգացնել են տալիս: Օրինակ՝ շաբաթը մեկ կարդում ենք, որ բանակում հերթական զոհն ունենք: Ցավում ենք, բոլորս ցավում ենք, բայց պետք է հասկանանք՝ որտեղի՞ց եկավ այդ բռնությունը բանակում: Բանակում տեսնում են, թե ինչ է կատարվում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, իշխանության տարբեր թեւերում եւ ինչպիսի՞ վերաբերմունքի է արժանանում գործադիր իշխանության ղեկավարության կողմից, ինչպիսի՞ վերաբերմունք ունեն իրավապահ մարմիններն այդ ամեն ինչի նկատմամբ, նրանք էլ անում են այն, ինչ ցանկանում են։

Ի՞նչ եք կարծում՝ ուրիշ ձեւ պետք է լինի՞։ Փոխանակ իշխանավորը պարտականություններ զգա, զսպվածություն ցուցաբերի եւ կոչ անի զսպվածության ու իր վարքագծով ամեն ինչ անի, որպեսզի նման բաներ չլինեն, ընդհակառակը՝ հրահրում են, նախաձեռնում են։ Եվ չզարմանաք, որ հասարակության մեջ, տարբեր շերտերում հիմա այդ ուժային լուծումներն են հարցեր որոշում, ինչպես բանակում, որտեղ ունենք բավականին զոհեր՝ խաղաղ պայմաններում: Դա ակնհայտ դրա հետեւանքն է։

Այնպես որ, Նիկոլը չի կարող հանգիստ պայմաններում երկիրը ղեկավարել, նա ընդունակ չէ հանգստության։ Նրան պետք է խառնակչություն, պայքար, կռիվ, ծեծուջարդ, արյուն, որպեսզի ինքը, որպես քաոսի կառավարիչ, իրեն լավ զգա։

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ Չէ, ՈՐ ԱՅՆՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԾԵԾ ՈՒՏԻ»

— Պարոն Նիկոյան, այս ամենում ընդդիմությունն իր պատասխանատվության բաժինը չունի՞։ Իշխանության ներկայացուցիչների հետ բախումներից հետո ընդդիմադիր պատգամավորներն էլ են հայտարարում, թե «տղայական, հայկական նորմալ կռիվ էր»։ Արդյոք այսպիսի մոտեցմամբ ընդդիմությունը չի արժեզրկում սեփական քաղաքական առաքելությունն ու խորհրդարանական գործունեությունը։

— Գիտեք, ընդդիմությունը պետք է արտահայտի հասարակության մեջ եղած ընդդիմադիր շերտերի տեսակետները։ Ընդդիմությունը բավականին ժամանակ կրավորական կերպար է: Խոսքը ոչ միայն այսօրվա ընդդիմության մասին է, այլ նաեւ՝ նախորդ հինգ տարվա մասին: Անընդհատ նրանք իրենց քանակական մեծամասնության ուժայինների օգնությամբ եւ Ազգային ժողովի ղեկավարության առաջնորդությամբ, միշտ էլ այդ կռիվ-դավին, ծեծուջարդն արել են։ Եվ իրենք իրենց քանակական մեծամասնությամբ, կարծես թե, հաղթանակով են դուրս եկել այդ ամենից։

Հիմա էլ նույնը փորձեցին անել, որովհետեւ ընդդիմությունը մտցրել է որոշակի քաղաքական եւ կարեւոր դաշտ իր հարցադրումները, որոնց դժվարանում են իշխանավորները պատասխանել։ Եվ նրանք, իհարկե, տեղափոխվեցին արդեն այս դաշտ՝ ծեծկռտուքի դաշտ։ Բայց ընդդիմությունը նրա համար չէ, որ Ազգային ժողովում պարբերաբար ծեծ ուտի: Ընդդիմությունն իր արժանապատվությունը պետք է պահի այնպիսի հատուկ ձեւով, որ նրանք իրենց ձենները կտրեն եւ իրենց գլխաքանակային առավելությունները չօգտագործեն:

Ուղղակի, ընդդիմությունն էլ պետք իր միջավայրում, որտեղ ինքը գործում է, հստակ ձեւակերպի իր անելիքները։ Յուրաքանչյուր ընդդիմություն, քանի որ պատգամավորների քանակով քիչ է, պետք է արժանի լինի այնտեղ գտնվելուն՝ իր վարքագծով եւ ամեն ինչով։ Անհասկանալի է, որ ընդդիմության մի քանի պատգամավորների վրա կատարվում է հարձակում, սակայն մյուս պատգամավորներները չեն մասնակցում այդ ամեն ինչին։

Ութ տարի շարունակ մեր երկրում ամեն ինչ այլանդակվել է, այլասերվել ու հասել ենք այս օրվան: Ցավոք, սա մեր իրականությունն ու իրողություննն է: Սա մեր պետությունն ու ազգային արժանապատվությունն է, մեր միջազգային հեղինակությունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ