Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը նույնպես հուշում է՝ Նիկոլի կամոք Մուսաեւը կարտահանձնվի Ադրբեջանին
ՀրապարակախոսությունԱյս հետեւությանը կարելի է հանգել՝ արդեն ոչ միայն նախադեպերից ելնելով: ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի նոյեմբերի 4-ի հայտարարությունը նույնպես հուշում է, որ Հայաստանի սահմանը հատած, Շաքիում հայտնված, մի քանի հանցանքների հեղինակ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւը Նիկոլ հայադավի կամոք մի որոշ ժամանակ հետո կարտահանձնվի Ադրբեջանին:
Երկու օր առաջ լրատվականներում հայտնվեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պողոսյանի հայտարարությունը՝ «Շաքի մտած ադրբեջանցին սպանելու դիտավորություն չի ունեցել»:
Դե ինքնաձիգով զինված մտել էր Հայաստան, որ երեւի մի բաժակ սուրճ խմեր, գնար: Մտածում եմ՝ ախր Արթուր Պողոսյանն էլ հո Նիկոլի պես չէ՞, համենայնդեպս, դժվար թե այդպիսին լինի, ու քանի որ իրենից չունեմ այն տպավորությունը, թե Ալիեւի ցեղակիցն է, առաջանում է հաջորդ հարցը՝ բա, ամեն ինչը մի կողմ, չի՞ ամաչում... Քաղաքական կոռուպցիան էլ ինչպե՞ս է լինում...
Ի՞նչ է՝ Արթուր Պողոսյանը փորձելու է համոզել, թե Շաքի մտած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւի կատարած հանցանքների առթիվ հարուցված քրեական վարույթով անաչառ, օբյեկտիվ քննությո՞ւն է կատարվել: Եթե ինքն էլ, իր հերթին, Նիկոլի կամակատարը չէ, ինչո՞ւ է վերոնշյալ հայտարարությամբ հանդես եկել: Եվ տողերիս հեղինա՞կն է, որ պետք է հիշեցնի՝ հանցագործությունը կոծկելը նույնպես հանցագործություն է:
Քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը նախաքննությունը դեռ նոր-նոր սկսված, իր հրապարակային հայտարարություններով կանխորոշել է այն եզրակացությունը, որը պետք է կայացվի քննության արդյունքում, ըստ էության, առերեւույթ ուղղորդել է նախաքննությանը, փաստացի ստանձնել է ադրբեջանցի հանցագործ զինծառայողի փաստաբանի կամ իրավապաշտպանի դերը, այս պարագայում ուրիշ ի՞նչ հետեւությոն կատարել՝ բացի նրանից, որ ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնողն էլ Նիկոլի կամակատարն է, ինչպես Նիկոլը՝ Ադրբեջանի նախագահի:
Ըստ էության, Պողոսյանի հայտարարության մեջ կա ճշմարտության մասնիկ, ընդ որում, անառարկելի, հիմնված երկաթյա տրամաբանության վրա. այո՛, Ավետիսյանների տուն մտած ադրբեջանցի զինծառայող Մուսաեւն Անի Ավետիսյանի երեխաներին սպանելու դիտավորություն սկզբնապես չի ունեցել, քանի որ եթե ինքնաձիգով զինված Մուսաեւն ունենար տվյալ դիտավորությունը, դա դյուրությամբ կիրականացներ այն ժամանակ, երբ տանը միայն ինքը եւ երեխաներն էին:
Սակայն, ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնողի հայտարարության մեջ կա նաեւ կեղծիք, եթե դրանով նկատի ունի նաեւ, որ ադրբեջանցի զինծառայողն ընդհանրապես սպանելու դիտավորություն չի ունեցել: Եթե Պողոսյանը որոշակիացներ ժամանակային առումով, թե Մուսաեւը ե՞րբ չի ունեցել սպանելու դիտավորություն, եւ երկրորդ՝ տվյալ ժամանակ ո՞ւմ սպանելու դիտավորություն չի ունեցել, ապա ամեն ինչ իր տեղը կընկներ: Ստացվում է, որ ՔԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնողը խորամանկել է. ասել է մի բան, որը սկզբնական ժամանակահատվածում՝ մինչեւ Անի Ավետիսյանի իր տուն մտնելը, վերջինիս երեխաների մասով ճիշտ է, սակայն թե՛ Ավետիսյանի, թե՛ իր երեխաների մասով չի համապատասխանում իրականությանն այն բանից հետո, երբ Շաքիի բնակչուհին մտել է տուն: Հավանաբար ասկյարի գազանային բնազդն այդ պահից արթնացել է...
«Մուսաեւն ունեցել թե չի ունեցել սպանելու դիտավորություն» հարցի առումով Պողոսյանի պորտն իր տեղն է դրել «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Վահագն Մխոյանն իր հետեւյալ գրառմամբ. «Ես հիշեցնեմ, որ ադրբեջանցին Անի Ավետիսյանին ու նրա երեխաներին սպանելու գումարային 3 փորձ է կատարել։
Առաջինը, երբ Անին մտել է տուն, կրակել է նրա ուղղությամբ, բայց վրիպել։
Երկրորդը, երբ կրակել է երեխաների ուղղությամբ ու Անին ձեռքի մատները կորցնելու գնով շեղել է ավտոմատի փողը։
Երրորդը, երբ նորից կրակել է Անիի ուղղությամբ, բայց վերջինս նորից շեղել է ավտոմատի ուղղությունը ու գնդակը դիպել է ոտքին։
Այդ ամենից հետո մի հատ էլ է փորձել ավտոմատը լիցքավորել (տեսնես խի՞)»։
ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնողին հրապարակայնորեն փոխանցում եմ վերոնշյալ սոցիալական ցանցի օգտատերերից Արամ Աբաջյանի հետեւյալ հարցը. «Հլը պատկերացրեք, որ այն, ինչ արել ա էդ սահման հատած ադրբեջանցին, հանկարծ ինչ-որ հայ արած լիներ, ինչ կանեին»: Դե թող պատասխանի...
Ահա Մուսաեւի մեկ այլ պաշտպանի դերը ստանձնած Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնողի՝ Սուրոյի ելույթը. «Տվյալ անձնավորության ձերբակալության ժամանակ նախ նա դիմադրություն ցույց չի տվել, երբ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները նրան ձերբակալելիս են եղել, դա արդեն իսկ ցուցիչ է նրա, որ նա դիվերսանտ չէ»: Սույն մտքի գիգանտը, իհարկե, «մոռացել է», որ Մուսաեւն Անի Ավետիսյանի դանակով հարվածներից (իր զավակներին եւ իրեն պաշտպանելու նպատակով) ծանր վիրավոր, թերեւս գրեթե արյունաքամ վիճակում է եղել ու, հետեւաբար, չէր կարող դիմադրություն ցույց տալ, իսկ եթե նույնիսկ ի վիճակի լիներ ցույց տալ, Հայաստանի ուժայինների կրակոցներից տեղում կզոհվեր: Ինքս ադրբեջանցի զինծառայողին երբեւէ խափանարար (դիվերսանտ) չեմ համարել, բայց չեմ էլ բացառել, որ նա կարող էր Հայաստան մտած լինել անձնական վրիժառության, ահաբեկչության նպատակով:
Դատելով Արթուր Պողոսյանի վերոնշյալ հայտարարությունից՝ ՔԿ-ն, կասկածից գրեթե դուրս է, Նիկոլի հանձնարարությամբ նպատակ ունի մեղմացնել կամ արդեն իսկ մեղմացրել է ադրբեջանցի զինծառայողի կատարած հանցանքը, որպեսզի առաջիկայում դյուրին լինի նրան Ադրբեջանին հանձնելը՝ դարձյալ Նիկոլի հանձնարարությամբ:
Ողջ իշխանական բուրգը՝ սկսած իրենց հայհոյախոս բլոգերներից ու ֆեյքերից, մինչեւ Նիկոլ, լծվել են ադրբեջանցի ասկյարի արդարացման ու մաքրաջրման գործին։ Ուղղակի զզվելի է տեսնել ու լսել այս ամենը։ Նիկոլը եւ իր ոհմակից (չարախմբից) բազմաթիվ հակահայեր արդեն, ըստ էության, չեն թաքցնում իրենց պետական դավաճան լինելը։ Գրեթե բոլորը նույն կեղծիքն են տարածում, թե Մուսաեւն իբր քնած է եղել, Անի Ավետիսյանը դանակով մոտեցել, խփել է նրան, ադրբեջանցի զինծառայողն էլ քննաթաթախ վիճակում վախից կրակել է, ու քանի որ Մուսաեւն ահաբեկիչ չէ, նա չի սպանել հայ կնոջը, այլ կրակել է ոտքին։
Ադրբեջանական ԶԼՄ-ները, շնորհիվ Նիկոլի ու նիկոլական ոհմակի, իրենց զինծառայողին ներկայացրել ու ներկայացնում են իբրեւ խաղաղ քնած զոհի, իսկ հայ կնոջն արյունարբու մարդասպանի, որը ցանկացել է մորթել քնած մարդուն։ Հայաստանի դավաճան իշխանությունների «իշմարով» թուրքերը հավասարության նշան են դրել դահիճ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու եւ Շաքիի դեպքի միջեւ։ Բնավ չզարմանաք, եթե ադրբեջանական կողմը, շնորհիվ Նիկոլի եւ իշխանությունից ոմանց, Շաքիում տեղի ունեցածն առաջիկայում ներկայացնի միջազգային ատյաններ՝ ցուցադրելու համար հայերի հերթական «ոճրագործությունը», իսկ որպես ապացույց ներկայացնի Նիկոլի, Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի, ինչպես նաեւ ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Պողոսյանի խոսքերը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ