Կառավարության դպրոցական «բարեփոխումը»՝ անպատասխան հարցերով
ՀասարակությունՇիրակի մարզի մի շարք գյուղերում դպրոցների միավորման ծրագիրը հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները ծնողներն ու դպրոցների ներկայացուցիչները դեռ չունեն։ Կառավարությունը հստակ չի ներկայացրել, թե ինչ չափանիշներով են ընտրվել միավորման ենթակա դպրոցները, եւ ինչ հիմնավորմամբ են որոշ դեպքերում գործող դպրոցները փոխարինվելու այլ բնակավայրերում կրթություն ստանալու հնարավորությամբ։
Հակասությունն ակնհայտ է․ օրինակ, Սարակապի դպրոցը հիմնանորոգվել է 2019 թվականին, իսկ Մեղրաշատի դպրոցը տիպային շինություն է։ Եթե դպրոցները կարողանում են սպասարկել աշակերտներին, ապա ինչո՞վ է հիմնավորվում դրանց միավորման անհրաժեշտությունը։
Մյուս կողմից՝ երեխաների տեղափոխման հետ կապված խնդիրները դեռ լուծված չեն։ Հողմիկում ձմռանը ճանապարհները կարող են փակվել երկու-երեք օրով, Մեղրաշատում ճանապարհների վիճակը վատ է, իսկ Զորակերտում եւ Ծաղկուտում ծնողները մտահոգված են երեխաների, հատկապես աղջիկների անվտանգությամբ։
Ավելի մտահոգիչ է, որ հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ որոշ բնակավայրերում ճանապարհների վերանորոգման մրցույթներ դեռ հայտարարված չեն։ Միաժամանակ նոր դպրոցների կառուցման կամ նախատեսված աշխատանքների ավարտի ժամկետների վերաբերյալ հստակություն չկա։ Մինչդեռ նախատեսված դպրոցներն, ըստ ներկայացված ժամանակացույցի, պետք է պատրաստ լինեին մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։
Այս պայմաններում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է կառավարությունը նախատեսում իրականացնել միավորումը՝ առանց ճանապարհների, տրանսպորտի եւ ընդունող դպրոցների պատրաստվածության հստակ երաշխիքների։
Կրթության որակի բարելավումը չի կարող սահմանափակվել դպրոցների միավորմամբ։ Առանց հրապարակային չափանիշների, հիմնավորված որոշումների եւ պատրաստ ենթակառուցվածքների՝ այս գործընթացը կարող է վտանգել ոչ միայն կրթության հասանելիությունը, այլեւ գյուղերի ժողովրդագրական ապագան։
ՌՈՒԴԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

