Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության, վարչապետ Վազգեն Սարգսյանի սպանության եւ մեղավորների մասին Tete a tete հաղորդման ժամանակ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել եղբորորդին՝ ԿԱՌԼԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ «Հայրս մի անգամ այնքան լավ արտահայտվեց՝ եթե ես վստահ իմանայի, թե ով է հոկտեմբերի 27-ն իրականացրել, հաստատ դա անպատասխան չէր մնա: Չնայած Վազգենի համար կարելի է, որ ուժին էլ կասկածել, պատժել, բայց այն, ինչ բոլորն են խոսում, ես դրան այնքան էլ հակված չեմ: Այդ ժամանակ շատ ավելի ուժեղ ուժեր կային, որոնք չէին երեւում կամ գնացել էին արդեն: Շատերն ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն է, ես այնքան էլ հակված չեմ դրան: Քոչարյանը նոր էր եկել նախագահ ու, ներողություն, շատ թույլ էր։ Ո՞վ պետք է նրա հետ մտներ գործարքի, կարո՞ղ է այլ ուժեր կային» - ընդգծել է Սարգսյանն ու հաղորդավարի այն հարցին, թե՝ կարո՞ղ է Ռուսաստանն է մեղավոր, պատասխանել է հարցով․ «Իսկ կարո՞ղ է Ամերիկան է՝ Թուրքիայով, Իսրայելով։ Կարո՞ղ է նույն ամերիկան արեց ու ուրիշի ձեռքով գցեցին Ռուսաստանի վրա։ Բոլորն էլ տարբերակ է… Շատ մարդիկ եկան, մեր կողքը նստած ասում էին՝ էս մարդիկ են, էս մարդիկ են, ի՞նչ էին ուզում, որ մենք անեինք, կարծում եմ՝ աշխատանք էին տանում…»։
Իսկ Նիկոլ Փաշինյանը հանձնարական է տվել, որպեսզի համապատասխան մարմինները գնան ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ հայտարարություններում հիշատակված փաստերի հետեւից։ Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը տեղի ունեցած ահաբեկչության հերթական տարելիցին աղմկոտ ակնարկ էր արել հետեւյալի մասին․ «Հայտնաբերեցի մի բան՝ Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել։ Այդ կենդանին, որ իրեն ներկայացնում էր Հայաստանի փրկիչ, 2003-ին առաջադրվում էր որպես նախագահի թեկնածու, իր ցմահ դատապարտման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք չի բերել։ Մինչդեռ վստահ եմ՝ բերել է այդ բողոքը, ուղղակի այդ բողոքն այնպիսի բաներ է պարունակել, որ օրվա իշխանությունները վտանգավոր են համարել դատարանում այդ բողոքի հրապարակայնությունը, քննությունը վերաքննիչ ատյանում»,- ասել է նա եւ չի բացառել, որ դրանցում կարող էին լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Նաիրի Հունանյանի եւ Ալեքսան Հարությունյանի մասնակցությամբ գիշերային բանակցությունների կամ տրված երաշխիքների մասին թաքցված հանգամանքներ։
Ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ նույնպես անդրադարձել է հոկտեմբերի 27-ի եղելությանը, չնայած նրան, որ այդ ժամանակ եղել է 11 տարեկան։ Նա հարցեր ունի մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան ՀՀԿ ԳՄ անդամ, ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրել է․ «Քաղաքական երեսպաշտությունն ու կեղծավորությունն իսկապես սահմաններ չունեն։ Հասմի՛կ, նախքան Սերժ Սարգսյանին Վազգեն Սարգսյանի մասին հարցեր ուղղելը, արժե հիշել, որ այդ երկու մարդիկ իրենց մարտական ընկերների հետ կանգնած են եղել Արցախի ազատագրական պայքարի ակունքներում եւ մասնակցել պատմական հաղթանակների կերտմանը։ Իսկ ձեր իշխանության օրոք մենք կորցրինք Արցախը, ավելի քան 140 հազար արցախահայեր զրկվեցին իրենց հայրենիքում ապրելու հնարավորությունից։ Եվ այսօր հենց դուք եք փորձում հարցեր ուղղել այդ հայրենիքի ազատագրման համար պայքարած մարդկանց»։ Դանիելյանը նաեւ նկատել է, որ Փաշինյանի ու Քոչարյանի քաղաքական ճամբարների քարոզչական հարթակներում կրկին Սերժ Սարգսյանի դեմ հնչում են նույնաբովանդակ թեզեր․ «Այդ՝ արդեն ոչ զարմանալի համընկնումը եւս հստակ քաղաքական գնահատական է»։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

