Կարապետյանի փչած փուչիկները
ՎերլուծությունՀայաստանյան քաղաքական դաշտում վաղուց նորություն չեն գործարարները, որոնք քաղաքականություն են մտնում՝ իրենց հետ բերելով տնտեսական հրաշքների, սոցիալական բարեկեցության, իշխանափոխության եւ ազգային վերածննդի մասին մեծ խոստումներ։ Նրանց հիմնական մարտավարությունը հասարակությանը ապագայի գունեղ պատկերներ ներկայացնելն է՝ հարյուր հազարավոր աշխատատեղեր, էժան դեղեր, մատչելի բնակարաններ, հարկերից ազատված բիզնես եւ, իհարկե, իշխանության արագ փոփոխություն։
Այս ամենի կոնտեքստում առանձնապես ուշագրավ է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի քաղաքական գործունեությունը։ Նրա հայտարարությունները հաճախ հիշեցնում են գունավոր փուչիկներ, որոնք որքան մեծ ու բազմերանգ են ներկայացվում, այնքան ավելի մեծ է դառնում իրականության հետ բախվելու եւ արագորեն պայթելու վտանգը։
Կարապետյանի քաղաքական թիմը հանրությանը խոստանում էր ոչ միայն տնտեսական վերելք, այլեւ արագ իշխանափոխություն, ընդդիմադիր դաշտի համախմբում եւ խնդիրների գրեթե ակնթարթային լուծում։ Բայց ժամանակն անցնում է, հայտարարությունները հաջորդում են միմյանց, իսկ հասարակության առաջ դրված գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ ո՞ր խոստումն է իրականություն դարձել, եւ ինչո՞ւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին մատուցվեց հերթական հիասթափությունը։
Կարապետյանը տնտեսական հեղափոխական ծրագրի մասին խոսում է նաեւ հիմա, իսկ նախընտրական շրջանում ասում էր, թե Հայաստանում 300 հազար նոր աշխատատեղ է ստեղծելու։ 2026 թվականի հունվարի 20-ին ներկայացված տնտեսական հինգ քայլերի շարքում առաջին տեղում հենց այս խոստումն էր։ Ընդ որում՝ Կարապետյանի թիմը դա ներկայացնում էր ոչ թե որպես սովորական նախընտրական խոստում, այլ որպես երաշխավորված տնտեսական ծրագիր։
Ապրիլի 27-ին Կարապետյանը հայտարարեց. «Մենք 300 հազար աշխատատեղ կստեղծենք եւ մեկը կթողնենք Փաշինյանի համար՝ թմբուկ խփելը»։ Մայիսի 7-ին նա կրկին վստահեցրեց, որ կարող է Հայաստանում ստեղծել 300 հազար աշխատատեղ հայերի համար։ Անցան ամիսներ եւ իրականությունն այն է, որ թմբուկի փոխարեն՝ իշխանությունն «ուժեղների» պատգամավորներին է խփում։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՂԵՐ․ 20 ՏՈԿՈՍ ԷԺԱՆԱՑՈՒՄԸ ԴԵՌ ԽՈՍՏՈՒՄ Է
Հաջորդ մեծ խոստումը վերաբերում էր դեղորայքին։ Կարապետյանի տնտեսական ծրագրի շրջանակում հայտարարվել էր, որ Հայաստանում դեղերի գները կնվազեն մոտ 20 տոկոսով։ Խոսվում էր նաեւ Եվրոպայում գրանցված դեղերի ներմուծման եւ Հայաստանում դրանց գրանցման ընթացակարգերի պարզեցման մասին։
2026 թվականի հոկտեմբերի 17-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում հանդիպել են Եվրոպայի դեղերի կոմիտեի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի Եվրոպայում գրանցված դեղերը հնարավոր լինի Հայաստանում ավտոմատ գրանցել 1-1,5 տարվա ընթացքում։ Նրա ներկայացմամբ․ «Մեր հայրենակիցները էժան, որակով դեղեր կկարողանան գնել Հայաստանում»։ Կարապետյանների խմբակցությունն անգամ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի նպատակն էր ԵՄ-ում հաստատված դեղերի գրանցումն ու ներմուծումը պարզեցնել՝ հնարավոր դարձնելով դրանց գների մոտ 20 տոկոս նվազեցումը։
Բայց այստեղ նույնպես խոստումը դեռեւս արդյունք չէ։ Եվրոպայից դեղերի ներմուծման մասին հայտարարությունը, եվրոպական կառույցների հետ հանդիպումը եւ օրենսդրական նախաձեռնությունը դեռ չեն նշանակում, որ քաղաքացին այսօր արդեն դեղատանը 20 տոկոսով ավելի էժան դեղ է գնում։
Հասարակությանը հետաքրքրում է ոչ թե այն, թե քանի հանդիպում է անցկացվել Ստրասբուրգում, այլ այն, թե երբ է խոստացված էժանացումը հասնելու հիվանդին, հատկապես՝ թոշակառուին, քրոնիկ հիվանդություն ունեցողին եւ ամեն ամիս դեղորայքի վրա զգալի գումար ծախսող ընտանիքին։
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Կարապետյանի քաղաքական խոստումների մյուս առանցքային ուղղությունը ընդդիմադիր դաշտը միավորելն էր։ Քաղաքականություն մուտք գործելիս նրա թիմը խոսում էր նոր, հզոր ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու, քաղաքական ուժերին համախմբելու եւ իշխանափոխության համար միասնական ճակատ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Սակայն նախընտրական գործընթացը ցույց տվեց, որ ընդդիմադիր դաշտում այդպիսի համախմբում չստացվեց, ավելի ճիշտ՝ Կարապետյանը չուզեց։ Իսկ խորհրդարանական ընտրություններից հետո՝ արդեն նա էր խոստովանում, որ համախմբումը ձախողվել է, ինքն էլ՝ այս հարցում սխալվել։
«Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ չկարողացանք պայմանավորվել», - ասել է նա։
Այնուհետեւ նա հայտարարեց հետընտրական ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու մտադրության մասին եւ առաջարկեց ձեւավորել համակարգող խորհուրդ։ Այսինքն՝ նախընտրական շրջանում խոստացված միասնական ճակատի փոխարեն՝ հանրությունը լսեց խոստովանություն, որ ընդդիմադիր ուժերի հետ պայմանավորվել այդպես էլ չի հաջողվել։
Իսկ հոկտեմբերի 9-ին Կարապետյանը կրկին հայտարարեց. «Համախմբելու ենք ընդդիմադիր ուժերի, նորից եմ կրկնում՝ ճիշտ ուժերի, ովքեր իրոք ընդդիմադիր ուժեր են, եւ այս քայլերի դեմ պայքարելու ենք ընդհանուր ճակատով»։ Նա նույնիսկ պնդեց, որ գիտի՝ ովքեր են «ճիշտ ընդդիմադիրները»։ Սակայն այստեղ էլ հարց է առաջանում․ եթե այդքան հստակ գիտեր, թե ովքեր պետք է լինեն միասնական ընդդիմադիր ճակատում, ինչո՞ւ նախընտրական շրջանում չկարողացավ նրանց հետ համաձայնության գալ։
Ընդդիմության համախմբումը մեկ մարդու հայտարարությամբ չի իրականացվում։ Այն պահանջում է փոխզիջում, վստահություն, քաղաքական պայմանավորվածություններ եւ հստակ ընդհանուր օրակարգ։ Իսկ եթե այդ ամենը բացակայում է, «միասնական ճակատ» արտահայտությունը մնում է հերթական քաղաքական փուչիկը։
ԲԱՅՑ ՉԷ ՈՐ ԵՐԵՔ ՕՐԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԷԼ ՎԱՐՉԱՊԵՏ ՉԷՐ ԼԻՆԵԼՈՒ․․․
Կարապետյանի քաղաքական հռետորաբանության կարեւոր բաղադրիչներից մեկն էլ իշխանափոխության մոտալուտ լինելու մասին հայտարարություններն էին։
Նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտից հնչում էին պնդումներ, որ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլեւս վարչապետ չի լինելու։ Քարոզչական խոսույթում շրջանառվում էին նաեւ իշխանափոխության շատ կարճ ժամկետների մասին կանխատեսումներ։ Հետագայում՝ ընտրություններից հետո, նրա հայտարարություններում կրկին գերակշռեցին իշխանության գալու եւ Փաշինյանի հեռացման մասին հավաստիացումները։ Հոկտեմբերի 9-ին նա էլի պնդեց․ «Շատ շուտով մենք կգանք իշխանության»։ Իսկ հոկտեմբերի 27-ին կրկին վստահեցրեց. «Մենք ապահովելու ենք Փաշինյանի հեռացումը, շուտով կլինի»։ Նույն օրը նա նաեւ հայտարարեց, որ արտահերթ ընտրություններ լինելու դեպքում իրենք կմասնակցեն եւ կհաղթեն։
Սակայն այստեղ եւս պետք է տարբերել քաղաքական ցանկությունը փաստացի արդյունքից։ Իշխանափոխության մասին հայտարարությունները չեն կարող փոխարինել օրինական քաղաքական մեխանիզմներին, հանրային վստահությանը եւ իրական ընտրական արդյունքներին։ Եթե քաղաքական գործիչը բազմիցս խոսում է իշխանափոխության մոտալուտ լինելու մասին, ապա հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ո՞րն է այդ գործընթացի հստակ ճանապարհային քարտեզը, ի՞նչ ժամկետներ են նախատեսված եւ ի՞նչ է արվելու, եթե հերթական անգամ հայտարարված ժամկետները չիրականանան։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
