Եթե ինքն իր դեմ փողոց է փակելու, ուրեմն` որպես երկրի ղեկավար, չի վերահսկում իրավիճակը․ Քոչարյան
ՀանդիպումՀիմա էլ Նիկոլ Փաշինյանը սպառնում է, որ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է առաջնորդել ընդդիմության նկատմամբ հնարավոր հանրային ճնշումը, եթե վերջինս փորձի խոչընդոտել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։
Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ։
— Դա Փաշինյանի սիրած մեթոդն է, այսպես կոչված՝ հանրային ճնշման տակ հարցեր առաջ տանել։ Երեւի, փողոցում լինելու են ՔՊ-ականները եւ կերպարանափոխված, քաղաքացիական հագուստով ուժայինները, որոնք մշտապես փորձում են ճնշում գործադրել պատգամավորների վրա: Ձեւերը մենք արդեն գիտենք, միգուցե, կրկին ընդդիմադիր պատգամավորների հեռախոսները կստուգվեն, տների մոտ որոշակի ցույցեր կլինեն, քրեական գործեր կհարուցվեն, որոշակի կալանքի միջնորդություններով դատախազը կմտնի խորհրդարան եւ այլն:
Բայց չեն կալանավորի որեւէ պատգամավորի, որովհետեւ, ամեն դեպքում, այդ մարդիկ պետք է քվեարկեն: Այսինքն՝ ամեն ձեւով փորձելու են այդ 5-6 ձայնը ապահովել եւ ստեղծելու են հանրային տրամադրություն, որ ընդդիմությունը վախենում է իր վրա պատասխանատվություն վերցնել: Կասեն՝ դե, եթե այդքան համոզված եք, որ չի անցնելու Սահմանադրությունը, ապա դուք ինչի՞ն եք դիմադրում եւ այլն: Այս բոլոր մեթոդներին մենք արդեն ծանոթ ենք: Փաշինյանն այստեղ որեւէ նոր բան չի մոգոնել։
— Տարօրինակ եւ մի քիչ զավեշտալի չէ՞, որ արդեն իշխանությունն է փողոց գեներացնելու մասին խոսում։
— Ոչ, իշխանությունը փողոց չի գեներացնում, դա իշխանության փողոցը չէ, իշխանության ժողովուրդը չէ: Հայ ժողովուրդն իշխանության նույնիսկ միտինգներին չի գնում, եթե դա պարտադրված չէ։ Դժվար կլինի, որ պոլիկլինիկաների կամ հիվանդանոցների աշխատողներին տանեն, որպեսզի վերջիններս շրջապատեն «Ուժեղ Հայաստանի» կամ «Հայաստան» դաշինքի պատգամավորների տները։ Մենք դա տեսել ենք, մոտավորապես նույն կոնտինգենտն է լինելու, որը Փաշինյանի հետ գնում է տիրադավերի եւ կարգալույծների միջոցառումներին։
— Բայց Փաշինյանն ասաց, եթե այսպես շարունակվի, ապա պատրաստ է անգամ փողոց փակելու մասին մտածել:
— Շատերը ընդգծում են, որ մինչեւ հիմա Փաշինյանը մնացել է ընդդիմադիր կարգավիճակի մեջ, եւ հիմա նա պայքարում է ընդդիմության դեմ այնպես, ինչպես պայքարում էր իշխանությունների դեմ: Այսինքն՝ ինքը մնացել է այդ մենտալ քառակուսու մեջ: Դե թող անի, դա ուրիշ բան ցույց կտա, որ փաստացի ինքը՝ որպես երկրի ղեկավար, չի վերահսկում իրավիճակը, եթե ինքն իր դեմ փողոց է փակելու։ Ընդդիմության պահվածքը պետք է լինի մոտավորապես այնպիսին, ինչպես իրեն կաթողիկոսն է պահում, այսինքն՝ ուղղակի չկոտրվի ու չտրվի Նիկոլի շանտաժին: Հակառակ պարագայում, եթե ինքը չկարողանա 5-6 ձայնը պոկել ընդդիմությունից, ապա կգնա արտահերթ ընտրությունների, իսկ այնտեղ արդեն ուրիշ բաներ կարող են լինել։
— Իսկ ի՞նչ եք կարծում՝ կկարողանա այդ ձայները պոկել, ինչպես Դուք եք ասում, եւ անցկացնել նոր Սահմանադրությունը:
— Այնպես, ինչպես կեղծեց պառլամենտական ընտրությունները, այստեղ նաեւ փորձելու է հանրաքվեն կեղծել, հատկապես, որ Վահագն Հովակիմյանը տեղում է (նկատի ունի ԿԸՀ նախագահին, - հեղինակ): Նաեւ Հայաստանի քաղաքացիների մի ստվար զանգվածի զրկելու են ընտրություններին մասնակցելուց: Ի վերջո, այլ հատկանիշներ եւս կան, որ դեպի կեղծումն է գնալու: Կրկնում եմ, հույս դնել, որ հանրաքվեում ժողովուրդը կասի «Ո՛չ», եւ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի իրական արդյունքների հետ, իմ կարծիքով, բավականին անհավատալի է։
Այստեղ պետք է ցույց տալ Նիկոլին, որ իր լեգիտիմությունն այն աստիճանի վրա է, որ ինքը չի կարող իրագործել Հայաստանի ներսում արտաքին պատվերներ: Նաեւ ասեմ, որ շատ բան կախված է մեր պառլամենտի ընդդիմադիրների տոկունությունից եւ հոգեբանական հավասարակշռությունից։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

