Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

Ոչ պատահական ներթափանցումներ

Վերլուծություն

Ոչ պատահական ներթափանցումներ

Հայաստանը անընդհատական սխալների ճանապարհին է

Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցի զինվորականի՝ Հայաստանի խոր տարածք, խաղաղ ընտանիքի տուն ներթափանցման և վերջինիս համար ողբերգական հետևանքներով աղմկահարույց պատմությունը համեմատեց Երևանում սովորական զինված կողոպուտի հետ։ Իբր թե՝ ի՞նչ եք այդքան շատ անհանգստանում։ Երևանում էլ գիշերները մարդկանց վրա կրակում են։ Ի դեպ, չբերելով ոչ մի կոնկրետ օրինակ, թե ում և որտեղ են վերջին ժամանակներս զինված ճանապարհով կողոպտել Հայաստանի մայրաքաղաքում։ Իսկ այստեղ՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղում, կա կոնկրետ ոտքից վիրավորված Անի Ավետիսյանը և նրա երեք տուժած երեխաները։

Աչքի զարնեց նաև Շաքի գյուղի բնակչուհու նկատմամբ Փաշինյանի որևէ կարեկցանքի լիակատար բացակայությունը։ Հայաստանի վարչապետի կարծիքով՝ Անի Ավետիսյանն ինքն է սադրել «խեղճին», որը իբր «մոլորվել է բարդ տեղանքում», հնարավոր է՝ «քնել է», իսկ կրակոցը արձակել է «պատահականության և խառնաշփոթության հետևանքով»։

Փաշինյանը սա համարում է «սովորական հանցավոր իրավիճակ»՝ հիշեցնելով ապշած ժողովրդին, որ Հայաստանում ամեն օր, ցավոք, տեղի են ունենում նման հանցավոր միջադեպեր: Կարծես թե սրա մեջ նույնպես նրա մեղքը չկա: Այսինքն՝ վարչապետը, ըստ էության, մեղադրեց հենց հանցագործության զոհին՝ իր ուժեղ մայրական բնազդի պատճառով հրազենից ոտքից վիրավորված կնոջը: Եթե սպասեին ոստիկանության գալուն, ասում է Փաշինյանը, ոչ մի բան, ամենայն հավանականությամբ բացարձակապես տեղի չէր ունենա: Սակայն մայրական բնազդն ավելի ուժեղ դուրս եկավ: Սոփեստությունն ու արտակարգ դեպքը (կազուս)՝ մի հարթության վրա:

Սակայն Փաշինյանի խնդիրն այն է, որ կասկածվող հանցագործը, հանձին ադրբեջանական բանակի զինվոր Նասիմի Մուսաևի, զինված թե անզեն, օրենքով պարզապես չպետք է հայտնվեր Շաքիում։ Իսկ եթե նա այնուամենայնիվ հայտնվում է և նույնիսկ կրակում մարդկանց վրա, ապա նշանակում է, որ Հայաստանի պետական ​​անվտանգության համակարգը հերթական անգամ բանի պետք չեղավ։ Ինչի համար դարձյալ անձամբ պատասխանատու է Փաշինյանը, որը Շաքիի իրադարձությունները ներկայացնում է զուտ քրեական համատեքստում։

Մինչ Փաշինյանի քարոզչությունը միապաղաղ ձանձրալից խոսում է խաղաղության մասին և փորձում է ձևավորել վերահսկվող ու անվտանգ հայ-ադրբեջանական սահմանի պատկեր, սահմանային միջադեպերի ժամանակագրությունը խիստ մտահոգություն է առաջացնում։ Ադրբեջանցի զինծառայողները կրկին ու կրկին զենքով հայտնվում են հայկական տարածքի խորքում, իսկ հայ զինծառայողները գիտակցաբար խուսափում են ուժի կիրառումից։ Մայր Հայաստանի մարմնի մեջ թշնամական անընդհատ, ոչ պատահական ներխուժումներին չդիմադրելու բանաձևը խորհրդարանում սեպտեմբերի 16-ին հրապարակավ հնչեցրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Պատասխանելով Արցախի պատմական ժառանգության և, մասնավորապես, քրիստոնեական սրբավայրի՝ Գանձասարի տաճարի (1216–1238) նկատմամբ Բաքվի նկրտումների մասին հարցին, նա, չգիտես ինչու, միանգամից պոռթկաց. «Ադրբեջանի կողմից կրակոցի դեպքում չսպասե՛ք պատասխան կրակոցի։ Դա Հայաստանին խաղաղություն չի բերի»։ Օրուելի «պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է» և այլնի կենդանի մարմնավորումը։

Շաքիի միջադեպը առաջինը չէ և, դատելով ըստ ամենայնի, հայկական տարածքում ադրբեջանցի զինվորականների հայտնվելու վերջին դեպքը չէ։ Առաջին խոշոր դրվագը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները հատեցին սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Մայիսի 20-ին ադրբեջանցիների զինված խումբը հատեց պետական ​​սահմանը Խոզնավար գյուղի շրջանում և մոտ 1,5 կիլոմետր առաջ շարժվեց դեպի հայկական տարածքի խորքը։ Սա հաստատվել է Հայաստանի դատախազության նյութերով։

Ադրբեջանցի զինծառայողները, դիրքեր գրավելով, հայտարարեցին մոտեցող հայ զինծառայողներին, թե տվյալ տարածքը իբր պատկանում է Ադրբեջանին, և սպառնացին կրակ բացել: Ավելի ուշ՝ այդ նույն օրը, տեղի ունեցավ բախում: Տասնմեկ հայ զինծառայող վիրավորվեց: Հայկական կողմը, ուշադրությո՛ւն, քրեական գործ բացեց միջադեպի փաստով: Սա սկզբունքային պահ էր:

Անմիջապես օդում կախվեց կրակ չբացելու կարգադրություն լինելու հարցը։ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի 2021 թվականի մայիսի 27-ի հայտարարությունը արժանի է հատուկ ուշադրության։ Նա հայտարարեց, թե քաղաքական ղեկավարությունը Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինծառայողների վրա չկրակելու հրաման չի տվել։

2021 թվականի նոյեմբերի 14-ին իրավիճակը կրկնվեց։ Ադրբեջանական ստորաբաժանումները զրահատեխնիկայով հատեցին Հայաստանի պետական ​​սահմանը արևելյան ուղղությամբ։ Հայաստանի Անվտանգության խորհրդի տվյալներով՝ դրա հետևանքով շրջափակվեցին հայկական բանակի այլ դիրքեր։ Բանակցություններից հետո ադրբեջանական ստորաբաժանումները հեռացան, բայց հայկականներն էլ թողեցին իրենց դիրքերը։ Երկու օր անց իրավիճակը վերաճեց լիակատար մարտական գործողությունների։ Ադրբեջանական ուժերը կիրառեցին հրետանի, զրահատեխնիկա և հրաձգային զենք։ Տասնհինգ հայ զինծառայողներ զոհվեցին, 12-ը՝ գերի ընկան, ևս չորսը վիրավորվեցին։

Այսինքն՝ մայիսյան դրվագը պատահականություն չէր։ Առաջին ներթափանցմանը հաջորդեց նորը՝ առաջխաղացմամբ, հայկական դիրքերի շրջափակմամբ և նոր մարտական բախմամբ։ Այսպիսին է Փաշինյանի պատկերացրած խաղաղության դարաշրջանը, մինչդեռ Ալիևը զարգացնում է ռազմա-ստրատեգիական կուրս։

2022 թվականի հուլիսին ադրբեջանցի զինծառայող Քամիզ Մուբարիզ Իբաևը հատեց սահմանը և հայտնվեց Գեղարքունիքում։ Հուլիսի 23-ին հայ զինծառայողները հայտնաբերեցին նրան մերձսահմանային գոտում։ Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական վարկածի համաձայն՝ զինծառայողը սահմանահատումը բացատրել է նրանով, որ մոլորվել է։ Օգոստոսի 3-ին նրան հանձնեցին Ադրբեջանին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ։

Ինչպես վկայում է փոխգնդապետ, ազատագրական պատերազմի մասնակից Սամվել Մկրտչյանը 2022 թվականի սեպտեմբերի Ջերմուկի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձությունների մասին, գրեթե 30 տարվա ստաժով զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից նրա որդին մարտերի ժամանակ հրաման է ստացել չկրակել թշնամու վրա, դիմադրություն չցուցաբերել և նահանջել։ Զինծառայողը հրաժարվել է կատարել կարգադրությունը։

2023 թվականի ապրիլին տեղի ունեցավ շատ ավելի լուրջ դրվագ։ Ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովը և Հուսեյն Ախունդովը անօրինական կերպով հատեցին Հայաստանի պետական ​​սահմանը և ձերբակալվեցին։ Հայկական դատարանը նրանց համար խափանման միջոց ընտրեց հսկողության տակ կալանավորումը. նրանց մեղադրանք առաջադրեցին պետական ​​սահմանն անօրինական կերպով հատելու և զենք ու զինամթերքի մաքսանենգությամբ զբաղվելու համար։ Հայաստանի գլխավոր դատախազությունը Ախունդովին մեղադրանք առաջադրեց Հայաստանի քաղաքացու՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցի կանխամտածված սպանության համար։ Մեղադրանքի հիմքում ընկած էր ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի դրդապատճառը։ Ագշին Բաբիրովը հետագայում խոստովանեց իր մեղքը և դատապարտվեց 11 տարի 6 ամիս ազատազրկման։

Այսպիսով, տվյալ դեպքում խոսքը «մոլորված զինծառայողի» մասին չէ, այլ զինված մարդկանց մասին, որոնք հատել էին Հայաստանի սահմանը և հայտնվել երկրի ներսում, իսկ նրանցից մեկը հետագայում մեղադրվել է հայ քաղաքացու սպանության համար։

 2024 թվականի փետրվարի 28-ին ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Պանախոդովը հատել է սահմանագիծը Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տվյալներով՝ նա հայտնաբերվել և ձերբակալվել է, իր հետ ունեցել է АКМ ինքնաձիգ և ռազմամթերք։ Քննչական կոմիտեն սկզբում հարուցեց քրեական գործ մի ամբողջ շարք ծանր հոդվածներով, ներառյալ՝ սահմանի անօրինական հատումը, զենքի և զինամթերքի անօրինական կրումը և կյանքի համար վտանգավոր գործողություններ կատարելու փորձը։ Սակայն արդեն մարտի 4-ին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Պաշտոնական վարկածն այն էր, որ ադրբեջանական դիրքում միջադեպից հետո Պանախոդովը փախել է, մոլորվել և հայտնվել հայկական տարածքում։

 «Մոլորվել է» ընդհանուր ձևակերպումը բնորոշ է դարձել նման դեպքերի համար։ Սակայն այն ինքնին չի պատասխանում գլխավոր հարցին. ինչպե՞ս կարող են օտարերկրյա բանակի զինծառայողները կորցնել շարժվեու ուղղությունը այն աստիճան, որ հատեն սահմանը և տասնյակ կիլոմետրեր հաղթահարեն հարևան երկրի տարածքի խորքում։

Լիովին չի բացառվում, որ, ըստ էության, ադրբեջանական բանակի հետախուզական և դիվերսիոն արտագրոհները Հայաստանի տարածքի խորքում նախապատրաստություն են ավելի լայնածավալ գործողությունների, եթե Ալիևի ռազմավարական ծրագրերը ինչ-որ չափով խափանվեն: Հակառակորդի պաշտպանության փխրունությունը ստուգելը ցանկացած բանակի անմիջական խնդիրն է։ Մյուս կողմից, հաշվի առնելով երկու երկրների հետախուզական ծառայությունների ակտիվ մասնակցությունը Շաքի գյուղում կնոջ վրա հարձակմամբ պատմության մեջ, ամենևին չի բացառվում նաև համատեղ սադրիչ բեմականացումը կարևոր քաղաքական բանակցություններից առաջ։ Ասենք՝ Տաշքենդում։ Կամ էլ հասարակության ուշադրությունը այլ՝ ավելի լուրջ գործընթացներից շեղելու համար։ Օրինակ՝ Տիգրանաշեն գյուղի հետագա ճակատագրից, որը Նիկոլ Փաշինյանը, անվերջանալի սխալների ճանապարհով գնալով, անվանում է ոչ այլ կերպ, քան Քյարքի և բնակեցված տարածքն արդեն պաշտոնապես զիջել է Ադրբեջանին։ Իսկ սա ռազմավարական կետ է Արարատյան հովտի հարավ-արևմտյան մասում՝ Հայաստան-Իրան («Հյուսիս-Հարավ») միջպետական ​​մայրուղու վրա։ Չէ՞ որ Փաշինյանը չի կարող տեղում դոփել։ Իլհամ Ալիևն էլ դա թույլ չի տա. նա ոչ մի խոչընդոտ  չի ընդունում իր ճանապարհին։ Փաշինյանի երկրորդ մեծ խնդիրը հենց սա է։ Իլհամ Ալիևը իսկապես մտադրվել է հասնել Հայաստանի ամբողջական կապիտուլյացիային և թուլացմանը և ոչ մի իրական խաղաղության չի գնում Փաշինյանի, առավել ևս՝ Հայաստանի հետ։ «Ինչքան էլ «հալվա» ասես, բերանդ չի քաղցրանա»։ Բացի դրանից, Ալիևը նաև շատ է շտապում։ Ադրբեջանի նախագահի մեծ բարեկամ Դոնալդ Թրամփին շատ ժամանակ չի մնացել կառավարելու Ամերիկան։ Նա կարող է միջանկյալ ընտրություններում պարտվել դեմոկրատներից, որոնք ակնհայտորեն չեն սիրում Ադրբեջանի նախագահին։ Այդ պատճառով Հայաստանի վրա Բաքվի ուժեղացված ճնշումը շարունակվում է, իսկ Փաշինյանը ստիպված է դուրս պրծնել դրանից և արդարացնել մոլորված նոր դիվերսանտի հերթական  ոչ պատահական ներթափանցումը։

Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է, որ հասարակությունը նախ գիտակցի գոյություն ունեցող վտանգի ծավալը։ Այնուհետև գտնի ռեսուրսներ և հաշվարկի քայլերը իրենց տների պաշտպանությունն ապահովելու գործում՝ հարազատների, հարևանների ու բարեկամների հետ։ Քանզի երկրի ղեկավարի խոսքերից ուղղակիորեն հետևում է, որ հաջորդական սխալների ճանապարհը կշարունակվի, և «թշնամին կներկայացվի որպես բարեկամ, իսկ բարեկամը որպես թշնամի»։ Եվ սա կլինի Հայաստանի համար Փաշինյանի կուսակցության վերջին, արդեն ճակատագրական սխալը, որը բնավ նստած չէ երկու աթոռի վրա, այլ սեղմված է բոլոր կողմերից արտաքին վերահսկողության մամլակով։

 

Վիգեն Հակոբյան,

հատուկ «ՆԿ»-ի համար

 

Լուսանկարում՝

Պաշտպանելով իր տունը՝ Անի Ավետիսյանը վիրավորում ստացավ ադրբեջանցի դիվերսանտից

Ադրբեջանի բանակի զինվոր Նասիմի Մուսաևը զենքով ներխուժել է Հայաստանի Սյունիքի մարզի Շաքի գյուղ և կրակել խաղաղ բնակիչների վրա

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ