Ո՞ւմ է ձեռնտու փչացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները
ՎերլուծությունՀարաբերությունները Ռուսաստանի ու Հայաստանի, դարերով կողք կողքի ապրած և իրենց իսկապես եղբայրական ժողովուրդ համարող ռուսների ու հայերի միջև վերջին ժամանակներս ճաք են տվել։ Եվ այս ճեղքվածքը, դժբախտաբար, տարածվում է և՛ խորությամբ, և՛ լայնությամբ։
Դարերից ի վեր տեղի ունեցող իրադարձությունների պատճառը ճշգրիտ որոշելու համար հարկավոր է գտնել «Ո՞ւմ է դա ձեռնտու» հարցի պատասխանը։
Տրամաբանորեն առաջին հերթին դա Թուրքիան է։ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը նրա համար կարծես «ոսկոր է կոկորդում». կապում է նրա ձեռքերը՝ Մեծ Թուրան ստեղծելու հավակնոտ խնդիրները լուծելու համար։
Ռուսական ռազմական բազայի՝ որպես Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների պաշտպանության երաշխավորի բացակայությունը թույլ կտա թուրքական կողմին սեղանին դնել 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Հայաստանը սահմանափակվում է 10,000 քառակուսի կիլոմետրից ոչ ավել տարածքով։ Համոզված եմ, որ հենց սա է այն հիմնական պատճառը, որ Թուրքիան հրաժարվում է ստորագրել սահմանների բացման մասին պայմանագիրը, քանի որ նման փաստաթղթի ստորագրմամբ փաստացի կճանաչվի գոյություն ունեցող սահմանը: Իսկ թուրքական կողմի հղումները, թե նախ անհրաժեշտ է կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, ոչ այլ ինչ են, եթե ոչ ուրախ դեմք ցույց տալ տանուլ տված խաղում:
Երկրորդը ԵՄ-ն է և հատկապես Անգլիան, որոնք ավելի մեծ փոխազդեցություն են ձեռք բերում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում Մոսկվայից Երևանի կախվածության նվազման դեպքում։ Այստեղ հարկավոր է նշել Անգլիայի ամենաբացասական դերը։ Լինելով Ռուսաստանի մշտնջենական թշնամին՝ նա իր արտաքին քաղաքականության մեջ վերջին երեք դարերի ընթացքում միշտ արել է այնպես, որ ինչքան հնարավոր է շատ վնաս պատճառի Ռուսաստանին, ինչպես նաև Խորհրդային Միությանը։
Անգլիան դարերից ի վեր երազում է մեկուսացնել Ռուսաստանին, գժտեցնել նրան եղբայրական ժողովուրդների հետ։ Նրա սադրիչ քաղաքականությունը պարարտ հող է գտնում Թուրքիայում ու Ադրբեջանում։ Ընդհանրապես, Անգլիայի տեղը տարածաշրջանի իրադարձությունների հորձանուտում առանձին ու հատուկ թեմա է, որը երկու խոսքով չես կարող հայտնել. դա պահանջում է հիմնարար վերլուծություն ու բացահայտում։
Երրորդը, բնականաբար, Ադրբեջանն է։ Մոսկվայի և Երևանի միջև կապերի հիմնովին խզումը նրան հանգամանալից հնարավորություն է տալիս տարածաշրջանային բոլոր հարցերը լուծելու իր ձևով և իր օգտին՝ հենվելով իր ռազմական գերազանցության վրա։ Հետևաբար ուրախության պոռթկումը ռուս-հայկական հարաբերությունների սառելու կապակցությամբ Բաքվում չեն կարող թաքցնել։ Իրականում չեն էլ թաքցնում։ Այն հարցի պատասխանը, թե ինչու են նրանք այդքան ուրախանում, նույնպես ակնհայտ է։ Հիշե՛ք հին իմաստությունը. եթե թշնամին քեզ հայհոյում է, նշանակում է, որ ամեն ինչ ճիշտ ես անում, իսկ երբ նա գովաբանում է քեզ, նշանակում է, որ դու մեծ սխալ ես գործում։
Հաշվի առնելով Ադրբեջանի հայատյաց ներքին ու արտաքին քաղաքականությունը, պատմության կեղծումները, ինչը դարձել է Ադրբեջանի համար համադարման, տարածաշրջանում խաղաղության մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ դյուրահավատության «փափուկ բարձ» դնելու փորձ հայ ժողովրդի գլխի տակ։
Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկրտումների մարմնավորմանը, այդ թվում՝ Մեծ Թուրանի ստեղծման ուղղությամբ, խանգարում են Ռուսաստանն ու Հայաստանը, որոնք միասին անհաղթահարելի «բռունցք» են կազմում նրանց համար: Հետևաբար, հուսալի և հասարակ միջոցներից մեկը երկու եղբայրական ժողովուրդների հարաբերությունների միջև սեպ խրելն է: Թե դրանից ինչ դուրս կգա, օրինակը գտնելու համար հարկ չկա հեռու գնալու։ Տեսեք, թե ինչ է կատարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ երկու սլավոնական ազգերի, որոնք պատմականորեն միշտ եղել են ավելին, քան եղբայրները:
Հարկավոր է ընդունել թուրք-ադրբեջանական լոբբիի բավական ուժեղ դիրքերը Ռուսաստանում: Իր հսկայական ֆինանսական ռեսուրսների առկայությամբ լոբբին ծրագրված և հեշտությամբ լուծում է իր խնդիրները ռուս-հայկական հարաբերություններում լարվածություն ստեղծելու ուղղությամբ, դրան հաջորդող բոլոր կապերի խզմամբ։
Ուզո՞ւմ եք օրինակ՝ խնդրեմ։ Հայկական ապրանքների արգելքը ռուսական շուկայում։ Ո՞ւմ է դա ձեռնտու։ Հայ արտադրողի՞ն՝ ոչ։ Ռուս գնորդին որակյալ բանջարեղենի ու մրգերի, հանքային ջրի, ձկան և այլնի բացակայությունը, բնականաբար, նույնպես ձեռնտու չէ։ Սակայն հայ հասարակության մեջ արդեն խրված է անվստահության սեպը ռուսական կողմի՝ որպես գործընկերոջ նկատմամբ։
Բայց եկեք պարզաբանենք։ Միանշանակ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Հայաստանը իրենց միջև տնտեսական կապերի խզման շահառուն չեն։ Հետևաբար, դա մի երրորդ կողմ է, և հասկանալի է, որ դրանք վերը թվարկված երկրներն են։
Բավական ցավալի է տեսնել, թե ինչպես Հայաստանում այսօր կառավարությունը և նրա «բարեկամ երկրները», որոնք ցանկանում են ոչնչացնել հայ-ռուսական հարաբերությունները, արմատավորում են մտապատրանքներ (միրաժ, օդատեսիլ)՝ նման այն միրաժներին, որ ստեղծում էր Մեֆիստոֆելը, որպեսզի տիրանա Ֆաուստի հոգուն, ստիպի նրան պատրանքն ընդունել երկրի վրա մարդու կյանքի իմաստի փոխարեն։
Հինավուրց իմաստուն հա՛յ ժողովուրդ, արթնացի՛ր։ Հնարավորություն մի՛ տուր թշնամիներին մատի վրա պտտեցնել քեզ դատարկ պատրանքներով։ Մի՛ մոռացիր պատմական երկար ճանապարհ անցած, դարերով փորձված ռուս-հայկական եղբայրության մասին։ Որտե՞ղ է քո բազմադարյան իմաստությունը։ Հե՛տ նայիր։ Հիշի՛ր քո ողբերգություններն ու հաղթանակները։ Հիշի՛ր, թե ինչպես անցյալ դարի սկզբին քո ժողովրդի կոտորածից հետո դու ամեն ինչին հակառակ վերածնվեցիր մոխրից՝ փյունիկ թռչնի պես։
Նիկ Կանցլերով
Լուսանկարում՝
Ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձան՝ տեղադրված Ռուսաստանի ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն՝ ФСБ - Федеральная служба безопасности) սահմանապահ վարչության շենքի առջև՝ Երևանում
«Օրհնյալ է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարերի բարեկամությունը» հուշարձանը (հայտնի է նաև որպես «Միացյալ խաչ») Մոսկվայում: Լուսանկարը՝ Ֆ. Սողոյանի

