Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը
Մշակութային2026 թվականին ամբողջ երաժշտական հանրությունը նշում է ХХ դարի խորհրդային ականավոր կոմպոզիտորներից մեկի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայկական ԽՍՀ պետական մրցանակի և Ստալինյան մրցանակի դափնեկիր, Տոկիոյի III համաշխարհային երաժշտական փառատոնի (1974) «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակի դափնեկիր Առնո Հարությունի Բաբաջանյանի ծննդյան հոբելյանական 105-ամյակը։
Առնո Բաբաջանյանը գրել է ինչպես դասական, այնպես էլ էստրադային երաժշտություն։ Նրան հսկայական ժողովրդականություն բերեցին երկրի մեծագույն բանաստեղծների՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու, Անատոլի Գորոխովի, Լեոնիդ Դերբենևի, Սերգեյ Միխալկովի, Նիկոլայ Դոբրոնրավովի, Հարոլդ Ռեգիստանի, Վիկտոր Օռլովի և ուրիշների հետ համագործակցությամբ ստեղծված երգերը, որոնցով աճել է մեր երկրի մի քանի սերունդ։
Հոբելյանի շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերի 30-ին Կամչատկայի արվեստի քոլեջում տեղի ունեցավ տոնական համերգ՝ խորհրդային էստրադայի վարպետի երգերի շքերթը։
Այս առիթով Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից Կամչատկայի Պետրոպավլովսկ հատուկ ժամանեցին Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի մենակատարներ, որոնք Կամչատկայի իրենց գործընկերների, մասնավորապես, վաստակավոր արտիստ մաեստրո Արթուր Զարիպովի ղեկավարությամբ Բաշկորտոստանի Հանրապետության Կամչատկայի էստրադային նվագախմբի հետ ստեղծագործական միությամբ հանդիսատեսներին նվիրեցին տոնական տրամադրություն և դրական հույզերի օվկիանոս: Այդ երեկո նույն բեմում ելույթ ունեցան հիմնադրամի մենակատարներ Դմիտրի Նեստերովը, Լենա Սեմյոնովան, Ալեքսեյ Տյուխինը, Իվան Գորինը, «Նոտկի Առնո» («Առնոյի նոտաներ») եռյակը, ինչպես նաև Կամչատկայի էստրադային նվագախմբի մենակատարներ Լինա Զիբրիցկայան և Ռոման Մաշեևը:
Հոբելյանական երեկոյին գրավչություն հավելեց Կամչատկայի Պետրոպավլովսկի Առնո Բաբաջանյանի անվան № 7 երաժշտական դպրոցի «Կամերտոն» մանկական կամերային երգչախմբի մասնակցությունը համերգին։
Մաեստրո Բաբաջանյանի ստեղծագործությունների շքերթում մի հիթը հերթագայվում էր մյուսով։ Այդ երեկո հնչեցին ինչպես հանդիսատեսին շատ ծանոթ «Հարսանիք», «Սատանայի անիվ», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Քո հետքերը» և «Գեղեցկության թագուհի» երգերը, այնպես էլ ավելի քիչ հայտնի երգեր, ինչպիսիք են՝ «Արի Սամոտլոր», «Աստղային կապիտաններ», «Սիրո ծառուղի», «Միևնույն է, մենք կհանդիպենք», «Դու մի՛ լռիր» և այլ երգեր։ Երախտապարտ կամչատկացի հանդիսատեսը չզլացավ բուռն ծափահարել և օվացիաներով բառացիորեն ողողեց տոնական համերգի մասնակիցներին։
Հոբելյանական համերգի ավարտին հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգիսյանցը շնորհակալություն հայտնեց բոլոր բարեկամներին ու գործընկերներին, որոնք օգնել էին և աջակցել տոնական հանդիպման կազմակերպմանը` «Բրամս-Օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ի դեմս Կարեն Առուշանյանի, Կամչատկայի էստրադային նվագախմբին, նրա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արթուր Զարիպովին, Կամչատկայի արվեստի քոլեջի տնօրեն Ելենա Ազարովային և Կամչատկայի երկրամասում հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Ջավրշյանին։
Իսկ հոբելյանական համերգից երկու օր առաջ տեղի ունեցավ հիմնադրամի գլխավոր պրոդյուսերի և մենակատարների հանդիպումը Առնո Բաբաջանյանի անվան № 7 երաժշտական դպրոցի ղեկավարության և ուսուցչական կազմի հետ: Հանդիպման ժամանակ դպրոցին հանձնվեցին մաեստրոյի լուսանկարները, Բաբաջանյանի մասին պատմող գրքույկներ, դաշնամուրային ստեղծագործությունների քրեստոմատիաներ (հատվածընտիր գիրք)՝ կազմված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի ստեղծագործություններից, որոնց անունները շնորհվել են Ռուսաստանում գործող քույր երաժշտական դպրոցներին: № 7 երաժշտական դպրոցին հանձնվեցին նաև մաեստրոյի այս տարի լույս տեսած ստեղծագործությունների ժողովածուի առաջին երկու հատորները, որոնք հրատարակվել են «Դիալոգ» կազմակերպության հետ։
Ուզում եմ նաև հիշեցնել ընթերցողին, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ 2001 թվականին կոմպոզիտորի անունով է կոչվել № 9017 փոքր մոլորակը, ինչպես նաև 2017 թվականին «Աերոֆլոտ» ավիաընկերության “Boeing 777300ER” հեռավոր մայրուղիների ինքնաթիռը, իսկ 2020 թվականից Կամչատկայի Պետրոպավլովսկի նավահանգստին կցված տրանսօվկիանոսյան տանկերը հպարտությամբ կրում է մաեստրոյի անունը։
«ՆԿ»-ի մշակույթի բաժին
Լուսանկարում՝
Հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգիսյանցը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնեցին և աջակցեցին տոնական հանդիպման կազմակերպմանը
Հիմնադրամի ներկայացուցիչները Մոսկվայից և Կամչատկայի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի ներկայացուցիչները
Հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Ա. Սարգիսյանցը և Ա. Բաբաջանյանի անվան № 7 երաժշտական դպրոցի տնօրեն Մ. Բոգդանովան
Հիմնադրամի մենակատարները Կամչատկայի էստրադային նվագախմբի երաժիշտների հետ
