Ինձ համար չափազանց կարեւոր է, որ Մոնթեի կերպարը չաղավաղվի․ հերոսի այրին փակագծեր է բացում Իմ արյան գնով եմ նկարում այս ֆիլմը. մեկնարկել են Նարեկ Ներսիսյանի «Հպում» սիրային դրամայի նկարահանումները Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության դեպք․ երեք կալանավորված կա Առաջիկա օրերին ցրտելու է 4-7 աստիճանով. շրջանների մի մասում սպասվում են անձրև ու ամպրոպ Չմտածված հայտարարություններով հնարավոր է միայն սրել իրավիճակը.Տնտեսագիտության դոկտորը ԵՏՄ-ից դուրս գալու մասին 5 տարի առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած համայնքապետը այսօր գլխավորում է ՔՊ ցուցակը Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները Բլոգեր «Գեորգիքսը» և «Առաջին լրատվականի» լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու, շանտաժի մեջ Ավարտեցինք COP17-ը՝ ՀՀ-ի և աշխարհի համար պատմական արդյունքով. ողջ գիշեր բանակցելուց հետո ընդունվեց 40 որոշում Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ

Իմ արյան գնով եմ նկարում այս ֆիլմը. մեկնարկել են Նարեկ Ներսիսյանի «Հպում» սիրային դրամայի նկարահանումները

Լուսանկարներ

Նարեկ Ներսիսյանի նոր՝ «Հպում» սիրային դրամայի նկարահանումների մեկնարկը ստեղծագործական թիմը նշանավորեց ավանդական ափսե կոտրելու արարողությամբ։ Ափսեի վրա իրենց ստորագրություններն էին թողել ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները՝ խորհրդանշականորեն իրենց անուններն ու մասնակցությունը կապելով նոր նախագծի հետ։

Արարողությունն իր հետքը թողեց նաեւ բառացի իմաստով․ կոտրված ափսեի փշուրները շաղախվեցին ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Նարեկ Ներսիսյանի արյամբ, քանի որ նա պատահաբար վնասեց մատը։ Մինչ մեր հարցերին պատասխանելը՝ Ներսիսյանը կատակի տվեց պատահածին՝ ասելով. «Իմ արյան գնով եմ նկարում այս ֆիլմը»։

«ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ԱՅՍՕՐ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԿԵՐՊ ՍԻՐԱՅԻՆ ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ»

«Հպումը» ՆԱՐԵԿ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ համար պարզապես հերթական կինոնախագիծ չէ։ Որոշ ժամանակ ստեղծագործական դադարից հետո նոր աշխատանքով ներկայանալը ռեժիսորը համարում է կարեւոր ու պատասխանատու քայլ։ Նրա խոսքով՝ ֆիլմի թեման արդիական է հատկապես հայկական իրականության համատեքստում․ «Ի սկզբանե այն ունեցել է բրիտանական հիմք, բայց մերօրյա Հայաստանում, հայ հասարակության մեջ կան այս բոլոր հերոսները, նրանց ապրած փոխհարաբերություններն ու այդ ամենի հետեւանքները։ Կարծում եմ՝ հայ հանդիսատեսի համար հետաքրքիր կլինի դիտել այդ հարաբերությունները եւ տեսնել, թե ինչ են ապրում հերոսները։

Վստահ եմ՝ անկախ տարիքից եւ սոցիալական դիրքից՝ շատ մարդիկ այսօր այս կամ այն կերպ սիրային ինտրիգների, սիրային եռանկյունու կամ նույնիսկ քառանկյունու մեջ են, եւ դա, այսպես թե այնպես, ազդում է նրանց կյանքի վրա»։

Խոսելով ֆիլմի հայկական տարբերակի մասին՝ Ներսիսյանը շեշտում է, որ նպատակը պատրաստի պատմությունը պարզապես հայերեն ներկայացնելը չէ։ «Հպումը» հիմնված է Պատրիկ Մարբերի «Մտերմություն» հայտնի ստեղծագործության վրա, որի հիման վրա դեռեւս 2004 թվականին նկարահանվել էր համանուն ֆիլմը՝ Նատալի Փորթմանի, Ջուդ Լոուի, Ջուլիա Ռոբերտսի եւ Քլայվ Օուենի գլխավոր դերակատարմամբ։ Ներսիսյանի խոսքով՝ հայկական տարբերակի սցենարը մշակելիս ստեղծագործական թիմը փորձել է այն համապատասխանեցնել ժամանակակից հայ մարդու մտածողությանը, հարաբերությունների ընկալմանն ու կենսակերպին․ «Սա արդեն գոյություն ունեցող ստեղծագործության հայկական տարբերակն է, որը հարմարեցվում է հայ հանդիսատեսին, հայեցի մտածողությանը։ Փոխվում են փոխհարաբերությունները, երկխոսությունները, այնտեղ առկա խնդիրները։ Դրանք ավելի են մոտեցվում մեր կյանքին ու աշխարհայացքին։

Կարող եմ ասել, որ այդ փոփոխությունների արդյունքում շահել է բովանդակությունը։ Ոչինչ չի կորել, ընդհակառակը՝ այն ավելի է հարստացել։ Նկարահանումների եւ դերասանների հետ աշխատանքի ընթացքում ավելացել են տեսարաններ, մշակվել են հարաբերություններ ու դրվագներ։ Դերասաններն էլ ասում էին, որ սա իրենց մասնակցած ամենաչարչարանքով արված նախագիծն է։ Այսքան փորձեր, մշակումներ ու աշխատանք դեռ չէին ունեցել։ Այդ ընթացքում շատ բան է փոխվել՝ հատկապես կերպարների եւ նրանց փոխհարաբերությունների առումով»։

Ներսիսյանը, որը հանդիսատեսին առավել հայտնի է որպես դերասան, որն ունի բազմաթիվ կերտած համարձակ կերպարներ, այս անգամ որոշել է կենտրոնանալ ռեժիսուրայի վրա։ Նրա խոսքով՝ այժմ իրեն ավելի շատ հետաքրքրում է ամբողջ նախագիծը՝ սկզբից մինչեւ վերջ, մտածելու եւ իրականացնելու հնարավորությունը․ «Հիմա իմ կյանքում այն շրջանն է, երբ ավելի շատ ուզում եմ լինել կադրի մյուս կողմում եւ զբաղվել ռեժիսուրայով, մտածել ամբողջ նախագծի մասին, ոչ թե միայն իմ կերպարի։ Եթե ես լինեմ դերասան, բնականաբար, կենտրոնանալու եմ իմ կերպարի վրա։ Ինձ թվում է՝ հիմա ռեժիսուրայով զբաղվելն ինձ համար ավելի հետաքրքիր փուլ է։

Ես արդեն մի քանի կարճամետրաժ ֆիլմ եմ նկարել, որոնք մասնակցել են փառատոների։ Իսկ սա փաստացի իմ առաջին լիամետրաժ ֆիլմն է հայերենով։ Դա շատ պատասխանատու է, որովհետեւ համարում եմ, որ Հայաստանում ամենապահանջկոտ, ամենաշատը տեսած, կրթված ու տեղեկացված հանդիսատեսն է։ Դա ինձ շատ ավելի է պարտավորեցնում»։

Ֆիլմը Հայաստանում նկարահանելու որոշումը ռեժիսորը կապում է նախեւառաջ հայ դերասանական ներուժի եւ ստեղծագործական միջավայրի հետ․ «Կարծում եմ՝ լավագույն դերասանները Հայաստանում են։ Այստեղ են այն դերասանները, որոնց հետ կուզենաս աշխատել։ Ընդհանրապես, այն ամբողջ ստեղծագործական մթնոլորտը, որը կա Հայաստանում, սփյուռքում չկա։ Դա շատ լավ նախապայման է եւ պարարտ հող, որի պատճառով որոշեցի ֆիլմն այստեղ նկարահանել»։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի ապրիլի 29-ին։ Այնուհետեւ ցուցադրություններ կկազմակերպվեն նաեւ արտերկրում՝ Լոս Անջելեսում, ԱՄՆ-ի արեւելյան ափին, Եվրոպայում եւ Ռուսաստանում։

«Ժամանակը ցույց կտա, բայց այս պահին մեր պատկերացրած ճանապարհը սա է», - ասում է Ներսիսյանը։

Իսկ ի՞նչ է ուզում ասել ֆիլմով եւ կարո՞ղ է մեկ հպումը փոխել մարդու ճակատագիրը, Ներսիսյանը նախընտրում է միանշանակ պատասխան չտալ՝ ընդգծելով պատմության բազմաշերտությունը․ «Այս ֆիլմն իրականում շատ խորը շերտեր ունի։ Մի նախադասությամբ դժվար է ներկայացնել ամբողջ ասելիքը, որովհետեւ այն այնքան կենսական է, չորս կերպարների միջեւ այնքան տարբեր փոխհարաբերություններ կան։ Ֆիլմը խորությամբ քննարկում է՝ ի՞նչ է սերը, ի՞նչ են փոխհարաբերությունները, ի՞նչ է նվիրվածությունը, ինչպե՞ս պետք է վերաբերվել այդ ամենին, որպեսզի դիմացինին չվնասես եւ չքանդես նրա կյանքը։

Այստեղ շատ կարեւոր է մեղքի գաղափարը։ Դու կարող ես մեկին վնասել, եւ այդ մարդը հետո կարող է հանդիպել մեկ ուրիշի ու նույնն անել նրա հետ։ Այսինքն՝ քո արածը կարող է շարունակվել, փոխանցվել մեկ ուրիշին եւ փոխել նաեւ այլ մարդկանց կյանքերը։

Այնքան բազմաշերտ է այս պատմությունը, որ եթե փորձեմ ամբողջությամբ ներկայացնել, կդժվարանամ։ Բայց, իհարկե, մեր ամբողջ խումբը կարող է պատմել այդ ճակատագրերի մասին»։

«ԵՍ ԵՐԲԵՔ ՄԱՔՈՒՐ ՀՈՒՄՈՐ ՉԵՄ ԽԱՂԱՑԵԼ, ՄԻՇՏ ՓՈՐՁԵԼ ԵՄ ԳՏՆԵԼ ԻՄ ԿԵՐՊԱՐԻ ԴՐԱՄԱՆ»

«Հպումը» Դանիի, Ալիսի, Աննայի եւ Լեւոնի սիրային քառանկյունու մասին է։ Դանիի եւ Ալիսի պատահական հանդիպումը վերածվում է սիրո, սակայն Դանին հրապուրվում է Աննայով։ Վերջինս Դանիի միջոցով ծանոթանում եւ ամուսնանում է Լեւոնի հետ, բայց Դանին ու Աննան գաղտնի սիրավեպ են սկսում։ Երբ դավաճանությունները բացահայտվում են, երկու զույգերի կյանքն էլ փլուզվում է՝ սերը վերածելով խանդի, վրեժի եւ ճշմարտությունը գտնելու մոլուցքի։

Աննայի կերպարը մարմնավորում է ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ։ Դերասանուհու խոսքով՝ նմանատիպ ֆիլմերը դերասանի համար շատ հետաքրքիր են․«Սա այն աշխատանքներից է, որտեղ պետք է կարողանաս քեզ դրսեւորել այլ կերպ, ավելի խորությամբ։ Կարծում եմ՝ բավականին աշխատանք կա անելու, եւ հուսով եմ՝ պատվով դուրս կգանք այդ աշխատանքից»։

Իր կերտած կերպարի՝ Աննայի մասին առանձին խոսելը դերասանուհին ճիշտ չի համարում, քանի որ ֆիլմի առանցքում ոչ թե մեկ հերոս է, այլ չորս մարդկանց փոխկապակցված հարաբերությունները․ «Կարող եմ ասել, որ սա սիրային քառանկյուն է, որտեղ յուրաքանչյուրը յուրովի է դրսեւորվում։ Իմ կերպարի մասին առանձին խոսելը մի փոքր սխալ կլինի, որովհետեւ սա փոխհարաբերությունների մասին ֆիլմ է։ Այստեղ խոսքը ոչ միայն առանձին կերպարների, այլեւ այդ քառանկյան ներսում ձեւավորված զգացմունքների, ձգողականության եւ գայթակղությունների մասին է։

Ամենակարեւորն այն է, որ կյանքում պետք է կարողանաս հասկանալ՝ դու ընտրությո՞ւն ես կատարում, թե՞ պարզապես գայթակղվում ես եւ գնում տվյալ պահի, տվյալ ակնթարթի կամ ինչ-որ վիրավորանքի հետեւից։

Ես նույնիսկ չգիտեմ՝ հանդիսատեսն ում կողմից է լինելու։ Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, եւ հերոսներից յուրաքանչյուրն ամբողջ ֆիլմի ընթացքում ներկայացնում է իրենը։ Հնարավոր է՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը իրեն ավելի հոգեհարազատ համարի կերպարներից մեկին»։

Դերասանուհին չի շտապում արդարացնել կամ դատապարտել Աննային, բայց խոստովանում է, որ փորձում է հասկանալ նրան եւ գտնել կերպարի վարքագծի շարժառիթները․ «Համենայնդեպս, փորձում եմ արդարացնել։ Ընդհանրապես, կարծում եմ՝ եթե փոխես դիտակետդ, կարող ես փոխել նաեւ իրավիճակի ընկալումը։ Ես իմ դիտակետը փոխում եմ հանուն կերպարիս, որպեսզի կարողանամ արդարացնել նրան։

Ինձ թվում է՝ յուրաքանչյուր դերասանուհու համար կարեւոր է իր կարիերայի ընթացքում ունենալ նմանատիպ կին կերպար, որովհետեւ այստեղ հոգեբանական շատ մեծ աշխատանք կա»։

Լուիզա Ներսիսյանը հայտնի է նաեւ իր հումորային դերերով։ Հարցին, թե որքանով է հեշտ կատակերգությունից անցնել հոգեբանական դրամայի, դերասանուհին պատասխանում է, որ այդ երկու ժանրերը միշտ էլ իրար հետ կապ են ունեցել․ «Քանի որ կյանքում կա ե՛ւ հումոր, ե՛ւ դրամա, ես սիրում եմ դրանք համատեղել։ Ես երբեք մաքուր հումոր չեմ խաղացել։ Միշտ գտել եմ իմ կերպարը եւ նույնիսկ հումորային ֆիլմերում ու նախագծերում փորձել եմ գտնել նրա դրաման։

Հիմա այս դեպքում փորձում եմ գտնել նրա միջի հումորը։ Ինձ համար անընդունելի է, որ որեւէ պատմություն լինի զուտ ողբերգություն կամ դրամա։ Կյանքում էլ են պատահում շատ տխուր իրավիճակներ, բայց նույնիսկ այդ պայմաններում պետք է կարողանաս ժպտալ։ Կամ հակառակը՝ ժպիտի մեջ կարող է թաքնված լինել տխրությունը։ Ինձ թվում է՝ հենց այդ համատեղելիության արդյունքում է ծնվում կյանքի ավելի կարեւոր ճշմարտությունը»։

«ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԿԱՆ, ՈՐ «ՀՊՈՒՄ»-Ը ԼԱՎ ՖԻԼՄ ԼԻՆԻ»

Լեւոնի կերպարը մարմնավորելու է ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ։ Դերասանը նախագծին միանալու որոշման մեջ կարեւորել է սցենարն ու ստեղծագործական կազմը, ինչպես նաեւ մարդկային բարդ հարաբերությունների վրա աշխատելու հնարավորությունը․ «Նարեկի հետ առաջին անգամ ենք աշխատում, եւ վստահ եմ, որ ինքն էլ շատ մեծ շարժառիթ ունի, մեծ մղում՝ լավ բան անելու եւ դրանով հանրությանը ներկայանալու։ Բոլոր նախադրյալները կան, որ սա լավ ֆիլմ լինի, որտեղ շեշտադրվելու են մարդկային փոխհարաբերություններն ու ճակատագրերը։ Բացի այդ, դերասանի համար շատ լավ տարածություն կա աշխատելու»։

Ջանիբեկյանը Լեւոնին ներկայացնում է որպես ինքնաբավ ու կայուն մարդու, որի կյանքում անսպասելիորեն զարգանում են իրադարձություններ՝ ներքաշելով նրան բարդ հարաբերությունների մեջ․ «Ես մարմնավորում եմ Լեւոնին, որը շատ ինքնաբավ, կայուն եւ հաստատված տղա է։ Նա ընկնում է այդ չորս հոգու սիրային պատմության մեջ։ Ինքն էլ բժիշկ է եւ ապրում է իր կյանքով, բայց հայտնվում է այդ բարդ հարաբերությունների կենտրոնում»։

Դերասանի կարծիքով՝ հայկական կինոարտադրության մեջ սիրային եւ հոգեբանական դրամայի որոշակի պակաս կա, եւ «Հպումը» կարող է լրացնել այդ բացը։

«ԿՈՄԵԴԻԱՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵՑՐԵԼ ԵՆ ԹԵ՛ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ, ԹԵ՛ ՄԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»

Ալիսի կերպարը մարմնավորելու է ԴԻԱՆԱ ՄԱԼԵՆԿՈՆ։ Դերասանուհին խոստովանում է, որ շուրջ երկու տարի մերժել է կատակերգական նախագծերի առաջարկները՝ սպասելով այլ ժանրում ներկայանալու հնարավորության․ «Մոտ երկու տարի մերժելով բոլոր տեսակի կատակերգական առաջարկները՝ սպասում էի, որ վերջապես այլ ժանրի առաջարկ կստանամ։ Կարծում եմ՝ կոմեդիաներն արդեն հոգնեցրել են թե՛ դերասաններին, թե՛ մեր հանդիսատեսին։ Եվ Նարեկն առաջինն էր, ով ինձ առաջարկեց նկարահանվել այս ֆիլմում։ Սա դրամա է եւ բավականին հետաքրքիր աշխատանք է ենթադրում»։

Մալենկոյի համար նախագծին համաձայնելու մյուս կարեւոր պատճառը պատմության սկզբնաղբյուրն է։ Դերասանուհին վաղուց ծանոթ է պիեսին, իսկ դրա հիման վրա նկարահանված ֆիլմը համարում է իր սիրելիներից մեկը։ Արդեն գոյություն ունեցող էկրանավորումը, սակայն, նոր տարբերակն իրականացնելու համար լրացուցիչ մարտահրավեր է․ «Թե ինչպես կստացվի մեր տարբերակը, կտեսնենք հետո, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի այն ստացվի ավելի երեւանյան, ավելի մեր մասին։ Թեեւ թեման հարաբերություններն են եւ դրանց բարդությունները, իսկ դրանք համամարդկային են, կարծում եմ՝ միանգամայն բնական է, որ այդ հարաբերությունների մասին խոսենք նաեւ Երեւանում»։

Ալիսի արարքները գնահատելիս դերասանուհին նույնպես խուսափում է միանշանակ դիրքորոշումից․ «Իմ կարծիքով՝ այստեղ արդարացնելու կամ դատապարտելու խնդիր չկա։ Մարդու կյանքի ճանապարհն այնպիսին է, ինչպիսին այն ներկայացված է մեր տարբերակում։ Կարծում եմ՝ ստեղծագործական խումբը որոշակի առումով ավելի է արդարացնում կերպարին, բայց խնդիրը նրան արդարացնելը կամ չարդարացնելը չէ։ Խնդիրն այն է, թե մարդն ինչպես է արձագանքում կյանքի տարբեր իրավիճակներին, եւ ինչպես են բախվում մարդկային որակներն ու արժեհամակարգերը։ Ինձ համար հենց դա է հետաքրքիր այս պատմության մեջ»։

«ԱՌԱՆՑ ՄԵԿ ՎԱՅՐԿՅԱՆ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻ ԼԻՆԵԼ ՆԱՐԵԿԻ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԻ ՄԱՍԸ»

Ֆիլմում ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ մարմնավորում է երիտասարդ տղամարդու, որի կերպարը նույնպես հայտնվում է սիրային բարդ հարաբերությունների մեջ։ Դերասանի՝ նախագծին միանալու հիմնական շարժառիթներից մեկը, սակայն, ընկերոջ վաղեմի երազանքին աջակցելն էր․ «Ֆիլմն արդեն իմ կոլեգաները ներկայացրեցին։ Սա դրամատիկ աշխատանք է, որը մտերմության եւ մարդկային հարաբերությունների մասին է։ Նարեկ Ներսիսյանին, ի տարբերություն իմ կոլեգաների, ճանաչում եմ ավելի քան տասը տարի։

Այդ ամբողջ ընթացքում՝ մեր ընկերական զրույցների ու հանդիպումների ժամանակ, Նարեկը խոսում էր այն մասին, որ մեծ երազանք ունի՝ ֆիլմ նկարելու, ուզում է մտնել այս ոլորտ, շատ է ուզում զբաղվել կինոյով։ Այդ ընթացքում նա աշխատում էր իր երազանքի ուղղությամբ՝ միաժամանակ զբաղվելով մեկ այլ մասնագիտությամբ։ Բայց երբեք չկորցրեց ֆիլմ նկարելու ցանկությունը։

Եվ այսօր հասել ենք այն կետին, որ նա իրականացնում է իր երազանքը։ Երբ իմացավ, որ ֆիլմ է նկարում, ես, բնականաբար, առանց մեկ վայրկյան մտածելու համաձայնեցի։ Նույնիսկ չմտածեցի՝ ինչ աշխատանք է, ինչ ենք անելու։ Ինձ համար շատ կարեւոր էր, որ Նարեկը հասել է իր երազանքին, եւ ես ուզում էի լինել դրա իրականացման մի մասը։ Դա էր ֆիլմում լինելու հիմնական նպատակը՝ Նարեկի կողքին լինելը»։

Սցենարին ծանոթանալուց հետո դերասանը բացահայտել է նաեւ իր կերպարի բարդ կողմերը։ Նրա խոսքով՝ պատմությունը միայն սիրային հարաբերությունների մասին չէ, այլ նաեւ այն մասին, թե ինչպես են զգացմունքները փոխում մարդու վարքագիծն ու որոշումները․ «Երբ արդեն կարդացի գործը, ծանոթացա այն աշխատանքին, որն արել էր Նարեկը, հասկացա նաեւ դրա արժեքը։ Հասկացա, թե ինչ կարեւոր գործ ենք անում, եւ ինչ լավ է, որ Նարեկը որոշել է հենց այս սցենարը ֆիլմ դարձնել։

Իմ կերպարն ինձ համար շատ կարեւոր է։ Այն ունի մի քանի շերտ, որոնք պետք է խաղալ եւ ներկայացնել։ Սա միայնակ, ոչ այնքան հաջողակ գրողի պատմություն է, որը սիրահարվում է միաժամանակ մի քանի կանանց։ Ֆիլմում տեսնում ենք, թե ինչպես են սերը, զգացմունքը, կապվածությունն ու մտերմությունը մարդու ներսում անընդհատ փոխվում։

Այդ զգացումները կապ ունեն նաեւ մեր սովորական կյանքի հետ։ Տեսնում ենք, թե ինչպես են դրանք մտնում առօրյա կյանք եւ փոխում մարդու վարքագիծն ու որոշումները։ Իհարկե, այդ ամենը գալիս է լավ դրամատուրգիական աշխատանքից, եւ ես կարծում եմ՝ այստեղ այդ հիմքը կա»։

Հարցին, թե արդյոք կյանքում կարող է հայտնվել իր կերպարի նման իրավիճակում, Հախվերդյանը պատասխանում է, որ նախընտրում է խուսափել նման զարգացումներից՝ միաժամանակ չբացառելով մարդկային հարաբերությունների անկանխատեսելիությունը․ «Չեմ կարծում, որ կյանքում կցանկանայի հայտնվել նման իրավիճակում։ Կփորձեմ ինձ զերծ պահել դրանից։ Բայց, բնականաբար, ոչինչ բացառված չէ։ Չեմ ասի, թե նման բան երբեք չի կարող պատահել։ Բոլորիս կյանքում էլ կարող են լինել նման իրավիճակներ։

Բայց, իհարկե, ֆիլմում ամեն ինչ հասցված է ծայրահեղ աստիճանի, կերպարներն ու նրանց դրսեւորումները բավականին սրված են։ Ինչ վերաբերում է իմ կերպարի հետ հաշտ լինելուն, ապա ես՝ որպես դերասան, իրավունք չունեմ հաշտ չլինելու եւ չպաշտպանելու նրա շահերը։ Այդ առումով, մասնագիտական տեսանկյունից, այո՛, հաշտ եմ նրա հետ»։

«ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆՔ՝ ՈՐՏԵՂ Է ՀԱՏՎՈՒՄ ՍԻՐՈ, ԿՐՔԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԹԵԼԸ»

Ֆիլմի ստեղծագործական գործընթացում կարեւոր դեր ունի նաեւ կրեատիվ պրոդյուսեր ԱՐՄԻՆԵ ԲՐՍՈՅԱՆԸ։ Նրա խոսքով՝ «Հպումը» նոր ձեւաչափի աշխատանք է հայկական կինոարտադրության համար, որը հանդիսատեսին առաջարկելու է ուսումնասիրել մարդկային բնավորություններն ու հարաբերությունների բարդությունները։

«Նման ձեւաչափի ֆիլմ Հայաստանում դեռ չի եղել։ Դիտողի հետ միասին, մեր դերասանների խաղի միջոցով պետք է հասկանանք, թե որտեղ է հատվում սիրո, կրքի եւ հավատարմության թելը։

Գիտեմ, որ հանդիսատեսը երբեմն նախընտրում է ավելի թեթեւ, չծանրաբեռնող կատակերգություններ, բայց սա այդ դեպքը չէ։ Այստեղ ներկայացվելու են մարդուն բնորոշ կարեւոր գծեր ու մարդկային հարաբերությունների բարդություններ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրն այս պատմության մեջ կարող է գտնել իրեն հետաքրքրող հարցերն ու պատասխանները»։

Բրսոյանի դիտարկմամբ՝ ֆիլմը չի փորձում հանդիսատեսին պատրաստի դատողություններ առաջարկել։ Փոխարենը՝ ստեղծում է իրավիճակներ, որոնցում յուրաքանչյուրն ինքն է գնահատելու հերոսների արարքներն ու դրանց հետեւանքները։

Գուցե հենց սա է «Հպումի» գլխավոր հարցադրումը․ արդյոք սերն արդարացնո՞ւմ է մեր ընտրությունները, եւ որտե՞ղ է ավարտվում զգացմունքը՝ սկսելով ուրիշի կյանքի նկատմամբ պատասխանատվությունը։ Իսկ մեզ մնում է սպասել, թե ինչ ճակատագիր կունենա «Հպումը» էկրանին, եւ արդյոք հանդիսատեսը չորս հերոսների պատմության մեջ կգտնի իր սեփական ճշմարտությունը։

Նյութը եւ լուսանկարները՝

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ