Երբ բալետը խոսում է բնության լեզվով Նոր իրողությունների նոր խաղերը Կարող են փոխվել ստվերային կառավարման հարյուրամյա սխեմաները Հրաժարվիր կինոյի տղա լինելուց՝ դու չես կարող դեւի դեմն առնել մենակ քո փողերով․ Աղազարյանը՝ ուժեղների շեֆին Իսպանիայում պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինային զենք մատակարարող գործարանում Նման ձեւակերպումը անընդունելի է մարզպետի կողմից՝ ուղղված ռուս ազգի նկատմամբ․Աղազարյանը Շիրակի մարզպետի ռասիստական հայտարարության վերաբերյալ «Ուժեղ Հայաստանի» գյումրեցի պատգամավորը խնայեց մարզպետին Ուզում եք հարցը ջրել, ստեղծեք հանձնաժողով․ Հայկ Նահապետյան Ուրա՞ էնտեղ ընդդիմություն՝ ծաղրածուներ են, որոնք եկել են մարդկանց ուրախացնելու քաղաքական թիվ մեկ ամբիոնից․ Գագիկ Մելքոնյան Պապիկյանը հայտնվել է Փաշինյանի թիրախում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Երբ բալետը խոսում է բնության լեզվով

Մշակութային

Ամերիկյան բալետը հայկական խորեոգրաֆիական ժառանգության, բնապահպանական գաղափարների եւ արվեստի մշակութային դիվանագիտության հետ հանդիպեց մեկ բեմում։ Երեւանյան բեմում այս անգամ պարը պատմում էր ավելին, քան մարդկային զգացմունքների մասին է։ Այն խոսում էր բնության փխրունության, կյանքի շարունակականության, սիրո, կորստի եւ այն պատասխանատվության մասին, որը մարդն ունի իրեն շրջապատող աշխարհի հանդեպ։

Հոկտեմբերի 27-ին, ՀՀ կառավարության հրավերով, Վաշինգտոնի Moveius Contemporary Ballet-ը հանդես եկավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ իր 11-ամյա պատմության մեջ առաջին անգամ ներկայանալով միջազգային բեմում։ Հյուրախաղերը կազմակերպվել էին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում։

Երեկոյի առանձնահատկությունն այն էր, որ ամերիկյան ժամանակակից բալետի լեզուն միավորվեց հայկական խորեոգրաֆիական ավանդույթի հետ։ Հանդիսատեսին ներկայացվեցին խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Դիանա Մովիուսի երկու ստեղծագործություն՝ «Դիմակայունության եղանակները» եւ «Ապոկրիտան», ինչպես նաեւ անվանի հայ խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի «Կրքեր ըստ Բախի» եւ «Ստաբատ Մատեր» բալետները։

ՄԵՂՈՒՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴԸ․ ԲԱԼԵՏ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ

Moveius Contemporary Ballet-ի երեւանյան ծրագրի առանցքում բնապահպանական թեման էր։ Խմբի գեղարվեստական ղեկավար Դիանա Մովիուսը տարիներ շարունակ իր ստեղծագործություններում անդրադառնում է բնության, էկոհամակարգերի եւ մարդու ու շրջակա միջավայրի փոխհարաբերություններին՝ համոզված լինելով, որ արվեստը կարող է ոչ միայն արտացոլել իրականությունը, այլեւ փոխել մարդկանց վերաբերմունքը դրա հանդեպ։

«Դիմակայունության եղանակները» բալետը դրա վառ օրինակներից է։ Դիմանկարների ազգային պատկերասրահի պատվերով ստեղծված եւ 2024 թվականին առաջին անգամ ներկայացված այս աշխատանքը ներշնչված է ամերիկացի բնապահպան եւ գրող Ռեյչել Քարսոնի «Լուռ գարուն» գրքից։ Բեմադրության երաժշտական հիմքում Վիվալդիի «Չորս եղանակներ»-ն է՝ Մաքս Ռիխտերի վերամշակմամբ։

Ստեղծագործության միջոցով բնության փոփոխվող ռիթմերը, խոցելիությունն ու վերականգնվելու կարողությունը ստանում են մարմնավորված արտահայտություն։ Բնությունը դադարում է պարզապես բեմադրության ներշնչանքի աղբյուր լինելուց եւ դառնում պատմության լիարժեք մասնակից։

Իսկ «Ապոկրիտան» հանդիսատեսին տեղափոխում է միջատների աշխարհ՝ ներկայացնելով մեղուների, կրետների եւ մրջյունների կարճատեւ, բայց հագեցած կյանքը, նրանց փոխկապակցված գոյությունն ու գաղութային վարքագիծը։ Առաջին հայացքից փոքր ու աննշան թվացող այս աշխարհի միջոցով բալետը հիշեցնում է, թե որքան կարեւոր է յուրաքանչյուր կենդանի օղակ բնության մեծ համակարգում։

Այս երկու ստեղծագործություններն առանձնահատուկ հնչեղություն ստացան հենց COP17-ի համատեքստում, երբ Երեւանը հյուրընկալում էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակներին, գիտնականներին, բնապահպաններին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կենսաբազմազանության պահպանման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։

ԵՐԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ

Երեկոյի մյուս առանցքը հայկական խորեոգրաֆիական ժառանգությունն էր՝ ի դեմս Ռուդոլֆ Խառատյանի ստեղծագործությունների։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Խառատյանը տարիներ շարունակ կարեւոր դեր է ունեցել նաեւ Վաշինգտոնի պարարվեստի համայնքում։ Այս անգամ նա աշխատել է Moveius-ի արտիստների հետ՝ իր բալետները նոր կատարողական միջավայրում ներկայացնելու համար։

«Ստաբատ Մատերը» քնարական ստեղծագործություն է՝ վշտի, կարեկցանքի եւ սիրո հարատեւ ուժի մասին։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2000 թվականին Վաշինգտոնում՝ Խառատյանի հիմնադրած ARKA բալետային խմբի կատարմամբ։ Գլխավոր դերը մարմնավորել էր նրա դուստրը՝ Սոնա Խառատյանը, որն այժմ Moveius Ballet-ի գեղարվեստական խորհրդատուն է եւ իրականացրել է ստեղծագործության վերաբեմադրությունը խմբի համար։

Այսպիսով, բալետը ոչ միայն վերադարձավ իր ստեղծագործական պատմության կարեւոր հանգրվաններից մեկին, այլեւ շարունակեց իր ճանապարհը նոր սերնդի արտիստների միջոցով։

Իսկ «Կրքեր ըստ Բախի» բեմադրության կենտրոնում սիրահար զույգի պատմությունն է։ Միշա Գլուչկովան եւ Ադամ Չավիսը կրկին ներկայացրել են իրենց հայտնի զուգապարը, որն առաջին անգամ կատարել էին 2025 թվականին։ Պարային դուետում նրանք մարմնավորում են ասես սեփական ուղեծրում անդադար պտտվող երկու սիրահարների՝ երաժշտության, շարժման եւ զգացմունքների միջոցով ստեղծելով տարածության ու ժամանակի սահմաններից դուրս հարաբերությունների պատկեր։

«ԱՐՎԵՍՏԸ ԿԱՐՈՂ Է ՈԳԵՇՆՉԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ՝ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ»

Moveius Contemporary Ballet-ի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԴԻԱՆԱ ՄՈՎԻՈՒՍԻ համար հայաստանյան հյուրախաղերը ոչ միայն կարեւոր մասնագիտական իրադարձություն էին, այլեւ տարիների ստեղծագործական աշխատանքի խորհրդանշական շարունակություն։

«Հայաստանի կառավարության կողմից COP17-ին ելույթ ունենալու հրավեր ստանալը մեծագույն պատիվ է մեզ համար։ Մենք կլինենք առաջին ամերիկյան բալետային խումբը, որը հանդես կգա Պարոնյան թատրոնի բեմում, եւ մենք դրան անչափ լուրջ ենք վերաբերվում»,- նշել է նա։

Մովիուսի խոսքով՝ բնության մասին բալետներ ստեղծելու իր երկարամյա աշխատանքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ արվեստն ունի հասարակական գիտակցություն ձեւավորելու ուժ։

«Տարիներ շարունակ ես բալետներ եմ ստեղծել բնաշխարհի մասին, քանի որ հավատում եմ՝ արվեստը կարող է ոգեշնչել մարդկանց՝ պահպանելու այն: Այդ աշխատանքը Երեւան բերելը, որտեղ աշխարհը համախմբվում է հանուն բնության պահպանության, ինչպես նաեւ բեմը Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայի հետ կիսելը լավագույնս վկայում են մեր խմբի դավանած արժեքների մասին»,- ընդգծել է նա։

Հյուրընկալող թատրոնի տնօրեն ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ էլ ընդգծել է, որ Հայաստանի հանդիսատեսը սիրում է արտասահմանյան պարային խմբերի ելույթները, իսկ այս հյուրախաղերն առանձնահատուկ նշանակություն ունեն երկու մշակույթների մերձեցման տեսանկյունից։

«Հատկապես խորհրդանշական է, որ այս ստեղծագործություններից երկուսն արձագանքում են COP17-ի նպատակներին, իսկ մյուս երկուսն արտացոլում են Հայաստանի բալետային ժառանգությունը: Սա մեր երկու մշակույթների գեղեցիկ միաձուլում է»,- նշել է նա։

Moveius Contemporary Ballet-ի երեւանյան ելույթը կարեւոր էր նաեւ ավելի լայն համատեքստում։ Այն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ միջազգային համագործակցությունը կարող է կայանալ ոչ միայն քաղաքական բանակցությունների, պաշտոնական հանդիպումների կամ տնտեսական ծրագրերի միջոցով։ Երբեմն տարբեր երկրների ու հասարակությունների միջեւ ամենաազդեցիկ երկխոսությունը տեղի է ունենում արվեստի լեզվով։

Հատկանշական է, որ խմբի այս ծրագիրը նախ ներկայացվել էր Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 10-11-ին, Dance Loft թատրոնում՝ ազդարարելով Moveius-ի 11-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ «Prelude: A Season of Migration» խորագրով։ Այնուհետեւ ստեղծագործությունները տեղափոխվել են Երեւան՝ դառնալով խմբի առաջին միջազգային հյուրախաղերի հիմքը։

Հոկտեմբերի 29-ին Moveius Contemporary Ballet-ը հանդես եկավ նաեւ COP17-ի «Կանաչ գոտում»՝ ներկայացնելով Դիանա Մովիուսի «Դիմակայունության եղանակները» եւ Ռուդոլֆ Խառատյանի «Կրքեր ըստ Բախի» ստեղծագործությունները։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող այս հարթակը համաժողովի շրջանակում հանրությանը ներկայացնում էր բնապահպանական, կրթական եւ մշակութային նախաձեռնություններ։

2015 թվականին Դիանա Մովիուսի հիմնադրած Moveius Contemporary Ballet-ը տարիների ընթացքում ձեւավորել է ժամանակակից բալետի իր ինքնատիպ ձեռագիրը՝ դասական պարային տեխնիկան համադրելով նորարարական պատմությունների եւ հասարակական նշանակություն ունեցող թեմաների հետ։ Խումբը հանդես է եկել Վաշինգտոնի Քենեդու կենտրոնում, Դիմանկարների ազգային պատկերասրահում եւ այլ հեղինակավոր հարթակներում, ինչպես նաեւ Նյու Յորքում ու Սան Ֆրանցիսկոյում։

Երեւանյան հյուրախաղերը նոր էջ բացեցին խմբի պատմության մեջ։ Բայց այս իրադարձության նշանակությունը միայն միջազգային դեբյուտով չի սահմանափակվում։ Այն ցույց տվեց, թե ինչպես կարող են ամերիկյան ժամանակակից բալետն ու հայկական խորեոգրաֆիական ժառանգությունը հանդիպել մեկ բեմում՝ խոսելով միաժամանակ բնության, մարդկային զգացմունքների եւ մշակույթների միջեւ փոխըմբռնման մասին։

Եվ գուցե հենց սա էր այս ներկայացման ամենակարեւոր ուղերձը․ բնությունը, ինչպես արվեստը, սահմաններ չի ճանաչում, իսկ պարը կարող է դառնալ այն լեզուն, որով մարդիկ սովորում են ոչ միայն հասկանալ միմյանց, այլեւ միասին հոգ տանել իրենց ընդհանուր աշխարհի մասին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ