«Ուժեղ Հայաստանի» գյումրեցի պատգամավորը խնայեց մարզպետին
ՀանդիպումՌուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ օրեր առաջ կատարած գրառման մեջ տեղ գտած «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»» արտահայտությունը բնորոշել է որպես նեոնացիստական հռետորաբանություն եւ հայտարարել, որ նման ձեւակերպումներն անընդունելի են պետական պաշտոնյաների համար։ Նա նաեւ ընդգծել է, որ ակնկալում են Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքը։ Հատկանշական է, որ այս ամենի վերաբերյալ լռում է նաեւ հայաստանյան մանդատավոր ընդդիմությունը, ինչին անդրադառնալով՝ «Իրավունք»-ը զրուցեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության գյումրեցի պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ։ Պարզվում է՝ նրա համար մարզպետի արած արտահայտությունը ոչ թե դատապարտելի ռասիզմի դրսեւորում է, այլ՝ ընդամենը ոչ այդքան ճիշտ։ Ավելին՝ անգամ ենթադրում է, որ միտում էլ չի եղել։
— Դավիթ Առուշանյանի կողմից արտահայտությունը դատապարտել է ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, այնպես էլ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Չե՞ք կարծում, որ այսքանից հետո՝ առնվազն պետք է ԱԳՄԱ նախարարության մակարդակով ներողություն հնչեր, իսկ Շիրակի մարզպետը հրաժարական տար։
— Իրականում մարզպետի մակարդակով նման հայտարարություններ անելը, նման ստատուս գրելը, ըստ իս, այդքան էլ ճիշտ չէ, մանավանդ, երբ խոսքը մեր մարզի, մեր քաղաքի տոնի հետ էր կապված։ Ենթադրում եմ, որ նման կերպ ռուսներին կպնելու միտում միգուցե չի ունեցել, բայց, ամեն դեպքում, իմաստը չեմ տեսնում այդ գրառման։
— Ի դեպ, ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առաջարկել է դիտարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը ՌԴ արգելելու հնարավորությունը։ Ի՞նչ կասեք այս մասին։
— Իհարկե, դա Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների որոշելիքն է։ Բայց, ամեն դեպքում, իշխանությունը նշում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են լավագույն վիճակում, որեւիցե խնդիր չկա, հետեւապես, էլի եմ շեշտում՝ ըստ իս, նման արտահայտություն անելն այդքան էլ ճիշտ չէ։
— Բայց չե՞ք կարծում, որ այսքանից հետո, երբ Դավիթ Առուշանյանի արտահայտությունը նման հնչեղություն է ստացել, պետք է լինեն հետեւանքներ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում պաշտոնից ազատել Շիրակի մարզպետին։
— Ցավոք սրտի, այս իշխանությունը 2018 թվականից ինչ եկել է, ճիշտ ձեւով չեն աշխատում, իրենց սխալները իրենք չեն ընդունում, ամեն անգամ էլ նոր սխալներ են անում։ Նորմալ երկրներում, նորմալ պարագայում, այո՛, հնարավոր է, այդ ձեւաչափն աշխատեր, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում, չեմ հավատում, որ հետեւանքներ կլինեն։ Ենթադրում եմ, որ վերջում ասելու են՝ սխալվել ենք, անցնեն առաջ։ Ու այսպես գնում ենք առաջ, մինչեւ հասկանանք՝ ինչ է լինելու։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
