Միրզոյանի լեոպոլդական ջանքերն ի չիք դարձան
ՎերլուծությունՀայաստանի խորհրդարանում խաղաղության մասին խոսում են այնքան ժամանակ, քանի դեռ հերթը չի հասել իրար լսելուն։ Սահմանադրական հանրաքվեի շուրջ համաձայնություն են փնտրում, բայց երբ քաղաքական խոսքը սպառվում է, գործի են անցնում բռունցքներն ու աթոռները։
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը պարզապես հերթական միջադեպը չէր։ Այն բացահայտեց քաղաքական համակարգի իրական դեմքը, որտեղ խաղաղության մասին բարձրագոչ հայտարարությունները մեկ օրում վերածվում են խորհրդարանական խառնաշփոթի, իսկ մանդատավորները սկսում են մրցել ոչ թե լուծումներ առաջարկելու, այլ միմյանց մեղադրելու հարցում։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանը կարծես ստանձնել էր իշխանության եւ ընդդիմության միջեւ միջնորդի դերը։ Նա փորձում էր պարզել՝ արդյոք ընդդիմությունը պատրաստ կլինի կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությանը, եթե Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիրը եւ այլ նախապայմաններ չառաջադրի։ Միրզոյանը նույնիսկ հիշեցրեց, որ իշխանությունից հեռանալու ճանապարհը համաժողովրդական քվեարկությունն է։
«Ուզո՞ւմ եք մեզ իշխանությունից հեռացնեք։ Անկեղծ ուզո՞ւմ եք, ըհը՛, ընտի՛ր, սա էլ համաձայնեցին։ Հիմա մյուս բանն եմ ասում. հասկացա՞ք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է՝ համաժողովրդական քվեարկությունը, մնացածը չի անցնում»,- հայտարարեց նա։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ խոսում էր խաղաղության մասին՝ միաժամանակ իշխանությանը մեղադրելով ժողովրդին մոլորեցնելու եւ TRIPP-ի ու խաղաղության միջեւ կապը խեղաթյուրելու մեջ։ Թվում էր՝ գոնե քննարկման ընդհանուր հարթակ կա։ Բայց հաջորդ օրը Միրզոյանի հաշտեցնող ջանքերից ոչինչ չմնաց։ Խորհրդարանում խաղաղության պայմանագրի ու Սահմանադրության մասին խոսակցությունները փոխարինվեցին բռունցքներով, շշերով, քացիներով ու աթոռներով։
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔ
Ամեն ինչ սկսվեց իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից, երբ նա կոռուպցիայի թեմայով անդրադարձավ ընդդիմադիր գործիչներին եւ Նարեկ Կարապետյանի ընտանիքին։ Խոսքային բախումն արագ վերածվեց ֆիզիկականի։ Պատգամավորները հարվածում էին միմյանց, ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ, վնասվածքներ ստացած պատգամավորներ եղան, իսկ խորհրդարանի գույքը վնասվեց։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը որոշ ժամանակ չէր ընդհատում նիստը՝ հայտարարելով, որ ուզում է՝ բոլորը տեսնեն կատարվողը։ Կարծես, հատուկ հրահանգ էր ստացել ընդդիմադիրների քիթը ջարդելու։ Բայց ի՞նչ կար տեսնելու։ Որ Հայաստանի օրենսդիր մարմինը կարող է վերածվել փողոցային կռվի հարթակի՞։ Խորհրդարանը քուչի հավաք չէ։ Այն պետության բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, որտեղ պետք է քննարկվեն երկրի անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսական զարգացումն ու քաղաքացիների իրավունքները։ Պատգամավորական մանդատը ոչ մեկին փողոցային կռվի արտոնագիր չի տալիս։
«ՏՂԱՅԱԿԱՆ ԿՌԻ՞Վ»․ Ո՛Չ, ՆՈՐՄԱԼ ՉԷ
Ծեծկռտուքից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կատարվածը որակեց որպես «տղայական նորմալ կռիվ»՝ հայտարարելով, որ իրենք արել են այն, ինչ ժամանակին չի արել նախորդ գումարման ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Բայց ի՞նչն է այստեղ նորմալ։
Նորմա՞լ է, երբ պատգամավորները օրենքներ մշակելու փոխարեն իրար հարվածում են։ Նորմա՞լ է, երբ խորհրդարանի փոխնախագահը աթոռ է նետում ընդդիմադիրների ուղղությամբ։ Նորմա՞լ է, երբ կատարվածը ներկայացվում է որպես տղամարդկային արժանապատվության կամ քաղաքական ուժի դրսեւորում։ Ո՛չ։ Եվ ամենավատն այն է, որ բռնությունից հետո այն դեռ փորձում են վաճառել որպես հաղթանակ։ Ընդ որում՝ երկու կողմն էլ։
Եթե քաղաքական գործիչը հպարտանում է նրանով, որ կարողացել է հակառակորդին հարվածել, ապա նա ոչ թե իր ուժն է ցույց տալիս, այլ քաղաքական փաստարկների պակասը։ Խորհրդարանում պետք է հաղթի փաստարկը, ոչ թե՝ բռունցքը։ Հակառակ դեպքում ի՞նչ տարբերություն կա պատգամավորի եւ փողոցային կռվի մասնակցի միջեւ, բացի նրանից, որ առաջինը հանրային միջոցներով վարձատրվող մանդատ ունի։
ՌՈՒԲԻՆՅԱՆՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ ՉԷ
Միջադեպից հետո Ռուբեն Ռուբինյանը պատասխանատվությունը դրեց Նարեկ Կարապետյանի վրա՝ պնդելով, որ վերջինս է սկսել ծեծկռտուքը։ Ընդդիմությունն էլ մեղադրեց ԱԺ նախագահին՝ իրավիճակը ժամանակին չկանխելու համար։
Իհարկե, պետք է պարզել՝ ով է առաջինը հարվածել։ Բայց դա պետք է անեն փաստերը, տեսագրություններն ու իրավական գնահատականը, ոչ թե քաղաքական հայտարարությունները։ Եվ նույնիսկ եթե իշխանության ներկայացրած վարկածը ճիշտ է, դա չի նշանակում, որ իշխանական պատգամավորների գործողություններն ինքնաբերաբար արդարացված են։
Առանձնապես հարցեր են առաջացնում Վահագն Ալեքսանյանի գործողությունները։ Եթե ընդդիմությունից պահանջվում է կարգապահություն, ապա նույն չափանիշը պետք է կիրառվի նաեւ իշխանության նկատմամբ։ Հակառակ դեպքում, ստացվում է երկակի ստանդարտ՝ ընդդիմության կտրուկ խոսքը սադրանք է, իսկ իշխանական պատգամավորի աթոռ նետելը՝ պարզապես իրավիճակի հետեւանք։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ դատապարտում է բռնությունը, բայց միաժամանակ աջակցում է ՔՊ պատգամավորների գործողություններին եւ ամբողջ պատասխանատվությունը դնում ընդդիմության վրա։ Սա էլ քաղաքական հակասություն է։ Եթե բռնությունը դատապարտվում է, ապա այդ սկզբունքը պետք է գործի բոլորի համար։ Չի կարելի միաժամանակ դատապարտել բռնությունն ու առանց հստակ սահմանազատման հավանություն տալ սեփական թիմի գործողություններին։
ԵՐԿՈՒ ԿՈՂՄՆ ԷԼ ԳՈՀ ԵՆ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ծեծկռտուքից հետո երկու ճամբարներն էլ իրենց պահեցին այնպես, կարծես հաղթել էին։ Իշխանությունը հայտարարեց, որ ընդդիմությանը տեղը ցույց է տրվել, իսկ ընդդիմությունը պնդեց, որ դիմադրել է իշխանության սադրանքներին։ Բայց ի՞նչ է փոխվել Հայաստանի քաղաքացու համար։
Խաղաղության պայմանագրի շուրջ հարցերը չեն լուծվել։ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին հանրությունը նոր պատասխաններ չի ստացել։ Փոխարենը քաղաքացին տեսել է, թե ինչպես են իր ընտրած ներկայացուցիչները միմյանց հարվածում պետական հաստատության ներսում։
Եթե իշխանությունը կարծում է, որ նման տեսարաններով ամրապնդում է իր դիրքերը, ապա մոռանում է՝ պետության պատասխանատվությունն ավելի լայն է, քան կուսակցական հաղթանակի զգացումը։ Եթե ընդդիմությունը կարծում է, որ բռունցքներով ապացուցում է իր ուժը, ապա պետք է պատասխան տա՝ այդ ուժն ինչպե՞ս է ծառայելու երկրի կառավարմանը։
Երկու կողմն էլ կարող են հայտարարել, որ չեն պարտվել։ Բայց իրականում պարտվեց խորհրդարանական մշակույթը, տուժեց պետական ինստիտուտների հեղինակությունը, իսկ հասարակությունն ավելի հեռացավ քաղաքական ուժերի հանդեպ վստահությունից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
