Արթուր Դանիելյանի կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը դատարանը դեռ քննության չի առել Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում հասել է սկզբունքորեն նոր մակարդակի․ Արիֆ Ասալիօղլու ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի

ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին

Նպատակս իշխանությանը քննադատելը չէ․ այսօր քննադատողների պակաս չկա։ Նպատակս լիազոր մարմիններին ցույց տալն է այն իրավական ուղեգիծը, որից շեղվելու գինը կարող է կործանարար լինել պետության համար՝ ծանր իրավական հետևանքներ առաջացնելով նաև նման որոշումներ ընդունողների ու դրանք իրագործողների համար։ Կան սխալներ, որոնք հնարավոր է ուղղել մեկ այլ որոշմամբ։ Բայց պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին։

Սյունիքը մեր հայրենիքի ողնաշարն է։ Այնտեղ ապրող մարդը պետք է առավոտյան իր տան դուռը բացի այն վստահությամբ, որ իր հողի վրա իր պետությունն է կանգնած, իր անվտանգությունը Հայաստանի օրենքն է պաշտպանում։ 
Ճանապարհներ բացելու անհրաժեշտությունը հասկանալի է։ Բայց երբ ճանապարհի մասին խոսքի տակ փորձ է արվում տեղավորել Հայաստանի օրենքից դուրս ազատ տարածք ունենալու պահանջը, պետք է իրերն իրենց անուններով կոչել․ դա արդեն մեր ինքնիշխանության հաշվին ճանապարհ հարթելու հավակնություն է։

Հայաստանի հողի վրա չի կարող լինել մի գիծ, որից այն կողմ հայ ոստիկանը դառնա անցանկալի, հայ սահմանապահը՝ խոչընդոտ, իսկ Հայաստանի օրենքը՝ ավելորդ։
Այս դիրքորոշումը միայն հայրենասիրական զգացումից չի բխում։ Այն ունի միջազգային իրավական ամուր հիմք։ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածն ամրագրում է պետությունների ինքնիշխան հավասարությունը և արգելում նրանց տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքն ու կիրառումը։ Հելսինկյան եզրափակիչ ակտը ևս ամրագրում է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության ու տարածքային ամբողջականության հարգման սկզբունքները։ 

Ուստի ճնշումը, որքան էլ բարձր հնչի, Հայաստանի տարածքում իրավունք տնօրինելու աղբյուր չէ։
Ադրբեջանը կարող է անվերջ կրկնել «Զանգեզուրյան միջանցք» արտահայտությունը։ Այդ կրկնությունից Հայաստանի սահմանը չի շարժվում, իսկ Սյունիքը «չեզոք գոտի» չի դառնում։ Ճանապարհի անունը իրավական կախարդական փայտիկ չէ, որ մի հարվածով վերացնի պետության իշխանությունը սեփական տարածքում։
Էականը կարգավորման բովանդակությունն է։ Եթե ճանապարհը գործում է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, այն կարող է ծառայել տարածաշրջանի հաղորդակցությանը։ Եթե պահանջն այն է, որ այդ ճանապարհի վրա Հայաստանի պետական իշխանությունը դադարի գործել, ապա խնդիրը վաղուց դուրս է եկել երթևեկության սահմաններից։
Ավելին՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համատեղ հռչակագրում հաղորդակցությունների բացման հիմք են արձանագրված հենց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքը։ Այդ բառերը պետք է ապրեն նաև ճանապարհի վրա՝ յուրաքանչյուր անցակետում և յուրաքանչյուր իրավական որոշման մեջ։

Իսկ եթե որևէ պայմանավորվածության տակ թաքնված է Հայաստանի տարածքի փոփոխություն, Սահմանադրության 205-րդ հոդվածը հստակ պատասխան ունի՝ այդ հարցը լուծվում է հանրաքվեով։ Ժողովրդի որոշումը պաշտոնատար անձի ստորագրությամբ փոխարինել հնարավոր չէ։ Միաժամանակ, ճանապարհի հատուկ ընթացակարգը պետք է գնահատել իր իրական բովանդակությամբ․ ամեն հատուկ ռեժիմ տարածքային փոփոխություն չէ, բայց ոչ մի անվանում չի կարող քողարկել այն, եթե այդպիսի փոփոխություն իսկապես նախատեսվում է։

Հայաստանի անունից բանակցողը պետք է իր թիկունքում զգա Սյունիքի բնակչին՝ իր տան, իր երեխայի, իր վաղվա օրվա հետ։ Եվ այնքան հստակ խոսի, որ վաղը ոչ ոք չկարողանա պայմանավորվածության տողերի արանքում տեղավորել Հայաստանի իրավունքից խլված մի պատառ։
Իրավամբ, ճանապարհը  թող կապի երկրները, բայց... Սյունեցուն իր պետությունից չկտրի։, Կամ տնավեր ու բնավեր անի։ Այդ ճանապարհի յուրաքանչյուր մետրի վրա Հայաստանը պետք է մնա Հայաստան՝ իր օրենքով, իր իշխանությամբ, իր արժանապատվությամբ։

Լևոն Բաղդասարյան
Փաստաբան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ