«Ժողովուրդ». Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»․ ձերբակալություններ ԵՊՀ-ում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք, քննությունը «ստանալու» ակնկալիքով, գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։
Սակայն «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ գործի ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ մյուս երկու ձերբակալվածները, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրաբար այն անձինք են, որոնք գումար են փոխանցել քննություն հանձնելու ակնկալիքով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք դիմել են իրավապահներին այն բանից հետո, երբ, ըստ իրենց ներկայացրած տեղեկությունների, քննություն հանձնելու համար գումար են փոխանցել, սակայն արդյունքում կտրվել են և չեն ստացել ակնկալվող գնահատականը։
Այս հանգամանքն էլ հարցեր է առաջացնում՝ ինչպե՞ս է կազմակերպվել գումարի փոխանցումը, ո՞վ է ստացել այն, և ի՞նչ ապացույցներ են ներկայացվել իրավապահներին։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գործով ուշադրության կենտրոնում են ԵՊՀ երկու ամբիոնի վարիչներ։ Միաժամանակ, ենթադրյալ կաշառք տված անձանց ինքնության, գումարի չափի և փոխանցման կոնկրետ հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկատվություն դեռևս հրապարակված չէ։ Մենք տեղեկացանք նաև, որ դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։
Հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ նաև, որ Վարդան Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանքը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները ինֆորմացիա ունեն նաև այլ բուհերի հետ կապված․ առաջիկայում այլ բուհերում ևս նման զարգացումներ են սպասվում։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում»։
