ՅՈՒՆԵՍԿՕ-ում տեղյակ չե՞ն․ ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՄատենադարանում երեկ անցկացվող՝ բնությանը եւ մշակույթին նվիրված միջազգային հանդիպման շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրեն ՋՅՈՏԻ ՀՈՍԱԳՐԱՀԱՐԻ՝ հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հնչեցրած պատասխանը լուրջ հարցեր է առաջացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ իր մանդատի, մասնագիտական պատասխանատվության եւ մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ։ Արցախում հայկական եկեղեցիների եւ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին հարցին ի պատասխան՝ պաշտոնյան հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել այդ դեպքերը, քանի որ տեղյակ չէ դրանց մասին։ Իսկ երբ լրագրողը կրկին անդրադարձել է վանդալիզմի վերաբերյալ տարածվող տեղեկություններին եւ հայկական մշակութային ժառանգության պահպանության շուրջ հայ հասարակության խոր մտահոգությանը, պատասխանը եղել է ընդամենը հետեւյալը. «Կներեք, ես պետք է գնամ»։ «Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն» նախաձեռնության հիմնադիր-ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանսեովն ահազանգում է․ «Այս պատասխանը ոչ միայն մտահոգիչ է, այլեւ լուրջ հարցադրումներ է առաջացնում այն կառույցի մասնագիտական գործունեության վերաբերյալ, որի հիմնական ուղղություններից մեկը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանությանն աջակցելն է»։
Ոչ պակաս զարմանալի է, թե ինչի է վերածվել Հայաստանի ազգային պատկերասրահը տնօրեն ՄԱՐԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ օրոք։ Նիկոլ Փաշինյանը եւ իր զուգընկերուհի Աննա Հակոբյանն օրերս Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա են գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը։ Ցուցադրությունն իրականացվել է Աննա Հակոբյանի «Այլեւս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման շրջանակում եւ նրա գլխավորությամբ։ Ներկայացվող բոլոր ցուցանմուշները տարբեր ժամանակներում ընտանեկան բռնության դեմ իրականացված իրական նախաձեռնությունների մաս են կազմել։ Դրանք պատմություններ են Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Իտալիայից, Չիլիից, Ֆինլանդիայից եւ աշխարհի այլ երկրներից: Մեկ պատկերասրահում տեղի է ունենում նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի քաղաքական, ավելի ճիշտ՝ նիկոլական գրքի շնորհանդեսը, մեկ Աննա Հակոբյանի շարժման փիառին միտված հատուկ ցուցադրություն։ Տպավորություն է, որ Ազգային պատկերասրահը դարձել է ՔՊ գրասենյակի ճեմասրահը, որը ժամանակ առ ժամանակ ծառայում է որպես կուսակցական հանդիսությունների վայր։
Ի դեպ, Աննա Հակոբյանի շարժման մասին․ «Իրավունք»-ն անդրադարձել էր, որ ԵՊՀ գիտական քարտուղար ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ , բան ու գործը թողած, Աննա Հակոբյանի հետ մայր բուհում կազմակերպել էր ընդդեմ ընտանեկան բռնության թեմայով հանդիպում։ Պարզվում է՝ ԵՊՀ գլխավոր քարտուղարը ոչ միայն բուհում, այլեւ բուհից դուրս զբաղված է Աննա Հակոբյանի շարժման քարոզչությամբ։ Վերջերս նա լուսանկար էր հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհու հետ Տավուշում են։ Հետաքրքիր է՝ մի՞թե տիկին Հովհաննիսյանն այլեւս հույս չունի գիտությամբ առաջ գնալ եւ հիմա բռնության թեմայի մեջ խորանալով՝ փորձում է նոր հորիզոններ գրավել։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
