Նիկոլը հագնում է Ալիեւի կոստյումը․ Պողոսյան
ՆերքաղաքականՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ տեղ գտած «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը» արտահայտությունը վրդովմունք է առաջացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը: Արձագանքը երկար սպասեցնել չտվեց։
«Կցանկանայինք չհավատալ, որ մի մարզի ղեկավարը, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմակայանը եւ ռուս սահմանապահները, կարող է ընդունելի համարել այնպիսի հրապարակային հայտարարություններ անելը, որոնք կարող են ռուսաստանցիների նկատմամբ էթնիկ թշնամանք հրահրել։ Սա արմատապես կհակասեր մեր երկու երկրների ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության ոգուն»,- ասված է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։ Ըստ դեսպանատան հայտարարության՝ «Իվանների» մասին հիշատակումն ակամայից հիշեցնում է գերմանացի նացիստների կողմից Հայրենական մեծ պատերազմի տարիներին օգտագործվող բառապաշարը։
Վերոնշյալին անդրադառնալով՝ «Իրավունք»-ը զրուցել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, գյումրեցի իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։
— Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 17-ին հրապարակված գրառման մեջ տեղ գտած արտահայտությունը դատապարտել է ՌԴ դեսպանատունը: Ի՞նչ եք կարծում՝ այս ամենին առնվազն չպե՞տք է հաջորդեր մարզպետի հրաժարականը կամ գոնե ԱԳՄԱ նախարարության մակարդակով ներողություն։
— Նախ չմոռանանք, որ Դավիթ Առուշանյանի, այսպես ասած, կուսակցական ընկերները հայ ժողովրդին էլ անվանեցին «պողոսներ»՝ նույն արհամարհանքով ու հեգնանքով: Զարմանալի չէ, որ Շիրակում մարզպետ կարգվածը կարող էր մեր բարեկամ ռուսներին «Իվաններ» անվանել։ Ճիշտն ասած, ես ավելի շատ ոչ թե զարմացած եմ, որ նա կարող է իրեն անդաստիարակ եւ անգետ ձեւով դրսեւորել, այլ՝ որ ռուսական դեսպանատունը արձագանքել է։ Ո՞ւմ են արձագանքել, ինչու իրենք չգիտե՞ն, ովքեր են այս մարդիկ, ինչպես են հայտնվել պաշտոնական աթոռներին եւ առհասարակ՝ ինչի են իրենք ունակ:
Այնպես որ, ինձ համար այս մասով շատ տարակուսելի էր հենց ռուսական դեսպանատան հայտարարությունը, որովհետեւ Դավիթ Առուշանյանի տերերն են հակառուսական արտահայտություններ անում: Երեւի, ինչ-որ մեկը գրել-տվել էր, ինքն էլ, ուղղակի, տեղադրել էր իր սոցիալական էջում։ Նրան անձամբ ճանաչելով, չեմ կարծում, որ սա իր անձնական մտքերն են եղել։ Այստեղ մենք ուղղակի պետք է ուշադրություն դարձնենք այլ բանի վրա: Տեսեք, Շիրակի մարզը, որը նաեւ հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշներից է՝ հենց այդ մարզում է, որ Նիկոլենք փորձում են իրենց ինչ-որ պաշտոնյաների միջոցով հայ-ռուսական հարաբերությունների միջեւ սեպ խրել։
Այս մասով դա օրինաչափ է, եւ այստեղ, կարծում եմ՝ հենց հայ հասարակությունը որոշակի մտածելու բան ունի, որովհետեւ ժողովրդավարական հռչակված երկրում չպետք է լինի որեւէ պետական պաշտոնյա, որը հեգնանքով կխոսի մեր որեւէ բարեկամ երկրի մասին։ Նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ինքը թուրք բառից չի վիրավորվում, որ իրեն կարող են անընդհատ ասել՝ թուրք: Հիմա այսօր իրենք թիրախավորում են ռուսներին, բնականաբար, հիշելով այն հանգամանքը, որ ռուսներին սովորաբար մեր տարածաշրջանում չեն սիրում եւ թիրախավորում են թուրքերը: Հետեւաբար, հայկական իշխանությունների կողմից թիրախավորումը կրկին շատ օրինաչափ է։
— Ինչ եք կարծում՝ այս ամենը միտումնավոր ուղղվում է ռուսական ռազմաբազայի դե՞մ։
— Այո, այս մարդկանց խնդիրը առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների խաթարումն է: Կրկին հիշենք ամերիկյան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան: Ինչպես նաեւ մամուլում տպագրված են եղել հինգ կետ, որի համար Նիկոլ Փաշինյանին բերել էին իշխանության, եւ նա տվյալ կետերից մի քանիսը կատարեց, այդ թվում հանձնեց, նվիրեց Արցախն ամբողջովին՝ Հայաստանը բերել եւ կանգնեցնելով պետականության լուրջ կորստի խնդրի առաջ:
Հաջորդ քայլերից մեկը նաեւ պետք է լիներ հայ-ռուսական հարաբերությունների խաթարումը, ռուսական ռազմաբազայի հեռացումը, որովհետեւ տարածաշրջանը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, պետք է դառնա զուտ խաչմերուկ կամ, այսպես ասած, միջանցք թուրքական աշխարհի համար:
— Պարոն Պողոսյան, իսկ օրեր առաջ Ձեր մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կորակեք:
— Շիրակի մարզում Արթիկ եւ Ախուրյան խոշորացված համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները եթե փորձենք գնահատել, ապա կտեսնենք հերթական, ցայտուն արտացոլվող բռնապետական ընտրությունները: Չի կարող ժողովրդավարական երկրում համայնքի թեկնածու լինել ընդամենը մեկ անձ՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Օրինակ, ինչպես եղավ Արթիկի խոշորացված համայնքում: Այնտեղ մասնակցեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր թեկնածուով: Սա շատ նման է, օրինակ, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի, ժողովրդավարությունից շատ հեռու գտնվող Ադրբեջանի քաղաքականությանը:
Փաստացի, այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանը փորձում է նմանակել Իլհամ Ալիեւին՝ իր «ավագ եղբորը»։ Եթե նայում ենք Արթիկում ինչ եղավ, ապա տեսնում ենք, որ ռեալ ընդդիմադիր քաղաքական, այսպես ասած, դեմքեր, ուժեր, որպես այդպիսին չկային: Բայց նույնիսկ այդ պայմաններում ընդամենը ընտրություններից ժամեր առաջ արդեն սկսեցին մարդկանց բերման ենթարկել, ձերբակալել եւ նմանատիպ գործողություններ անել: Այսինքն, այն, ինչ տեղի ունեցավ ամբողջ Հայաստանի տարածքում: Եթե մենք փորձենք հոկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետությունում իրականացված ՏԻՄ ընտրությունները գնահատել, ապա կստանանք պատկեր, որ սրանք ընտրություններ էին, որոնք, ամենայն հավանականությամբ, տեխնոլոգիական առումով վերցված էին Ադրբեջանից եւ նմանակում էին այն։
Սրանով, երեւի թե, Փաշինյանը փորձում է արդեն պատրաստվել հաջորդ ընտրություններին՝ այն դարձնելով ամբողջովին ադրբեջանական ընտրությունների մակարդակի, որը երբեք չի եղել Հայաստանում՝ սկսած 1991 թվականից։ Անշուշտ, եղել են խնդիրներով ընտրություններ, եղել են որոշակի խախտումներ, բայց երբեք այդ խախտումները նման չեն եղել ադրբեջանական ընտրություններին եւ առհասարակ Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին։
Այսօր Փաշինյանը, երեւի թե, սկսել է հագնել Իլհամ Ալիեւի հնացած կոստյումները։ Ստացվում է, որ սրանք ընտրություններ չէր: Սա, ուղղակի, իրենք իրենցով քաղաքում ընտրություններ կազմակերպեցին: Բայց նույնիսկ այդ իրավիճակում էլ շատ հստակ երեւաց իշխանության բռնությունների սիրահար լինելու հանգամանքը, քանի որ ժամեր առաջ արդեն այնտեղ էլ սկսեցին որոշակի ձերբակալություններ, ճնշումներ իրագործել: Սա, ադրբեջանական ընտրություններ էին։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
