Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան Ի զարմանս մեզ` շատ անհասկանալի եւ անընդունելի պատասխան հնչեցրեց Նարեկ Կարապետյանը․ Մետաքսե Հակոբյան Բոնուսի սեփականատիրոջ ինքնասպանության գործի շրջանակներում «Սպայկայի» ղեկավարին և գործարար Նարեկ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստան»-ի համախմբման թեման ԱԺԲ-ի համար հասունացած չէ Հայտնի է՝ ինչ որոշում է կայացվել Ռոնալդուի վերաբերյալ Պորտուգալիայի հավաքականում Վարդան Մինասյանը նոր ակումբ է գլխավորել Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը 10 օրով արձակուրդում կլինի Մահացել է Մհեր Արմենիայի հայրը

Ի զարմանս մեզ` շատ անհասկանալի եւ անընդունելի պատասխան հնչեցրեց Նարեկ Կարապետյանը․ Մետաքսե Հակոբյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Արցախի վերջին գումարման խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ ԱՅՑՍ ՇԱՏ ԲԱՆ ՓՈԽԵՑ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԻՄ ՀԵՏԱԳԱ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ»

— Վերջերս Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցան Պետդումայի ընտրություններ եւ Դուք՝ դիտորդական առաքելություն եք իրականացրել։ Ո՞ւմ կողմից եք ստացել հրավերը եւ ինչպիսի՞ ընդունելության եք արժանացել՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ։

— Որքանով տեղյակ եմ, այս հարցի վերաբերյալ տեղեկությունները բավականաչափ հրապարակային չէին։ Հայաստանից պաշտոնական դիտորդական առաքելություն, որքանով ինձ հայտնի է, չկար: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական դիվանագիտական մակարդակով ներկայացված չէր։ Իմ ունեցած տեղեկություններով՝ հրավիրվել էին առանձին անհատներ, որոնց թվում նաեւ ես էի։

Հրավերն անձամբ ստացել եմ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի անունից։ Ընդունել եմ հրավերը եւ մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու դիտորդական առաքելությանը։ Այցիս ընթացքում եղել եմ նաեւ Հարավային Օսիայում, ինչը թե՛ հուզական առումով, թե՛ Արցախի հարցի շուրջ իմ հետագա պատկերացումների տեսանկյունից, շատ բան փոխեց ինձ համար։ Այն նաեւ հնարավորություն տվեց վերջին ութ տարիների իրադարձություններին նայել այլ տեսանկյունից եւ վերլուծության արդյունքում եւս մեկ անգամ ամրագրել իմ համոզմունքը, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի իշխանությունների քայլերի անմիջական հետեւանքն էր։ Եթե համեմատենք Հարավային Օսիայի եւ Արցախի Հանրապետությունների իրավիճակները, որոնք որոշ առումներով համադրելի են, ապա կարելի է մի շարք եզրահանգումներ անել։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ընտրություններին, ապա նշեմ, որ դիտորդական առաքելության հրավեր ստացած հայերը շատ սակավաթիվ էին։ Կարծում եմ՝ սա եւս որոշակիորեն արտացոլում է մեր երկրի եւ բարեկամ Ռուսաստանի միջեւ ներկայումս առկա քաղաքական հարաբերությունները, որոնք, իմ գնահատմամբ, պայմանավորված են Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությամբ։ Շատ կցանկանամ նշել, որ երբ այնտեղ իմանում էին, որ ես Հայաստանից եմ եւ անմիջապես հավելում էի, որ՝ արցախցի, չեք պատկերացնում թե ինչ ջերմ ընդունելության էի հանդիպում: Ապշելու աստիճան: Կարող եմ վստահ ասել, որ այնտեղ գտնված տարբեր ազգերի ներկայացուցիչներ մեծ ու խորը վերաբերմունք ունեն հայերի ու Արցախի խնդրի վերաբերյալ:

«ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԱՄՔ ՉԴՐՍԵՎՈՐԵՑ»

— Տիկին Հակոբյան, ի դեպ, պետք է ընտրվեր Արցախի Ազգային ժողովի նախագահ: Ինչո՞ւ դեռ չի ընտրվել:

— Ամբողջ խնդիրն այն է, որ Արցախի Ազգային ժողովի վերջինը նախագահի հրաժարականից հետո, որը տեղի ունեցավ հունիս ամսին, գործընթացները տարբեր ուղղություններով զարգացումներ ունեցան։ Եվ, ցավոք սրտի, այդ զարգացումները հօգուտ մեզ չեղան՝ այն պարզ պատճառով, որ Ազգային ժողովի մեծամասնությունն այդպես էլ կամք չդրսեւորեց՝ նախաձեռնողականություն ունենալու այդ հարցում:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ը խմբակցությունը պետք է առաջադրեր թեկնածու, որի շուրջ կլինեին քննարկումներ։ Կամ պետք է հայտարարեր, որ չունի թեկնածու, որից հետո էստաֆետը կանցներ հաջորդ խմբակցությանը: Նույն քայլը նա կաներ եւ, ի վերջո, մենք կհասկանայինք՝ կա՞ խմբակցություն, որ ունի պատրաստակամություն: Կար նաեւ եւս մեկ պայման, որ այդ թեկնածուն պիտի ունենար քաղաքական մեծամասնություն իր թիկունքին եւ կարողանար ներկայացնել նաեւ ծրագիր, որով պիտի շարժվեր խորհրդարանը: Հունիսից մենք անընդհատ նման քննարկումների մեջ լինելով, հաջողություն չգրանցեցինք։

«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ»

— ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ի պատասխան լրագրողի հնչեցրած հարցին՝ արդյոք Արցախի պետական ինստիտուտների աշխատանքներն արդյունավետ կլինի եւ նրանց աշխատանքի կարիքը կա, թե՝ ոչ, հստակ պատասխան չտվեց, որից հետո ասաց, որ իրենք համագործակցում են տարբեր ՀԿ-ների հետ, այդպես էլ չկարեւորելով Արցախի Ազգային Ժողովի լինելիությունը: Ի՞նչ կասեք այս մասին։

— Այո, եթե չեմ սխալվում դա եղել է մեկ կամ երկու ամիս առաջ: Ի զարմանս մեզ շատ անհասկանալի եւ անընդունելի պատասխան հնչեց իրականում: Նա ասաց, որ տարբեր ոլորտներում կա համագործակցություն ՀԿ-ների եւ սոցիալական ուղղություններ ունեցող կազմակերպությունների հետ: Անկեղծ ասած, դա ընդդիմադիր, այն էլ խորհրդարանական ընդդիմադիր ուժի կողմից արված անթույլատրելի հայտարարություն էր, որովհետեւ, դա, կարծես, հենց ամենացանկալի պատասխանն էր, որ այսօրվա իշխանությունները կուզենային լսել:

Ես չեմ կարող ասել, արդյոք այդ պահին ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչը մտածել է զուտ ներքաղաքական ինչ-որ պրոցեսների մասին, որովհետեւ գուցե տեղյակ չէր արտաքին քաղաքական պրոցեսներից: Տարբեր երկրների պառլամենտականների հետ իմ անձնական հանդիպումների ընթացքում արձանագրվել է շատ հստակ ձեւով, որ շատ կարեւոր է Արցախի պետական ինստիտուտների, մասնավորապես՝ Ազգային ժողովի պահպանումն՝ այն առումով, որ արտաքին քաղաքականության մեջ հայրենիքի նկատմամբ իրավունքների վերականգնման հարցում որեւէ հաջողություն, որեւէ իշխանություն չի կարողանալու ունենալ նույնիսկ ապագայում, եթե դա ներկայացնողը չլինեն այդ երկրի ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ մարմնի ներկայացուցիչները։ Սա արձանագրված հստակ փաստ է արտաքին միջավայրում, եւ սրանից հրաժարվելը կստացվի նույն օրակարգը, ինչն այսօր իշխանություններն են անում: Այդ միջազգային դերակատարներից բոլորը փաստում են թե՛ դժվարությունները, թե՛ ինչ-որ տեղ լռությունը պայմանավորված է զուտ Հայաստանում ոչ ազգային իշխանությունների առկայությամբ:

Այս իշխանությունների փոփոխությունը եւ ազգային իշխանությունների առկայության պարագայում օրակարգը հստակ շրջադարձ է ունենալու եւ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը հստակ, գործնական է լինելու: Իսկ առայժմ գոնե պետք է կարողանալ պահել միջազգային հարթակներում արցախցիների իրավունքների հարցը եւ թույլ չտալ դրա փակումը։ Այսինքն՝ սա կա՛մ չգիտեին, կա՛մ անհասկանալի է, թե ի՞նչ պատճառով էր նման հայտարարություն արվում, որը բացարձակ լավ չի ընդունվել։ Համագործակցության առումով ասեմ, որ միանշանակ բոլորի հետ կա շփում: Բնականաբար, բացի այս իշխանություններից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ