«Ուժեղ Հայաստան»-ի համախմբման թեման ԱԺԲ-ի համար հասունացած չէ
Ներքաղաքական«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է համախմբվել ընդդիմադիր ուժերի հետ, բայց այս անգամ ընտրելու է ճիշտ ուժերի, ովքեր իրոք ընդդիմադիր են։
Հարցի շուրջ «Իրավունք»-ը խոսել եւ շարունակում է խոսել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ուժերի հետ՝ հետաքրքրվելով, թե, ըստ իրենց, ո՞րն է ճիշտ եւ սխալ ընդդիմություն, եւ ովքե՞ր են ստացել համախմբման առաջարկ:
Այս անգամ փորձեցինք պարզել «Ազգային ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունյան նախագահ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ տեսակետը։ Սակայն մեր զանգերին պաասխանեց Սեֆիլյանի օգնական Արմեն Լուսինյանը:
Մանրակրկիտ ներկայացնելով, թե ինչ հարցի շուրջ ենք ցանկանում խոսել կուսակցության նախագահի հետ՝ Լուսինյանը խոստացավ ուսումնասիրել թեման, ապա նոր պատասխանել։ Նա նաեւ խնդրեց, որ ներկայացնենք մյուս կուսակցությունների եւ քաղաքական ուժերի պատասխանները: Իսկ քիչ անց, գրավոր կերպով Լուսինյանը տեղեկացրեց հետեւյալը․ «Ձեր առաջարկն այս պահին` այս թեմայով հասունացած չի համարվում։ Շնորհակալություն հրավերի համար»:
Թե ինչը դեռ հասունանալու կարիք ունի՝ հարցի պատասխա՞նը, թե՞ համախմբման գաղափարը, այդպես էլ անհասկանալի մնաց: Մնացած դատողությունները թողնում ենք ընթերցողին։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
