Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է
ՄշակութայինՆոյեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության 21-րդ համագումարը, որի ժամանակ էլ կկայանա միության նոր նախագահի ընտրությունը։ Թեկնածուները երեքն են՝ գեղանկարիչ Արա Շահումյան, Հայաատանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյան, արվեստաբան Գայանե Իգիթյան։ Ի դեպ, ըստ մի շարք նկարիչների, եզակի դեպք է Նկարիչների միության պատմության ընթացքում, որ ՀՆՄ նախագահի հավակնորտ լինի կին թեքնածու։
Ուշագրավ է այն, որ Նկարիչների միության 2018-ին ընտրված, ապա 2022 թվականին վերընտրված եւ դեռ գործող նախագահ Սուրեն Սաֆարյանն այս ընտրություններին չի առաջադրել իր թեկնածությունը։
«Սուրենի կողմից իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը լավագոյն ապացույցն է այն բանի, որ մեր միությունը վաղուց արդեն դարձել է ստեղծագործական առողջ միջավայր: Տղերքն այս տարիներին լծված են եղել ավանդույթ ունեցող այս կառոյցը նոր մակարդակի բարձրացնելու ծանր գործին», - այսպես է Սաֆարյանի չառաջադվելուն արձագանքել Հայաստանի նկարիչների միութեան վարչութեան անդամ Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Ինչ վերաբերում է առաջադրված թեկնածուներին, արդեն իսկ կարելի է ասել, որ թեժ, բայց արժանապատիվ պայքար է սպասվում, որովհետեւ թեկնածուներից յուրաքանչյուրի ազգանունն առանցքային դերակատարություն ունի հայ նկարչության պատմության մեջ։ Կարճ ասած՝ պաշտոնի մեռած պատահական անցորդներ թեկնածուների շարքերում չկան, որովհետեւ նրանցից ամեն մեկի համար հաստատ իր ազգանունն անբիծ պահելը շատ ավելին է, քան չորս տարով ստանձնած նախագահությունը։ Այսպիսով՝ ով ում բարեկամն է եւ ինչպիսի նախընտրական ծրագիր ունի ներկայացնենք ավելի մանրամասն։
Թեկնածուներից Արա Շահումյանը ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի որդին է։ Նրա նախընտրական ծրագիրը բաղկացած է հինգ կետից․ սոցիալական եւ իրավական պաշտպանվածություն, իրավական, վարչական եւ կազմակերպչական բարեփոխումներ, տնտեսական եւ թվային արդիականացում, միջազգային համագործակցություն եւ ընդլայնում, միության նախաձեռնած գործընթացների թափանցիկություն եւ տեղեկատվության հասանելիություն։
Մյուս թեկնածուի՝ Լեւոն Աբրահամյանի հայրը նկարիչ Գագիկ Աբրահամյանն է։ Լեւոնը նաեւ հայ խորհրդային դերասան Խաչատուր Աբրահամյանի թոռն է եւ նկարիչ Դավիթ Աբրահամյանի եղբորորդին։ Ըստ նրա, իր առաջադրումը ոչ միայն պատասխանատվություն է, այլեւ հնարավորություն՝ շարունակելու կատարված աշխատանքը։ Աբրահամյանը խոստանում է, որ նախագահ ընտրվելու դեպքում, առաջիկա տարիներին իր առաջնահերթությունը կլինի շարունակել Միության ընթացիկ աշխատանքները, զարգացնել արդեն իսկ իրականացվող ծրագրերը եւ ընդլայնել գործունեության շրջանակները։
Իսկ երրորդ թեկնածուն՝ Գայանե Իգիթյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի դուստրն է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանի զարմուհին, ինչպես նաեւ կինոռեժիսոր, սցենարիստ եւ օպերատոր Արտակ Օհանյանի կինը։ Նրա նախընտրական ծրագիրը կառուցված է մեկ պարզ սկզբունքի շուրջ. Միությունը պետք է լինի այն վայրը, որտեղ յուրաքանչյուր նկարիչ հնարավորություն ունի ցուցադրվելու, վաճառելու եւ պաշտպանված լինելու։
Հատկանշական է, որ երեք թեկնածուներն էլ գոնե մինչ առ այս պահը ողջունելի են նկարիչների համար։ Նրանցից շատերն աջակցության խոսքեր են հղում սոցցանցերում, իսկ քչերը բարձրաձայնում խնդիրների մասին․ օրինակ, թե արդյոք վերանայվելու են Նկարիչների միության անդամ հանդիսացող նկարիչների համար ցուցասրահների վարձավճարները։ Կամ՝ ինչու 1992 թվականից սկսած՝ Հայաստանի նկարիչների միության անդամակցությունը չի համարվում աշխատանքային ստաժ, չէ՞ որ ստեղծագործելը եւս աշխատանք է։ Բայց այս ամենից անդին, ինչպես մեզ, այնպես էլ մեր ընթերցողների համար թերեւս ավելի կարեւոր է այն, թե վերոնշյալ երեք թեկնածուներն ի՞նչ աշխարհահայացք ունեն, ինչպիսի մոտեցում ունեն, օրինակ Եկեղեցու դեմ իրականացվող տարաբնույթ ոտնձգությունների վերաբերյալ, Արցախը համարո՞ւմ են հանձնված հայրենի հող, թե՞ Ադրբեջանի մաս, Հայաստանի ապագան աշխարհաքաղաքական ո՞ր վեկտորի հետ են տեսնում կամ գեղագիտական ի՞նչ ապրումներ են ունենում, երբ 44 օրյա պատերազմի տարելիցին Հանրային հեռուստատեսությունը ցուցադրում է Թաթա Սիմոնյանի մենահամերգը։
Ի վերջո, ստեղծագործական միության նախագահը չի կարող իներտ երեւույթ լինել մեր իրականության մեջ։ Նա առաջին հերթին մտավորականության ներկայացուցիչ է, մշակութային էլիտայի առանցքային դեմք, որը չպետք է անտարբեր լինի երկրում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ, իսկ նկարիչն ու արվեստաբանը չեն կարող թաքնվել վրձինի հետեւում։ Մշակութային հանրությունն իրավունք ունի իմանալու՝ առաջիկա չորս տարիներին ինչպիսի գաղափարի ու ճաշակի տեր անձ է ղեկավարելու այն ստեղծագործական միությունը, որի պատմությունը կերտել են հայ արվեստի լեգենդար դեմքերը, այդ թվում՝ վերոնշյալ թեկնածուների հայրերը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
