Նոր պատերազմ իրանում կարող էր, բայց չսկսվեց Ուկրաինական բանակցային թեման սկսեց կտրուկ ակտիվանալ եզրագիծ Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլն ադրբեջանցի զինծառայող Մուսաևին մի որոշ ժամանակ հետո կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին

Նոր պատերազմ իրանում կարող էր, բայց չսկսվեց

Միջազգային

Իհարկե, երբ խոսվում է նոր «Պոտսդամի կոնֆերանսի», այն է՝ գլոբալ կառավարման եւ ազդեցության ոլորտների վերաբաժանման մասին, ապա Ուկրաինայից զատ, առանցքային թեմա է նաեւ Մերձավոր Արեւելքում ազդեցության գոտիների վերաբաժանման հարցը: Այն է՝ ի՞նչ հետագա ընթացք է ունենալու իրանական հակամարտությունը:

Ի դեպ, անցած գիշեր այն տպավորությունը ստեղծվեց, որ Իրանում նոր պատերազմը ոչ թե անխուսափելի է, այլ արդեն սկսվում է: Ամեն դեպքում, իրադարձությունների զարգացումը հիշեցնում էր պատերազմի մեկնարկային փուլ: Ավելի վաղ, սկսվել էր արաբական երկրներից ամերիկյան դիվանագետների տարհանումը, որին էլ հաջորդեց Իրանի կողմից հիմնական թիրախներ հանդիսացող օդանավակայաններից ավիացիայի տարհանումը: Այնուհետեւ օդ բարձրացավ իսրայելյան ավիացիան՝ շարժվելով Իրանի ուղղությամբ: Որոշ աղբյուրներ անգամ հայտնեցին իրանական մեկ-երկու արձակող կայանքների ուղղությամբ ամերիկյան հարվածների մասին: Զուգահեռաբար լիակատար պատրաստվածության վիճակի մեջ էին նաեւ իրանական ուժերը:

Վերջին պահին, երբ կար տպավորություն, որ հարվածներն ուր որ է կսկսվեն, ամերիկյան կողմից եղավ հայտարարություն, որ ընթանում է վարժական սցենար, եւ որ ԱՄՆ-ն ո´չ սպասվող ընտրություններից առաջ եւ ո´չ էլ հետո նոր պատերազմի ծրագրեր չունի: Այդպես է, թե՝ ոչ, դժվար է ասել: Փաստն այն է, որ չնայած շատ մեծ աղմուկին, ռազմական գործողություններ այս պահին չկան:

Թե ինչ կատարվեց, կան տարբեր մեկնաբանություններ: Նախ, որ դա Նեթանյահուի քայլն էր՝ փորձում էր Թրամփի «գլխից թռնելով» նոր պատերազմ սկսել՝ դրանում ներքաշելով ԱՄՆ-ին: Սակայն որոշ աղբյուրներ հաստատում են, որ Վաշինգտոնից ստացել է նախազգուշացում. եթե սկսի հարվածներ հասցնել, ԱՄՆ-ն չի միջամտի, եւ Իսրայելը միայնակ կմնա Իրանի դեմ: Ու դա էլ կանխել է նոր պատերազմը:

Այլ վարկածով, սա Թեհրանի ուղղությամբ լուրջ ճնշում էր: Այսպես, վերջին օրերին, այդ թվում՝ Լավրովի Իրան կատարած այցի շրջանակներում, ի հայտ եկավ այն մասնագիտական գնահատումը, որ Մոսկվայի միջնորդությամբ ընթանում է ընդհանուր հաշտեցման նոր փուլ, որի ժամանակ կփորձեն հավասարակշռել մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ Իսրայելի եւ ԱՄՆ-ի շահերը: Եվ այդ փաթեթի հիմնական դրույթներից մեկն էլ Իրանից հարստացված ուրանի դուրսբերումն է, բայց ոչ թե ԱՄՆ, այլ՝ Ռուսաստան՝ Իրանի նկատմամբ ռուսական միջուկային երաշխիքների դիմաց: Եվ այն բուռն ռեակցիան, որով հանդես եկավ իրանական ազգային թեւը, իր հերթին եկավ հուշելու նման պայմանի առկայության մասին: Նախ, փորձագիտական մակարդակով սկսվեցին խոսակցություններ, թե Իրանից ուրանը ոչ մի դեպքում չի կարելի հանել: Ավելին, հաջորդեց Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, հեղինակավոր գեներալ Ռեզաիի հայտարարությունը. «Իրանից հարստացված միջուկային նյութի ոչ մի գրամ չի արտահանվի։ Մինչև Միացյալ Նահանգները քայլեր չձեռնարկի վստահությունը վերականգնելու համար, բանակցություններ չեն լինի»:

Ահա այս ֆոնին, կայացավ հանդիպում իրանական ռեֆորմիստական բանակցությունների կողմնակից թեւը ներկայացնող, խորհրդարանի խոսնակ խոսնակ Ղալիբաֆի և Իսլամական հեղափոխության առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեի հետ: Խամենեին պաշտոնը ստանձնելուց հետո այդպես էլ Ղալիբաֆին չէր ընդունել, ինչն անվստահության հստակ ազդակ էր համարվում: Եվ հիմա, երբ վերջապես որոշեց ընդունել, նշանակում է, որ Գերագույն առաջնորդը Ռեզաիի միջոցով կարծր դիրքորոշում հրամցնելով, այնուամենայնիվ, տեսնում է նաեւ կոմպրոմիսի անհրաժեշտությունը: Դա բնական է. իրանական ազգայնական թեւը թեեւ հայտարարում է մինչեւ վերջ պատերազմելու պատրաստակամության մասին, եւ իրականում դա այդպես է, սակայն միաժամանակ հասկանում են, որ երկրի ներկայիս քայքայված վիճակում պետք է ամեն հնարավորն անել նոր պատերազմից խուսափելու համար:

Թե ինչքանով է նպաստել Խամենեիի կողմից Ղալիբաֆին ընդունելն այդ կոմպրոմիսին, դեռ դժվար է ասել: Բայց այն, որ իսրայելա-ամերիկյան ավիացիան օդ բարձրացավ հենց իրանական այս ներքին քննարկումների ֆոնին, այսինքն, Թեհրանին ավելորդ անգամ ի ցույց դրվեց, որ նոր պատերազմ, ամեն դեպքում, ցանկացած պահի հնարավոր է, կարող էր ընկալվել որպես նպաստավոր գործոն՝ Իրանի Գերագույն առաջնորդին կոմպրոմիսի օգտին տրամադրելու հարցում:

Ահա այս ֆոնին, Իրանին ուղղված աջակցության մի շարք հայտարարություններ լսվեցին Մոսկվայից: Այդ թվում, վարչապետ Միշուստինից եւ նախագահ Պուտինից: Ընդ որում` նկատենք. Թրամփի ներկայացուցիչ Ուիտկոֆին ընդունելուց անմիջապես հետո Պուտինը նաեւ հանդիպեց Չինաստանի վարչապետ Լի Ցզյանի հետ: Սա մի կողմից, հերթական մեսիջն է ՌԴ-ԱՄՆ-Չինաստան կոմպլեքս քննարկումների սխեմայի օգտին: Մյուս կողմից, երբ Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցչի հետ հանդիպման շրջանակներում ՌԴ նախագահն աջակցության խոսքեր է հղում Իրանին, ապա դա ավելի նման է Մոսկվայի եւ Պեկինի կողմից Թեհրանին ուղղված հրապարակայնացված երաշխիքների մասին, թե ամեն դեպքում քեզ հետ ենք, բայց առանց կոմպրոմիսների լուծումներ հազիվ թե լինեն:

Մի խոսքով, նման է, որ Իրանի շուրջ եւս զարգանում է բավականին ակտիվ գործընթաց, որով փորձում են հասնել շահերի հավասարակշռության: Թեհրանը, հասկանալի է, մեծ զգուշավորություն ունի. ի վերջո, երկրի ապագայի հանդեպ պատասխանատվությունը հսկայական է: Բայց նաեւ տեսանելի են լուծումներ, եւ սպասենք հետագա զարգացումներին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ