Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլը Մուսաևին կարտահանձնի Ադրբեջանին
ՀրապարակախոսությունՓաստացի ստանձնելով հայ կնոջ վրա ինքնաձիգից կրակոցներ արձակած թուրք ասկյարի փաստաբանի դերը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը, ըստ էության, չի էլ թաքցնում, որ Ադրբեջանի շահերի ներկայացուցիչն է Հայաստանում: Շատերը կհամաձայնեն, որ Նիկոլի եւ իր ոհմակի (չարախմբի) ներկայիս լկտի պահվածքը հետեւանքն է նաեւ նրանց անպատժելիության:
Տեսեք թե ինչ է ասել Նիկոլը. «Եթե Շաքիում ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչինչ տեղի չէր ունենա»: Բնականաբար, հարց է առաջանում՝ Նիկոլն այդ որտեղի՞ց գիտի, որ բացարձակապես ոչինչ տեղի չէր ունենա.... Այդ ինչի՞ հիման վրա է վերոնշյալ հայտարարությունն արել մեկը, որը Հայաստանի վարչապետի աթոռն է զբաղեցնում: Ի՞նչ է՝ սահմանախախտ զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաեւի հե՞տ է հանդիպել ու վերջի՞նս է իրեն այդ մասին ասել, մամայի արեւով էլ երդվել, թե՞ ավագ եղբայր Ալիեւն է Բաքվից զանգել եւ ասել այդ մասին:
Իսկ եթե լուրջ, հիմա Նիկոլին, իր ոհմակին ու նիկոլազոմբիներին բացատրենք, թե որը որից հետո է: Ուրեմն՝ Մուսաեւը կրակել է Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանի վրա, որը, շեղելով իր անչափահաս երեխաներից մեկի վրա այդ պահին ադրբեջանցի զինծառայողի ուղղած ինքնաձիգի փողը, փրկել է իր երեխաների կյանքը: Մոտ 40-ամյա կինը զավակների պաշտպանության եւ իր ինքնապաշտպանության նպատակով զինված է եղել ընդամենը դանակով, ամենայն հավանականությամբ, սովորական, խոհանոցային:
Իսկ ինչո՞վ պետք է զինված լինեին Նիկոլի ասած ոստիկանները, եթե Անի Ավետիսյանը սպասեր, եւ ադրբեջանցի սահմանախախտ ու զինված զինծառայողին ձերբակալելու նպատակով ոստիկանները մոտենային Մուսաեւին: Հարցի պատասխանը բոլորին պարզ է՝ ինքնաձիգով կամ առնվազն հաշվեցուցակային ատրճանակով: Հիմա հաջորդ հարցը՝ ո՞ր զենքն է ավելի վտանգավոր, ո՞ր զենքից ավելի կվախենար կամ կսարսափեր Մուսաեւը եւ կկրակեր այդ զենքով զինված իրեն մոտեցողի (մոտեցողների) վրա, կամ իր ձերբակալման գործողությունը կանխելու համար կսպառնար կրակել Ավետիսյանի երեխաների վրա: Այս հարցի պատասխանը նույնպես պարզ է՝ ոչ թե սառը զենքը, այլ հրաձգային զենքը: Այսպիսով, Նիկոլի սուտը բացահայտվում է, նրա հայտարարությունը՝ հերքվում:
Ադրբեջանցի զինծառայողը չէր կրակի երեւի միայն այն դեպքում, եթե իսկապես մոլորվելով սահմանը հատած լիներ (այսինքն՝ չունենար այստեղ վրիժառության շարժառիթով ահաբեկչության կամ խափանարարության (դիվերսիայի) նպատակ, ինչը դեռ հարց է), եւ ոստիկաններն էլ իրեն մոտենային բացարձակապես անզեն ու ձեռքերին Ալիեւի պատկերով մի մեծ տորթ, կամ էլ՝ գառան անուշաբույր խաշլամայով մի կաթսա: Բայց ոստիկանությունը, ինչպես գիտեք, տորթ թխելու գծով մասնագիտացած չէ, ոչ էլ գառան խաշլամա պատրաստելու: Նիկոլի ոստիկանները շատ-շատ կարող են «խաշլամայի» վերածել թուրքի լամուկի եւ իր ոհմակի հանցավոր ներկայացուցիչների դեմ սոցիալական ցանցերում եւ այլ կերպ հանդես եկող հայերին:
Վերոշարադրյալից արդեն պարզ է, որ Նիկոլը, թեկուզ անուղղակի կերպով, փորձում է կատարվածի մեղքը բարդել այն կնոջ վրա, որը պաշտպանել է իր զավակներին: Նույնիսկ իրանցի փորձագետը չի դիմացել ու Նիկոլին է ուղղել հետեւյալ խոսքը. «Ուզո՞ւմ ես ներխուժած զինվորին մի հատ էլ համբուրի, «Հակոբյան» կոստյում հագցրու եւ աղոթքներով ուղարկիր Բաքու»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ադրբեջանցի զինծառայողն ինչո՞ւ է հատել Հայաստանի պետական սահմանը եւ հայտնվել մեր երկրում, մոլորվելո՞ւ հետեւանքով, թե որոշակի դիտավորությամբ (ահաբեկչության կամ խափանարարության), ապա իսկապես սխալ է վաղաժամ ու կտրական եզրակացություններ կատարելը, կարող են միայն ենթադրություններ լինել: Այնպես որ, թող որեւէ մեկը չզարմանա կամ չընկնավորվի, եթե Նիկոլի ասածը («Դեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ցանկացե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է») համարենք ճիշտ:
Վերոնշյալ հարցի պատասխանը կարող է տալ միայն անաչառ քննությունը, ինչը, սակայն, դժվար է ակնկալել Ալիեւի «կրտսեր եղբայր» Նիկոլի կամակատար իրավապահներից: Նիկոլն ինչպես պահանջի, այնպես էլ նրանք կեզրակացնեն, եթե նույնիսկ պարզեն, որ Մուսաեւը Հայաստան է մտել ահաբեկչության նպատակով:
Որոշ տվյալների (այդ թվում նաեւ միայն ինքնաձիգով զինված լինելու) հիման վրա կարելի է ենթադրել, որ ադրբեջանցի զինծառայողը խափանարարության նպատակ չի ունեցել, սակայն չի կարելի բացառել, որ անձնական վրիժառության շարժառիթով է մտել Հայաստան (հնարավոր է, որ հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով հայր, պապ կամ մոտ հարազատ կորցրած լինի) եւ ունեցել է ահաբեկչության նպատակ: Կրկնում ենք՝ այս հարցի պատասխանը կարող է տալ միայն անաչառ քննությունը:
Հնարավոր չէ չանդրադառնալ նաեւ Նիկոլի մեկ այլ հայտարարությանը: Նիկոլն իր խոսքն ուղղելով ընդդիմությանը, հարցրել է. «Եթե ասենք՝ գերիներից մեկին տվեք, որ ձեր զինվորին տանք, վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»:
Այս հարցի կապակցությամբ Նիկոլին լավ է շշպռել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Տաթեւիկ Վիրաբյանը՝ իր էջում կատարելով հետեւյալ գրառումը. «Դու ում ասես տալիս ես, երբ ուզում տալիս ես, ինչդ ուզում տալիս ես։ Հիմա էս հարցը տվել ես մեզ ի՞նչ անես», իսկ բուն հարցին շատ դիպուկ պատասխանել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Հայկ Մովսիսյանը. «Կամ քեզ, կամ Աշոտիկին ....Դու ես ասել, Նիկո՛լ»:
Նիկոլն, իհարկե, գիտի, որ եթե վերոնշյալ առաջարկով դիմի Ալիեւին, ապա ստանալու է մերժում եւ արժանանալու է նրա հայհոյանքին կամ առնվազն ծաղրին, հետեւաբար երբեք չի առաջարկելու գերիներից որեւէ մեկի հետ փոխանակում: Մերժելին ու վտանգավորը, սակայն, այս առաջարկից նրա հրաժարվելը չէ, այլ վերջերս «Ազգային ժողով» կոչված եւ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությանն ուղղված նրա սպառնալիքը:
Զգուշացնելով՝ «Աստված չանի (իբր թե ինքը չի ուզում.- Ա. Հ.), եթե մեր մի զինվոր մոլորվեց, էսօրվա հարցադրումների պատճառով էդ զինվորին Ադրբեջանում դարձնելու են Բեն Լադեն», հայտարարելով, թե դիրքեր կան, որոնք իրարից 50 մետր հեռավորության վրա են, Հայաստանի գերագույն գլխավոր սադրիչ Նիկոլը սպառնացել է. «Դուք էսօր սադրիչի դերում եք, հատ-հատ էս օրը հիշեցնելու եմ, ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ»:
Բնականաբար, հարց է առաջանում՝ որտեղի՞ց Նիկոլին այն վստահությունը, որ հայ զինծառայողներից որեւէ մեկն առաջիկայում անպայման հատելու է հայ-ադրբեջանական սահմանը, եւ ինքն ընդդիմությանը «հատ-հատ էս օրը հիշեցնելու», ընդդիմության այդ օրվա պահվածքը նրա «քթից հանելու» հնարավորություն է ունենալու....
Դե, իհարկե, դժվար չէ գլխի ընկնել, թե նրա մտքին ինչ կա: Կարծում ենք, նա ակամա մատնել է իրեն: Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակում, որտեղ բազմաթիվ զինվորների կարող են ու նախկինում հարկադրել են ինքնասպանության, ի՞նչ դժվար է նրանցից որեւէ մեկին հարկադրել, որ հատի սահմանը, մանավանդ, որ, ըստ Նիկոլի, դիրքեր կան, որոնք իրարից 50 մետր հեռավորության վրա են: Հնարավոր չէ՞.... Առավել եւս, որ նրան կարող են վստահեցնել, որ անպայման հետ է վերադառնալու՝ ադրբեջանցի զինծառայող Մուսաեւի հետ փոխանակման միջոցով:
Այնպես որ, բնավ չզարմանաք, եթե այս ամենն առաջիկայում դառնա իրականություն, քանի դեռ հայ ազգը Նիկոլի ոճրագործությունները նրա քթից չի հանել՝ հեռացնելով իշխանությունից։ Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլը հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին, մի որոշ ժամանակ հետո կարտահանձնի Ադրբեջանին:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ