Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ
ՎերլուծությունՀայաստանում սոցիալական արդարության մասին իշխանությունների պատկերացումները երբեմն այնպիսի դրսեւորումներ են ստանում, որ հասարակությանը մնում է միայն դառնությամբ ժպտալ։ Հոկտեմբերի 1-ին աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հանրությանը ներկայացրեց հերթական «բարի լուրը»․ 2027 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը 46 հազար դրամից կդառնա 47 հազար դրամ։ Աշխատանքային կենսաթոշակների հաշվարկում եւս նախատեսվում է փոփոխություն՝ հիմնական ցուցանիշի 500 դրամ բարձրացում։
Եվ այս ամենի կողքին՝ մեկ այլ որոշում, որն արդեն պարզապես թվերի ու բյուջետային հաշվարկների մասին չէ։ Կառավարությունը ցանկանում է նեղացնել թաղման նպաստ ստացողների շրջանակը՝ այդ միջոցներն ուղղելով կենսաթոշակների բարձրացմանը։ Այսինքն՝ պետությունը մի ձեռքով խոստանում է մի փոքր ավելացնել ողջերի ամսական եկամուտը, մյուսով՝ սահմանափակել այն օգնությունը, որը ընտանիքներին տրվում է մահվան պահին առաջացած ծախսերը հոգալու համար։ Ահա այսպիսի սոցիալական քաղաքականության ֆոնին ակամա հարց է ծագում՝ «Անհաղթ հերոս քաջ Արսեն, մահվան փողեր կմարսե՞ս»։
Սա ոչ թե մահվան կամ վշտի հաշվին հեգնանք անելու փորձ է, այլ իշխանության որոշման քաղաքական ու բարոյական պատկերի արտացոլանքը։ Պետական պաշտոնյան կարող է թվերը ներկայացնել ամենագեղեցիկ ձեւով, բայց չի կարող հասարակության աչքից թաքցնել այդ թվերի հետեւում կանգնած մարդկանց իրական կյանքը։
Եկեք հարցը դիտարկենք ոչ թե նախարարական հայտարարությունների դիրքերից, այլ թոշակառուի խոհանոցից։ Ի՞նչ կարող է անել մարդը հազար դրամով այն երկրում, որտեղ ամենօրյա ծախսերը չեն սպասում կառավարության որոշումներին։ Ի՞նչ խնդիր կարող է լուծել այդ գումարը՝ դեղորայքի, կոմունալ վճարների, սննդի ու տրանսպորտի ծախսերի ֆոնին։ Կարո՞ղ է այն ապահովել արժանապատիվ ծերություն, եթե, միեւնույնն է, ամսվա վերջում թոշակառուն էլի կանգնելու է ընտրության առաջ՝ դեղ գնել, թե՝ հաց։
Հազար դրամը բյուջետային աղյուսակում գումար է։ Տարեց մարդու կյանքում այն կարող է լինել մեկ-երկու անհրաժեշտ գնում։ Բայց սոցիալական քաղաքականության հաջողությունը չի չափվում միայն նրանով, թե պետությունն ինչքան գումար է ավելացրել։ Այն չափվում է նրանով, թե այդ գումարն ինչքանով է փոխել մարդու կյանքը։ Եվ այստեղ իշխանության համար ամենաանհարմար հարցը հետեւյալն է՝ արդյո՞ք կենսաթոշակի բարձրացումը համարժեք է կյանքի թանկացմանը։ Այն դեպքում, երբ անգամ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է բողոքում, որ նույն գումարով, ինչով ապրում էր երկու տարի առաջ, այլեւս չի կարողանում ապրել։
«Այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, նույն գնողունակությունը եւ այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու տարի առաջ կամ մի տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կա՛մ չի փակում, կա՛մ ավելի դժվարությամբ է փակում»,- լրագրողների հետ զրույցում գանգատվել էր փոխքաղաքապետը, որի ներկայացրած հայտարարագրի տվյալներով՝ կնոջ հետ միասին միջին ամսական եկամուտը կազմում է ո՛չ ավել, ո՛չ պակաս 3.39 միլիոն դրամ։
ՎՇՏԻ ՊԱՀԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԹՈՂՆԻ ՁԵԶ ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ
Առավել մտահոգիչ է թաղման նպաստի վերանայման հարցը։ Գործող կարգավորմամբ՝ թաղման նպաստը կազմում է 200 հազար դրամ։ Կառավարությունն առաջարկում է 2027 թվականի հունվարի 1-ից այն պահպանել անապահովության համակարգում ընդգրկված համապատասխան խմբերի համար՝ սահմանափակելով մյուս շահառուների շրջանակը։ Նախարարի ներկայացմամբ՝ ազատվող միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը, եւ դրանց կավելացվի եւս 5,5 միլիարդ դրամ։
Իշխանության փաստարկը հասկանալի է․ աջակցությունը պետք է լինի հասցեական, իսկ պետական միջոցները՝ ուղղվեն առավել կարիքավորներին։ Ոչ ոք չի վիճարկում, որ սոցիալական օգնության համակարգը կարող է եւ պետք է վերանայվի, եթե կան դրա արդյունավետությունը բարձրացնելու հիմնավոր պատճառներ։ Սակայն հասցեականությունը չի կարող վերածվել մարդկանց կարիքավոր կամ ոչ կարիքավոր լինելու մասին վարչական պիտակների մեխանիկական կիրառման։
Մարդը կարող է չլինել անապահովության համակարգում հաշվառված, բայց ընտանիքի անդամի մահվան պահին չունենալ անհրաժեշտ գումարը։ Կարող է ունենալ աշխատանք, որոշակի եկամուտ կամ սեփականություն, բայց չունենալ ազատ միջոցներ՝ հուղարկավորության ծախսերը հոգալու համար։ Իսկ վիշտը, ցավոք, չի սպասում, մինչեւ մարդը հավաքի փաստաթղթերը, ապացուցի իր սոցիալական վիճակը եւ տեղավորվի պետական համակարգի սահմանած չափանիշների մեջ։
Մահվան նպաստը սովորական ամսական վճար չէ։ Այն արտակարգ իրավիճակում տրամադրվող օգնություն է, երբ ընտանիքը ոչ միայն կորստի ցավն է ապրում, այլեւ կանգնում է անխուսափելի ծախսերի առաջ։ Հետեւաբար, եթե կառավարությունը ցանկանում է փոխել այդ նպաստի տրամադրման սկզբունքները, պարտավոր է հստակ պատասխանել՝ ի՞նչ է առաջարկում այն մարդկանց, որոնք պաշտոնապես անապահով չեն համարվում, բայց իրականում չեն կարող հոգալ այդ ծախսերը։
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԺԱՄԿԵՏԸ ՍՊԱՌՎԵՑ
Իսկ ի՞նչ է խոստանում մանդատավոր ընդդիմությունը։ Ուղիղ երկու շաբաթ առաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Կարապետյանն ասաց, որ ներկայացնելու են առանց զիջումների խաղաղության՝ իրենց ծրագիրը, ինչպես նաեւ համախմբելու են ճիշտ ընդդիմադիր ուժերի։ Մինչ այժմ հայտնի որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ, որոնցից հնարավորություն ենք ունեցել ճշտելու, համախմբման մասին ո՛չ տեղյակ են, ո՛չ էլ պատկերացնում են, թե ինչի շուրջ կարող են համախմբել Կարապետյանի հետ։ Սա Կարապետյանի հերթական չստացված քաղաքական տրյուկն էր, թե՝ ոչ, սպասենք մինչեւ օրվա ավարտ։ Բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շատ ավելի արագ է գործում՝ քաղաքական օրակարգ բերելով արտահերթ ընտրությունների հարցը։
«Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը եւ կսկսեն հանրային քննարկումները, կուղարկենք խորհրդարան։ Եվ մենք կփորձենք ընդդիմության մեր գործընկերներին համոզել, որ սա շատ կարեւոր եւ սկզբունքային հարց է, սա Հայաստան պետության հարատեւությունը որոշելու եւ լուծելու հարց է։ Կփորձենք համոզել, չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է», - ընդգծել է նա։ Ասվածն ավելի մատչելի բացատրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը․ «Նիկոլը հայտարարեց, որ եթե այս խորհրդարանը հավանություն չտա Սահմանադրությանը, ապա ինքը կգնա նոր ընտրությունների: Այսինքն, ընդդիմադիր պատգամավորներին դրեց ծանր երկընտրանքի առաջ՝ կամ ծախվել իրեն, կամ հրաժեշտ տալ պատգամավորական փափուկ աթոռներին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ